Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ որտե՞ղ պիտի լինեի ես կամ նորմալ հայ քաղաքացին». Վարդան Այվազյանը պարզաբանում է, թե ինչ էր անում նոյեմբերի 9-10-ի գիշերը կառավարության շենքի մոտ

Դեկտեմբեր 17,2020 15:11

«Պարզվում է՝ նոյեմբերի 9-10-ի գիշերվա մեր ժողովրդի ցասումը կամ բողոքի ակցիան, կամ ինչպես Նիկոլն է ասում՝ այդ հրապարակում պետք է լուծվեր Արցախի հարցը, այդ ամբողջը կազմակերպել եմ ես»,- այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց ՀՀԿ նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը:

Նա պարզաբանեց. «Այնտեղ մարդիկ կային, որ հակառակ կարծիքն ունեին, ինձ չէին ուզում տեսնել, պարզվում է՝ նրանց էլ եմ ես հրավիրել այնտեղ ու այդ ամբողջ խժդժությունները, իրենք այդպես են ներկայացնում, բայց ժողովրդի արդարացի ցասումն էր, թե՛ այնտեղ, թե՛ Ազգային ժողովում կազմակերպիչը հանդիսանում եմ ես»:

Հիշեցնենք, որ Վարդան Այվազյանի նկատմամբ ԱԱԾ-ն արգելանք էր կիրառել:

Հարցին, թե ի՞նչ էիք անում այդ գիշերն այնտեղ՝ Վարդան Այվազյանը պատասխանեց. «Իսկ որտե՞ղ պիտի լինեի ես կամ նորմալ հայ քաղաքացին, երբ որ տեսնում է… ես գիշերը ժամը 1:30-2-ն էր, որ իմացա դրա մասին: Ինձ համար զավեշտ էր, որ անգամ ՀՀ տարածքից մաս էր ներգրավված, որ դրա իրավասությունը որեւէ մեկը չուներ, ասենք, Մեղրիի տարածքից: Մենք այսօր տեսնում ենք, որ օրական կորուստներ ենք ունենում տարածքային, մարդկային, բարոյական, արժանապատվության մասին չենք էլ խոսում, երբ ծաղրի առարկա ենք դարձել: Իսկ որտե՞ղ ես պետք է լինեի քո կարծիքով, կամ նորմալ հայ մարդը: Ես եղել եմ կառավարության հրապարակի այդ տարածքում, մարդկանց հետ: Նրանց ցասում էր, պահանջում էին, որ դուրս եկեք, ասեք՝ ինչի համար է այդպես եղել: Գտնում եմ, որ ցանկացած նորմալ մարդ, որը փոքրիշատե անգամ մտահոգություն ունի իր հայրենիքի, իր ժողովրդի, իր ձգտումների հետ կապված՝ պետք է լիներ այնտեղ»:

Ըստ Վարդան Այվազյանի, անընդհատ նախկինների կոռուպցիայից խոսելով՝ ներկայիս իշխանությունները միայն շոու են ապահովել. «Ի՞նչ ունենք մենք այսօրվա դրությամբ: Կոռուպցիոն դրսեւորումների մասին են խոսում, պետական բյուջեում, պահուստային ֆոնդում նայում եմ վերջին ժամանակահատվածներում՝ որոշակի հետաքրքրություններ ներկայացնելով, չկան այդ գումարները, ինչի մասին որ խոսում են՝ միլիարդավոր դոլարների մասին են խոսում, բացահայտ կոռուպցիոն գործարքների: 20-30 մլն-ի կարգի ինչ-որ մի հատ գումար կա այդ աղմկահարույց գործերում, բայց իրենց կոռուպցիոն դրսեւորումների հետ կապված որ ես ներկայացնեմ, այսօրվա բյուջեն մի հատ վերցրեք նայեք, մենակ 100 մլն դոլարի կարգի նորից պարգեւավճարներն, մոտ 20-30 մլն դոլարի կարգի ճանապարհաշինական խորհրդատվություններ, վերցրեք բյուջեն նայեք: Այն էլ այն պարագայում, երբ որ մենք 10-12%՝ մոտավորապես 1 միլիարդ, 200 մլն-ի կարգի նվազեցում ունենք ՀՆԱ- մեջ: Մենաշնորհներից խոսե՞նք, ինչի՞ց խոսենք: Տնտեսությունը գտնվում է խորը կոլապսի մեջ, վատթարագույն վիճակի մեջ: Ցավով արձանագրեմ, որ կարող է տարեսկզբին, բացի առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը, ծայրահեղ աղքատության շեմը կխփի, կանցնի երեւի 40-50%-ի շրջանակները, այն պարագայում, երբ 2 տարվա ընթացքում մարդիկ 1,6 մլրդ դոլար մենակ արտաքին պարտքի բեռ են ավելացրել: Ո՞ր մի գործողությունների իրականացումը վերցնենք, որտեղ ունեցել են հաջողություն»:

Վարդան Այվազյանի գնահատմամբ՝ պետական կառավարման համակարգն ամբողջությամբ «պարալիզացված» վիճակում է ու չի կարող մի ոլորտ մատնանշել, որտեղ քիչ թե շատ հաջողություն կա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031