Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհետ կորածների ընտանիքներին 10 միլիոն պետք է տան, չեն տալիս, 300 000 դրամն էլ լավություն չի». Մեսրոպ Մանուկյան

Դեկտեմբեր 17,2020 13:39

«Տեսնելով հիմնադրամի խնդիրները, տեսնելով, որ պոպուլիստ վարչապետի հրապարակած նոր աշխատատեղերի թվերը չեն արտացոլվում հիմնադրամում, իմ գնահատմամբ՝ վարչապետի ցուցումով խնդիր դրվեց ինձ հիմնադրամից հեռացնելու: Բայց հիմա էլ պայքարում եմ, որ իրավունքներս վերականգնեմ դատարանում: Շարունակում եմ բարձրաձայնել հիմնադրամում առկա լուրջ խնդիրները»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը:

Նրա բնորոշմամբ. «Հիմնադրամում աշխատատեղերով արտացոլված այդ գումարները չկան: Իմ բարձրաձայնած խնդիրներից է այն, որ անհետ կորածները երկու եւ կես տարի հետո են դառնում հիմնադրամի շահառու: Ինչ-որ կերպ դա հասավ իրենց ուղեղին, դարձրին մեկ տարի, բայց դա էլ ճիշտ չէ, ավելի շուտ է պետք կարգավիճակ տալ: Բացի այդ, կառավարության հանցավոր անգործությունն անհետ կորածներին գտնելու կամ դիերը վերադարձնելու ուղղությամբ դեռեւս չեմ ուզում դիտարկել որպես սրբապիղծ քայլ, որովհետեւ ամեն անհետ կորածի կարգավիճակի դիմաց տասը միլիոն դրամ միանվագ գումար պետք է վճարվի, իսկ ամեն ամիս՝ նվազագույնը 200 000 դրամ»:

Մեսրոպ Մանուկյանի խոսքով. «Լացելու է, որ կառավարության նիստի ժամանակ նստած դիլետանտները չեն կարողանում անգամ հիմնադրամի անունը ճիշտ արտաբերել ու որպես լավություն ուզում են այդ ընտանիքների վրա «ծախել» ամսական երեք հարյուր հազար դրամ աջակցություն: Դա լավություն չի, քիչ եք տալիս, տասը միլիոն դրամ պետք է տաք: Կառավարությունը թող հանկարծ չմտածի, թե լավություն է անում այդ ընտանիքներին: Նրանց հասանելիքը չեն ուզում տալ՝ իմ գնահատմամբ»:

Ըստ Մանուկյանի՝ երկու ամսից ավելի է, որ հաշմանդամություն ունեցող զինվորների հաշմանդամության կարգ ստանալը ձգձգվում է. «Կամ, զոհվածների գումարները ինչո՞ւ մինչեւ այսօր տրված չեն: Տեսնում եմ, որ հիմնադրամում այդ գումարները չկան, բայց կառավարությունն ի՞նչ է անում, որ լինի: Ո՞ւր են այդ փողերը: Ստի կայսրությունում սուտը նոր բարձունքներ է նվաճում: Եթե հիմնադրամում կա երեսուն միլիարդ դրամ, ինչու է պետությունը հինգ հարյուր միլիոն դրամ հատկացում անում: Հետագայում, եթե հիմնադրամում գումար չեղավ, պետբյուջեից պարտավոր են բացը լրացնել: Կամ, համահայկական հիմնադրամի գումարները պարգեւավճարի տալու փոխարեն ուղղեիք հիմնադրամին»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031