Կառավարությունն այսօր հերթական նիստում հաստատեց Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառումը հաստատելու մասին որոշումը։ Ըստ այս որոշման, պատերազմի ժամանակ այն զինծառայողները, որոնք խեղում են ստացել, մինչեւ հաշմանդամության կարգը հաստատելը, որոշակի ֆինանսական աջակցություն կստանան։
Նախագիծը ներկայացնող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ասաց՝ «Զինծառայողների կյանքին եւ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն, հաշմանդամության խումբ եւ զինվորական պատճառական կապ ստացած քաղաքացիները հիմնադրամի կողմից համաձայն օրենքի սահմանված ժամկետի եւ չափի ստանում են աջակցություն․ «Սակայն, հաշվի առնելով, որ այդ գործընթացը որոշակի ժամանակ է պահանջում, նաեւ կապված առողջական գործընթացի հետ, առաջարկվող միջոցառումը ենթադրում է, որ որոշ վնասվածքների ու հիվանդությունների գծով, որ ակնհայտ է, որ այդ քաղաքացիները ստանալու են հաշմանդամության խումբ, մինչեւ հաշմանդամության խումբ ստանալը հնարավորություն կունենան հիմնադրամի կողմից ստանալ աջակցություն՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հիմա էլ նման գործառույթ ունի, ամեն ամիս տրամադրում է աջակցություն՝ 100 հազար դրամի չափով»։
Ըստ նախարարի, առաջարկվում է այդ գումարը պետական բյուջեի միջոցներով ավելացնել 200 հազար դրամով, եւ մինչեւ 6 վեց ամիս ժամկետով այդ քաղաքացիները հնարավորություն կունենան ամսական ստանալ 300 հազար դրամ աջակցություն, մինչեւ հիմնադրամի հիմնական շահառու դառնալն ու օրենքով սահմանված հատուցում ստանալը։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ