Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ տեղորոշման սարքեր չկիրառվեցին՝ զինվորների զանգերը վերահսկելու, նրանց գտնելու համար». սահմանադրագետ

Դեկտեմբեր 17,2020 15:35

«Եռակողմ հայտարարությունից մինչեւ օրս ի հայտ են եկել մի շարք հանգամանքներ, որոնք առիթ են քրեական գործեր հարուցելու: Հանրությունն էլ մեկուսացված է տեղեկատվություն ստանալուց՝ այն դեպքում, երբ նախկինում անգամ մանրուքների առնչությամբ բազմերանգ տեսանյութեր էին պատրաստվում եւ հրամցվում»,-ՀՀ զինվորական դատախազության դիմաց այսօր լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

Հիշեցնենք, որ իրավաբաններն այսօր զինդատախազության դիմաց են եւ պահանջում են ընդունելություն՝ մի շարք հարցերի պատասխաններ ստանալու, եւ պնդում են, որ հանդիպումը հեռարձակվի ներկա ԶԼՄ-ների միջոցով:

Գոհար Մելոյանը շեշտեց, որ եռակողմ հայտարարության ստորագրմամբ Նիկոլ Փաշինյանի կողմից խախտվել է ՀՀ սահմանադրական կարգը. «Բնույթով այն միջազգային պայմանագիր է, որը ՀՀ սահմանադրությամբ պետք է վավերացվի: Մեկ պաշտոնյան իրավասո՞ւ է ստորագրել եւ պարտավորեցնել այն: Կապ չունի, թե Փաշինյանն ինչ է պատճառաբանել ստորագրման հրատապության հետ կապված: Այդ առնչությամբ եւս քրեական գործեր պետք է հարուցվեն, որովհետեւ արդեն ի հայտ են եկել փաստեր, որ մինչեւ նոյեմբերի 9-ը նրան ավելի լավ պայմաններով են ընձեռել պատերազմը դադարեցնելու հնարավորություններ: Այդ մասին Պուտինն է հայտարարել»:

Գոհար Մելոյանն ասաց, որ զինվորական դատախազությանն ուղղված հետեւյալ հարցն ունի. «Կա՞ քրեական գործ, որը վերաբերում է անհետ կորած զինվորների հայտնաբերման անգործությանը, որովհետեւ մեկ եւ կես ամիս է անցել: Հարազատների հաղորդմամբ՝ եղել են զանգեր, երբ զինվորներն ասել են, որ գտնվել են անտառներում, մոլորվել են կամ վիրավոր են: Ինչո՞ւ տեղորոշման սարքեր չկիրառվեցին՝ այդ զանգերը վերահսկելու եւ զինվորներին գտնելու, դուրս բերելու համար: Բացի դա, ինչո՞ւ է Փաշինյանը հրահանգել երրորդ օրը դադարեցնել զինված ուժերի համալրումը: Կամ, երբ Օնիկ Գասպարյանն ասել է, որ մի քանի օրվա ներուժ կա դիմադրելու, ինչո՞ւ է պատերազմը շարունակվել քառասուն օր: Կամ, ինչո՞ւ Շուշին հրթիռակոծվեց «Իսկանդերով»՝ այն դեպքում, երբ թշնամու որեւէ օբյեկտ դրանով չխոցվեց: Մյուս կողմից, երկու դիվերսանտներին ինչո՞ւ վերադարձրին, նրանք ռազմագերիներ չէին»:

Ապա իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողներին հայտնեց, որ զինվորական դատախազությունում առաջարկել են երեք հոգու ընդունել, իրենք էլ իրենց հերթին են զինվորական դատախազ Վահե Հարությունյանին առաջարկել իջնել եւ թեկուզ կարճ ժամանակով, բայց խոսել իրավաբանների հետ, քանի որ իրենք երեսուն հոգի են:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031