Այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում ՀՀԿ նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը բացահայտեց, թե ով է իր «սրտի վարչապետը»:
Հարցին, թե ինչպես պետք է ստեղծված իրավիճակից ելք գտնել, հանգուցալուծման հասնել՝ Վարդան Այվազյանը պատասխանեց. «Մարդիկ դեռ մտածում են, որ որեւէ մեկը կարող է գնալ իշխանություն կոչեցյալի հետեւի՞ց: Դուք որեւէ անգամ չեք նստի այն մեքենայի ղեկին, որի արգելակները, ղեկը, շարժիչը փչացած են, քարուքանդ եղած ու զառիթափով դու իջնում ես»:
Հարցին՝ կա՞ն մարդիկ, որոնք կարող են երկիրն այս իրավիճակից հանել՝ Վարդան Այվազյանը պատասխանեց. «Ես ունեմ իմ ներսի, համոզմունքի մարդը, որը կարող է սա իրականացնել: Այն տարբերակը, որը կուսակցություններն առաջարկում են՝ ձեւավորել ժամանակավոր կառավարություն, ես կիսում եմ: Էմոցիայի վրա մի անգամ ընտրություններ կատարեցին ու 2018-ի դեկտեմբերին ունեցանք այն, ինչ ունենք: Գահավիժումը կանգնեցնելը կարող է այդ ժամանակավոր համաձայնության կառավարությունը, բայց ես ունեմ իմ հոգու…Համոզված եմ, որ այդ անձնավորությունը, ում մասին կարող եմ ասել, թե իր աշխատանքային փորձով…ծտի լեզվով չխոսեմ, դա Ռոբերտ Քոչարյանն է: Թե՛ մեր ռազմավարական գործընկերը նրա մեջ հստակ տեսնում է այն անձնավորությանը, որը եղել է տարածաշրջանային կայունություն ապահովողը, զարգացնողը, թե՛ իր աշխատած ժամանակահատվածում մենք ունեցել ենք 6 անգամ ավելացված ՀՆԱ, պետական բյուջե ենք ավելացրել 5 անգամ: Հետո մի հասարակ բան՝ 10 տարվա մեջ 900 մլն դոլար պարտք եք վերցրել, արտաքին պարտքը…2 տարվա մեջ 1.6 մլրդ դոլար պարտք են վերցրել: Այն ժամանակվա 900 մլն-ը ունեցել է զարգացում: Երբ որ ինքը կառավարությունը հանձնում էր, այսինքն, որպես ղեկավար դուրս էր գալիս, 3 մլրդ-անոց բյուջե ունեինք, 500 մլն էլ պրոֆիցիտ՝ ավելցուկ գումար: Գիտի չէ՞ այդ մարդը ձեւերը: Ես սիրում եմ փաստերով խոսել, թե չէ ոչ հորս կողմից է բարեկամ, ոչ էլ մորս»:
Ըստ Վարդան Այվազյանի, Ալիեւը Ռոբերտ Քոչարյանից է սարսափած, երբ որ ասում է՝ «գիտես ինչ կա, ես քեզ չեմ հաղթել, այնտեղ եմ հաղթել»:
Կարդացեք նաև
Այվազյանի խոսքով՝ «Ռեալ պետք է նայես, սիրում եմ թե չեմ սիրումով չպետք է նայես, պետք է նայես՝ կարո՞ղ է թե՞ չի կարող: Այսօր գահավիժումը կանգնեցնելու խնդիր է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ