Արցախի այն քաղաքացիները, որոնք կորցրել են իրենց բնակավայրը, որոնք փաստացի բնակվել են Արցախում, բայց տեղահանվել են եւ այժմ ժամանակավոր բնակություն են հաստատել ՀՀ-ում՝ աշխատանքի հնարավորություն կստանան։ Այս մասին որոշումը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում։ Ըստ այս ծրագրի, ԱՀ-ի քաղաքացիները ժամանակավոր աջակցություն կստանան։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի ներկայացմամբ՝ այս միջոցառումը ենթադրում է մինչեւ 3 ամիս ժամկետով գործազուրկ անձանց հնարավորություն տալ գործատուների մոտ անցնել որոշակի աշխատանքի, այսպես կոչված՝ պրակտիկայի, որի դիմաց նրանք կվարձատրվեն 100 հազար դրամի չափով՝ առանց հարկերի․ «Միեւնույն ժամանակ, գործատուի մոտ աշխատանքի փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող անձին կտրամադրվի աջակցություն՝ 34 հազար դրամի չափով»։
Նախարարն ասաց, որ միջոցառման շահառուները կարող են դիմել զբաղվածության գործակալություններ՝ ծրագիրն ու կարգը հաստատելուց հետո․ «Մենք նմանատիպ միջոցառում ունենք զբաղվածության ծրագրերի շրջանակներում։ Այս միջոցառումը նշված խորագրի հիման վրա որոշակի պարզեցվել է, որը հնարավորություն կտա կարճաժամկետ հատվածում Հայաստանում գտնվող ԱՀ քաղաքացիներին որոշակի աշխատանքի դիմաց վարձատրել։ Այս ծրագրերը կարճաժամկետ են, քանի որ չեն խրախուսում աշխատանքը, քանի որ Արցախում նախատեսված են ավելի երկարաժամկետ աշխատանքի խրախուսման աշխատանքներ, որոնք հնարավորություն կտան Արցախի քաղաքացիներին ապահովել կայուն եկամուտով»։
Մեկ այլ որոշմամբ էլ կառավարությունը հաստատեց կրկին ժամանակավոր աջակցության ծրագիր, որը մինչեւ երեք ամսով հասարակական աշխատանքի կազմակերպման վարձատրության միջոցառում է։ Մեսրոպ Առաքելյանի ներկայացմամբ՝ նմանատիպ ծրագիր է իրականացվում համայնքների հետ․ «Համայնքներում տեղի ունեցող փոքր աշխատանքները, որոնք չեն գերազանցում մինչեւ երկու միլիոն դրամը, նման միջոցառումներում ներգրավվում են հիմնականում գյուղաբնակ բնակիչները, որոնք վարձատրվում են նման օժանդակ աշխատանքներ կատարելու համար, որի դիմաց մեկ աշխատանքային օրվա համար՝ 8 հազար դրամ։ Այս միջոցառման շահառուները նույնպես ԱՀ-ի այն քաղաքացիներն են, որոնք ժամանակավոր բնակվում են ՀՀ-ում»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ