Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը եւ բոլոր նրանք, որոնք պատասխանատու են այս ամենի համար, նաեւ գլխավոր մեղավորներն են». «Ազգային օրակարգ»

Դեկտեմբեր 17,2020 16:01

«Ազգային օրակարգ» կուսակցությունն այսօր կառավարության շենքի առջեւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույց էր կազմակերպել: Մասնակիցները մեղադրանքներ հնչեցրին. «Կատարել եք պետական դավաճանություն: Հայրենիքի անկմանը մասնակից եք: Տապալել եք պատերազմի կառավարումը: Զինվորի արյան հեղմանը հանցակից եք: Զինվորների գերեվարմանը առայսօր հանցակից եք: Մսխել եք բանակի փողերը: Չկրակող զենքի գնմանը հանցակից եք: Դաշնակցում եք թուրք ոսոխի հետ, թշնամու հետ առեւտրին հանցակից եք»:

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը մեր զրույցում ասաց, որ իրականացնելով այս ցույցը՝ իրենք ասում են հետեւյալը. «Հայաստանի այսօրվա վիճակի համար հանցակից են Նիկոլ Փաշինյանը եւ ամբողջ իշխանախումբը: Իշխանախումբը Նիկոլ Փաշինյանի հետ միասին իրականացրել է պետական կառավարման համակարգի տապալում, պատերազմի կառավարման տապալում: Նիկոլ Փաշինյանը իր հանցախմբի հետ միասին իրականացրել է այն ամենը, ինչը երկիրը բերել է այս իրավիճակին, որտեղ մենք կորուստներ ունենք եւ տարածքային եւ մարդկային, ունենք գերեվարվածներ, վիրավորվածներ: Նա եւ իր հանցախումբը որեւէ կերպ չեն համակերպվում այն մտքի հետ, որ ինքը պետք է օր առաջ հեռանա, որովհետեւ նրա իշխանության ամեն օրը մեզ տանում է նորանոր կորուստների: Մենք հայտնում ենք դա եւ ասում, որ կան պատասխանատուներ եւ մեղավորներ:

Իր խոսքում Փաշինյանն ասաց, որ իրեն տեսնում է գլխավոր պատասխանատու, բայց որ գլխավոր մեղավոր: Նիկոլ Փաշինյանը եւ բոլոր նրանք, որոնք պատասխանատու են այս ամենի համար, նաեւ գլխավոր մեղավորներն են: Եվ չի ստացվելու փախնել պատասխանատվությունից եւ պատիժ չկրել այն մեղքերի համար, որ իրենք կատարում են հայրենիքի եւ հայ ժողովրդի առջեւ, ընդհանուր առմամբ՝ հայության առջեւ: Նրանք կատարել են սահմանադրական կարգի տապալում, եւ դա պետական դավաճանություն է: Նիկոլ Փաշինյանը, ստորագրելով կապիտուլյացիոն փաստաթուղթը եւ վերազանցելով իր լիազորությունները, կատարել է պետական դավաճանություն: Մենք ասում ենք, որ չենք գնալու վենդետայի ճանապարհով, ինչից իրենք ամենաշատն են վախենում: Մենք գնալու ենք քրեական հետապնդման: Դատաքննություն է լինելու արդար եւ թափանցիկ: Եվ ամբողջ հայությունը տեսնելու է , թե այս վարչախումբն ինչ է արել այս 2,5 տարվա ընթացքում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031