«Ներկա ժամանակահատվածում այս հոսպիտալում ռուս մասնագետները բուժօգնություն են տրամադրել 29 բնակչի եւ 4 երեխայի: Մարտակերտ քաղաքում բացվել է երկրորդ զինվորական հոսպիտալը, որը բուժծառայություններ է տրամադրում խաղաղապահներին եւ մոտակա բնակավայրերի բնակիչներին»,-այսօր առավոտյան այս մասին հայտնեց Կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ Դմիտրի Պերեպյոլկինը: Նրա ճեպազրույցը Ստեփանակերտի դաշտային զինվորական հոսպիտալի բակում էր: Նրա խոսքով, այդ հոսպիտալներում տրամադրվում է որակավորված բուժօգնություն ոչ միայն ռուս խաղաղապահ զինծառայողներին, այլ տեղի բնակչությանը:
Բացի այդ, Դմիտրի Պերեպյոլկինի խոսքով, բնակչությանը բուժծառայություն են մատուցում շարժական զինվորական բրիգադները, որից օգտվել են 550 քաղաքացի՝ այդ թվում 67 երեխա:
Ռուս խաղաղապահների ներկայացուցիչը հայտնեց, որ դեկտեմբերի 16-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 40 հազար տեղահանված բնակիչ: Ասաց նաեւ, որ ռուս խաղաղապահների օգնությամբ վերականգնվել է էլեկտրամատակարարումը, շփման գծի 18 կիլոմետրանոց հատվածում տեղի են ունեցել վերանորոգման աշխատանքներ եւ տեղակայվել են հոսանքի մատակարարման 50 հենակետեր:
Նրա տվյալներով, ականազերծվել է 195 հեկտար տարածք եւ 60 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել եւ ոչնչացվել են ավելի քան 6 հազար պայթյունավտանգ առարկաներ. «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ շարունակվում է զոհվածների մարմինների փոխանակումը հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ ինչպես նաեւ անհետ կորածների մարմինների որոնողական աշխատանքները: Կենտրոնի թեժ գծին ստացվել է 490 հեռախոսային զանգ»:
Կարդացեք նաև
Դմիտրի Պերեպյոլկինը հիշեցրեց, որ դեկտեմբերի 14-ին Բաքվում գեներալ Մուրադովը պայմանավորվածություն է ձեռք բերել գերիների փոխանակումը բոլորը բոլորի հետ սկզբունքով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ