Երևանի պետական համալսարանը 2019թ. մայիսի 30-ից ղեկավարում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, իսկ ռեկտորի ընտրություններն անընդհատ հետաձգվում են, եւ ըստ շրջանառվող վարկածներից մեկի՝ պատճառն այն է, որ իշխանությունը չունի ռեկտորի թեկնածու:
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» հ/կ-ի ղեկավար Կարեն Հեքիմյանը դատարան էր դիմել մայիսին: «Երկու պահանջ կար` առաջինը բեկանել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այն որոշումը, որով հաստատվում է Գեղամ Գեւորգյանի ընտրվելը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում եւ դադարած համարել Գեղամ Գեւորգյանի լիազորություններն ընտրման օրվանից:
Դատական նիստերը կայացան, որեւէ ներկայություն ԵՊՀ-ն դատական նիստերի ընթացքում չապահովեց: Ոչ մի ներկայացուցիչ չեկավ` ոչ Գեղամ Գեւորգյանի, ոչ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից: Ավելին ասեմ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի վրա դրված էր ապացուցման բեռի պարտականություն, այսինքն` դատարանը ապացուցման բեռ էր բաշխել իմ կողմից ապացուցվող հանգամանքների եւ ԵՊՀ-ի կողմից ապացուցվող հանգամանքների առումով, սակայն որեւէ ապացույց չներկայացվեց:
Ընդհանրապես այդ մարդիկ կամ արհամարհեցին, կամ ասելու բան չունեին, որեւէ նիստին որեւէ արձագանք չեղավ: Բոլոր նիստերին ես գնացել եմ, եղել ենք միայն ես ու դատավոր Հայարփի Զարգարյանը: Կայացավ մոտավորապես 4-5 նիստ»,-Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Կարեն Հեքիմյանը:
Կարդացեք նաև
«Դատաքննությանն ընթացքում իմ մի քանի դատավարական իրավունք խախտվեց դատարանի կողմից: Ես ի սկզբանե ապացույցներ էի ներկայացրել դատարանին, բայց ընթացքում առիթ եղավ, որ ավելի շատ ապացույցներ ներկայացնեմ: Դատարանն, իմ կարծիքով կամայականորեն չընդունեց լրացուցիչ ապացույցներ իմ կողմից: Այսօր ժամը 17-ին վճիռը կլինի: Քաղաքացիական օրենսգրքով, սակայն, վճիռը որպես այդպիսին դատարանում չի հրապարակվում: Վճիռն ինձ հասանելի կլինի թղթային տարբերակով ժամը 17-ին, իսկ «Դատալեքսում» ավելի ուշ կհրապարակվի»,-հավելեց մեր զրուցակիցը:
Կարեն Հեքիմյանն ասում է, որ եթե այս ամենը վերլուծվի դասական իրավաբանության տեսանկյունից, ապա կարելի է արձանագրել, որ եթե մարդ չի ներկայանում դատարան, որեւէ կերպ չի արձագանքում, իր ներկայացուցչին չի ապահովում դատական նիստերին, ապացուցման բեռի բաշխմանը չի մասնակցում, իր օգտին ապացույց չի ներկայացնում, դա ինչ-որ բանի մասին է խոսում. «Կարծում եմ, որ դատական ակտում այդ ամենը պետք է արձագանք ստանա, եւ եթե նախնական խնդիր չի առաջացել դատավորի կողմից, պետք է իմ օգտին լուծվի: Բայց քանի որ ապրում ենք մի երկրում, որտեղ ամեն ինչ շատ անկանխատեսելի է, իրավաբանությունն անկանխատեսելի ձեւաչափով է ընթանում, ամեն ինչ էլ հնարավոր է»:
Կարեն Հեքիմյանը նաեւ հավելեց, որ Գեղամ Գևորգյանի պաշտոնավարումը անօրինական է և վիճարկվում է դատարանում, որովհետեւ նա միաժամանակ «Էվոկա» բանկի խորհրդի նախագահի տեղակալն է. «Հիմնադրամների մասին օրենքով, իսկ ԵՊՀ-ն հիմնադրամ է, Գեղամ Գեւորգյանն իրավունք չունի լինել այլ վճարովի աշխատանքի: Իսկ եթե լինում է, պետք է դրա մասին պետք է տեղյակ պահի Հոգաբարձուների խորհրդին, Հոգաբարձուների խորհուրդը դա իմանալով պետք է քվեարկի: Այնինչ ԵՊՀ-ում նման բան չի եղել: Դատարանն իր նախաձեռնությամբ էր դիմել «Էվոկա» բանկին, որտեղից պատասխան է ստացվել, որ իսկապես այդ մարդը վճարովի հիմունքներով աշխատում է «Էվոկա» բանկում որպես նախագահի տեղակալ, այսինքն` այդ հանգամանքը դատարանում ապացուցված է համարվում»:
Aravot.am-ը մեկնաբանության ակնկալիքով փորձեց կապվել նաեւ պարոն Գեւորգյանի հետ, նա պատասխանեց, որ նիստի է եւ չի կարող խոսել: Պատրաստ ենք ներկայացնել նաեւ նրա տեսակետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լրացում. Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի լիազորությունները դադարեցնելու որոշում է կայացրել: