«Անձամբ ես հաղորդում ունեմ ներկայացրած գլխավոր դատախազին: Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Մարտունի 2-ի շրջանում հակառակորդի ԱԹՍ-ն հարվածել է մեր զինվորներին տեղափոխող մեքենային, որում, իմ տեղեկություններով, մոտ 29 հոգի է եղել: Մոտ 23-ին գտել ենք, նրանցից մի քանիսը մահացած են եղել, մնացածը՝ վիրավոր: Մեկ առ մեկ զրուցել եմ բոլորի հետ: 6-ի մասին որեւէ տեղեկություն չկա»,-ՀՀ զինվորական դատախազության դիմաց լրագրողների հետ զրույցում այսօր ասաց փաստաբան Գարիկ Գալիկյանը:
Հիշեցնենք, որ երեսունից ավելի իրավաբաններ այսօր հավաքվել էին զինդատախազության առաջ եւ պահանջում էին հանդիպում զինվորական դատախազ Վահե Հարությունյանի հետ՝ հետպատերազմյան շրջանի մի շարք խնդիրների վերաբերյալ իրավական գնահատականներ լսելու ակնկալիքով:
Գարիկ Գալիկյանն ասաց, որ ինքն այդ հարցի մասին է ուզում տեղեկություններ ստանալ. «Այդ տարածքը հինգ օր եղել է հայկական կողմի տրամաբանության տակ: Որեւէ մեկը բա չփորձե՞ց հաջորդ օրը գնա տեսնի՝ մեքենայում մարմիններ մնացե՞լ են, թե ոչ…Եթե ես սխալ եմ, թող ասեն, որ սխալ եմ, որ քննություն են իրականացրել եւ պարզել, որ այդպես չէ: Զինվոր են տեղափոխել, վեց հոգին չկան, մի՞թե հնարավոր չէր գնալ, փնտրել: Զինվոր կորցնես ու չփնտրե՞ս: Վեց զինվորից երեքի հարազատները եւս դիմել են դատախազություն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ