Գերիների վերադարձի ուղղությամբ ադրբեջանական կողմի հետ շարունակական աշխատանք է տարվում, տվյալների ճշգրտման աշխատանքներ են կատարվում։
Այսօր այս մասին կառավարության հերթական նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով․ «Այս շաբաթ տեղի ունեցավ գերիների փոխանակման առաջին փուլը, բայց նաեւ շարունակական աշխատանք է տեղի ունենում գերիների տվյալների ճշտման եւ հետագա փոխանակման քայլերի հետ կապված։ Եվ այս առումով բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ Կարմիր խաչի եւ ռուսական կողմի ներգրավվածությամբ։ Երկրորդ խնդիրը վերաբերում է Խծաբերդում տեղի ունեցած միջադեպին եւ այն անձանց հետ կապված, որոնք ամենայն հավանականությամբ գերեվարված են։ Տվյալներն այս պահին ճշտվում են։ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն Արցախում է՝ տեղում լուծումները հասկանալու եւ քննարկումներ անելու համար։ Տեղի են ունենում խոսակցություններ ադրբեջանական կողմի հետ, մոտակա ժամանակները հանգուցալուծում ենք ակնկալում»,-ասաց փոխվարչապետը։
Տիգրան Ավինյանն անդրադարձավ նաեւ Հին Շենին, նշելով՝ որոշակի լարվածություն եղել է Հին Շենում, այս պահին միջդիրքային հաղորդակցությունը առկա է, ամբողջապես հանգուցալուծված չէ խնդիրը, այդ հատվածում տեղակայված են ռուս խաղաղապահները․ «Ակնկալում ենք, որ մոտակա ժամանակները Հին Շենի հետ կապված հարցերի շուրջ կունենանք հանգուցալուծում»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ