Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չկա մի ոլորտ, որտեղ մենք չենք ունենալու լրջագույն ճգնաժամ. Տիգրան Ջրբաշյան

Դեկտեմբեր 17,2020 14:47

«Ամենամեծ խնդիրը պատերազմն էր, մեր պարտությունը եւ դրանից բխող հետեւանքները: Եվ, իհարկե, այդ ամենն իրականացավ պանդեմիայի ֆոնին, որը նույնպես լուրջ ազդեցություն ունի: Մեր գնահատականներով տարին կփակենք 8,5-ից 9,3 տոկոս անկման պայմաններում: Համապատասխանաբար՝ անկում կլինի ներկրման ոլորտում: Արտահանումն էլ անկում ունի եւ այդ անկումը կշարունակվի»,-այսօր այսպիսի կանխատեսումներ արեց «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն, ՀՊՏՀ ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը՝ «Հոդված 3» ակումբում կազմակերպված առցանց քննարկման ժամանակ: Թեման դրամի արժեզրկումն ու տնտեսական դաշտի խնդիրներն էին:

Պարոն Ջրբաշյանի կարծիքով, հասարակությունը դեռեւս չի ընկալում այն լրջագույն մարտահրավերները, որոնք իրենց բացասական ազդեցությունը կթողնեն տնտեսության վրա՝ միջնաժամկետ կամ գուցե երկարաժամկետ կտրվածքով:

«Լրջագույն վերաիմաստավորում եւ վերաձեւում պետք է իրականացնել տնտեսական քաղաքականության, մեր վարվելակերպի, աշխարհընկալման եւ ինստիտուցիոնալ կառուցվածքի, որովհետեւ այն մարտահրավերները, որոնց բախվում է մեր երկիրը կամ կբախվի առաջիկայում, շատ ավելի լուրջ են, քան մենք կարող ենք պատկերացնել: Չկա մի ոլորտ, որտեղ մենք չենք ունենալու լրջագույն ճգնաժամ»:

Պարոն Ջրբաշյանի խոսքով, օտարերկրյա ներդրումների աճ ակնկալելն էլ քիչ հավանական է: Տնտեսագետը չբացառեց նաեւ կապիտալի արտահոսքը մեր երկրից՝ հաշվի առնելով երկրում տիրող անորոշությունը, անվստահության մթնոլորտն ու անվտանգության սպառնալիքը:

Արտագաղթի աճը նույնպես, ըստ պարոն Ջրբաշյանի, անխուսափելի է:

Քննարկման մասնակից Վահագն Խաչատրյանի համոզմամբ, մեր երկրում ամեն ինչ 180 աստիճանով փոխվել է եւ այլեւս չունենք այն Հայաստանը, որն ունեինք մինչեւ նոյեմբերի 9-ը: Ըստ նրա, սրանով պայմանավորված պետք է մեր երկրի ամբողջ քաղաքական եւ տնտեսական զարգացման հեռանկարները փոխվեն:

Ինչ վերաբերում է դրամի արժեզրկմանը, պարոն Խաչատրյանն ասաց՝ այդպես էլ պետք է լիներ. «Այն գործոնները, որոնք պետք է ազդեին արժեզրկմանը, առկա էին, համաշխարհային այդպիսի տենդենց կար, մերն էլ՝ ավելացրած՝ տնտեսական աճի բացակայությունը, բյուջեի մուտքերի խնդիրը, ներդրումների պակասը, կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական խնդիրները, առեւտրային կապերը: Այդ ամենը պետք է բերեր մի այսպիսի իրավիճակի»:

Վահագն Խաչատրյանի խոսքով, հուլիս ամսից սկսած՝ աշխարհում պարենային ապրանքների աննախադեպ աճ կա:  Նա դրամի արժեզրկման պատճառներից մեկն էլ համարեց շուկայում մեծ խաղացողներին, որոնք մեծ գումարներ են հանել շրջանառությունից՝ այլ երկրում ներդրումներ անելու նպատակով:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը զարմացած է, որ դրամն այսքան կենսունակ է եւ արժեզրկման այն վարքն է դրսեւորում, ինչ շատ ու շատ երկրների արժույթը:

Ատոմ Մարգարյանի խոսքով, խոշոր խաղացողներն ի վիճակի են «դեստաբիլիզացնել շուկան եւ պարզապես փլուզել դրամը՝ եթե համարժեք գործողություններ չլինեն»: Ըստ նրա, եկել է ինտերվենցիաների ժամանակը՝ աճուրդային մեխանիզմներ կիրառվեն եւ զսպվեն այսօրինակ գրոհները: Նրա խոսքով, դրամի արժեզրկման հարցում արտաքին ազդակներն են դեր խաղացել եւ ծախսերն ու պահուստների վրա ճնշումները. «Կենտրոնական բանկը չի կարող այս իրավիճակում մի կողմ քաշված մնալ՝ չնայած այդպիսի մեղադրանքներ հնչում են: Պետք է հաշվի առնել ինչ դինամիկա ունի մեր արտաքին պարտքը եւ սպասարկման ինչպիսի բեռ է դրված եւ առաջիկա տարիներին ինչպիսի զարգացումներ են սպասվում: Այդ սպասարկման ծախսերը բավականաչափ լուրջ խնդիր է»:

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանի տվյալներով, առաջիկա եռամսյակում մեր երկրում ՀՆԱ-ի անկումը կազմել է 7, 1 տոկոս եւ մինչեւ տարեվերջ այդ ցուցանիշը կկազմի 8-8,5 տոկոս: Նրա խոսքով, կորոնավիրուսից հետո, չորրորդ եռամսյակում պատերազմի ազդեցությունը տնտեսության վրա տնտեսվարողների ողջ խաղաքարտերը փոխեց. «Ըստ էության, պատերազմի ազդեցությունը մենք դեռ լիարժեք չենք զգացել: Դա զգալու ենք մյուս տարվանից եւ հաջորդ տարի եւս: Մենք թեւակոխել ենք վստահության ճգնաժամի փուլ եւ առաջիկա մի քանի տարիները բնորոշվելու են դրանով»:

Հայկազ Ֆանյանը նույնպես կանխատեսեց արտագաղթի աճ՝ նշելով, որ հատկապես՝ արտագաղթելու են նրանք, որոնք մրցունակ են արտաքին շուկաներում: Նա մտավախություն ունի, որ բարձր վարձատրությամբ պայմանավորված, արտագաղթողները կլինեն ՏՏ ոլորտից, ինչը վտանգի տակ կդնի մեր այդ ոլորտը:

Պարոն Ֆանյանը կարծում է, որ առանց պատերազմի էլ դրամի որոշակի արժեզրկում սպասվում էր՝ հաշվի առնելով զարգացումները: Բացի այդ, դրամի արժեզրկման վրա ազդել են նաեւ խուճապային տրամադրությունները, ինչը, ըստ Հայկազ Ֆանյանի, պատերազմից հետո սպասելի էր:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031