Ոստիկանության քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում կանադահայ հայտնի գործարար Հրաչ Ջաբրայանի դեմ: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հրաչ Ջաբրայանը: Նրան այսօր հրավիրել էին ոստիկանություն՝ իր դեմ նախապատրաստվող նյութերի մասին ծանուցելու:
Հրաչ Ջաբրայանին ոստիկանությունում տեղեկացրել են, որ նյութերը նախապատրաստվում են դեկտեմբերի 8-ին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ելույթի համար: Ոստիկանության կարծիքով, այդ եթերում գործարարը բռնության կոչեր է արել Նիկոլ Փաշինյանի դեմ, նաեւ՝ սպառնալիք կա:
Հիշեցնենք, այդ օրը գործարարը փողոցներ փակող մի քանի ցուցարարների հետ բերման էր ենթարկվել: Այդ օրը լրանում էր ընդդիմության կողմից Նիկոլ Փաշինյանին տրված հրաժարական ներկայացնելու ժամկետը եւ մայրաքաղաքում անհնազանդության ցույցեր սկսվեցին: Իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում Հրաչ Ջաբրայանն իրազեկել էր բերման ենթարկվելու մասին եւ հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանն այլընտրանք չունի, նա պետք է հեռանա:
Կարդացեք նաև
Հրաչ Ջաբրայանը չի կիսում ոստիկանների կարծիքը: Իր գնահատմամբ՝ ինքը ոչ բռնության կոչեր է արել, ոչ էլ սպառնալիք է հնչեցրել, իր տեսակետն է արտահայտել այն մասին, որ կապիտուլյացիայի խայտառակ ակտը ստորագրելուց հետո Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա:
Ի դեպ, Հրաչ Ջաբրայանը ռազմական գործողությունների մասնակից է:
Մեր հարցին ի պատասխան, Հրաչ Ջաբրայանն ասաց, որ ոստիկանության աշխատանքից այս անգամ գոհ է. «Շատ պրոֆեսիոնալ եւ հարգանքով են վերաբերվել այսօր»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ