Լրահոս
Օրվա լրահոսը

Անմահացան՝ հավատարիմ մնալով մասնագիտական և զինվորական երդմանը. մերօրյա հերոսները. Դավիթ Հակոբյան

Դեկտեմբեր 17,2020 11:57

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի
ֆեյսբուքյան գրառումը

Մերօրյա հերոսները. Դավիթ Հակոբյան

Հայրենիքը պաշտպանող զինվորն ավելի վստահ է կանգնում մայր հողին, երբ վստահ է, որ թիկունքում բժիշկը պատրաստ է վտանգել իր կյանքն ու զոհվել հանուն կյանքերի փրկության: Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական պատերազմը մի քանի տասնյակ բժիշկների և ապագա բժիշկների կյանքեր խլեց. նրանք անմահացան՝ հավատարիմ մնալով մասնագիտական և զինվորական երդմանը:

Արցախի հարավում`պատերազմի ամենաթեժ օրերին, ամենաթեժ կետում ԵՊԲՀ սովորող Դավիթ Հակոբյանն «1+2» ծրագրի շրջանակում իրականացնում էր բժշկի և հայրենիքի պաշտպանի իր առաքելությունը: Բժշկին բնորոշ ճշտապահությամբ, կազմակերպվածությամբ ու նվիրվածությամբ աչքի ընկնող Դավիթը զինվորական ծառայությունն ավարտելուց հետո որոշել էր մասնագիտանալ որպես վիրաբույժ: Աստղիկ Խաչատրյանը, որը Դավիթի դասընկերն ու համակուրսեցին է, ընկերոջը բնութագրում է որպես նվիրյալ։

«Մինչև իր կյանքի վերջին րոպեն հավատարիմ մնաց բժշկի կոչմանն ու հայրենիքին»,-նշում է նա:

Նրա լավագույն ընկերոջ` Ռուբեն Թորոսյանի խոսքով՝ Դավիթն ապագայի բոլոր ծրագրերը կապում էր Հայաստանի հետ:

«Ընտանիքի անդամները՝ ծնողներն ու քույրերն ապրում են արտերկրում, սակայն Դավիթը որոշեց մնալ և արարել հայրենիքում: Ծառայությունն ավարտելուց հետո պլանավորում էր զարգացնել մասնագիտական հմտությունները. կարճ ժամանակում գերմաներեն սովորեց՝ Գերմանիայում մասնագիտանալու, հետագայում՝ Հայաստանում մրցունակ վիրաբուժության ինստիտուտ հիմնելու երազանքը սրտում»,-նշում է համակուրսեցին՝ ավելացնելով, որ բուհի բոլոր քննություններին միասին էին պատրաստվում:

Դավիթի համար ժամանցի լավագույն միջոցը մուլտֆիլմեր դիտելն էր: «Բժշկականում սովորելու ընթացքում կոտրվելու շատ առիթներ են եղել, բայց ես վիրաբույժ դարձա Դավիթի շնորհիվ»,-ընդգծում է Ռուբենը:

Դավիթի նախասիրություններին քաջատեղյակ լինելով՝ Ռուբենը հավելում է՝ հայրենիքի համար կյանքը զոհած ընկերը նախընտրում էր մոխրագույնն ու խամրած կանաչը, սիրում էր բուռն, ժամանակ առ ժամանակ ինքնամփոփ էր. երաժշտություն էր միացնում ու նկարում։

«Իր գրասեղանի մի ամբողջ դարակ հատկացրել էր գրենական պարագաներին։ Ով ցանկանում էր Դավիթին նվեր անել ու չգիտեր՝ ինչ, գնում էր նկարչական ինչ-որ պարագա:

Պատերազմի օրերին Ռուբենն այն եզակի մարդկանցից էր, որը հնարավորություն ուներ կապ հաստատել Դավիթի հետ: Պատմում է, որ ընկերը մահվան նկատմամբ անվախ էր, հավատում էր Աստծուն և վստահ էր, որ կյանքն ու մահն ընթացք են և այստեղից գնալու է և շարունակի իր ընթացքը:

Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը, երբ թեժ մարտեր էին ընթանում Մարտունու ուղղությամբ և շատ վիրավորներ ու զոհեր կային, օգնություն ցույց տալու և տեղափոխելու շտապող բժիշկները դա իրականացրել են առանց հերթափոխի՝ անընդհատ: Սահմանից վիրավորներ տեղափոխելու ընթացքում Դավիթը շտապօգնության մեքենան կանգնեցրել է շոկային վիճակում գտնվող վիրավորին ցավազրկելու նպատակով: Մինչ Դավիթը կիրականացներ բժշկի իր առաքելությունը, թշնամու անօդաչու սարքը մահացու հարված է հասցնում վիրավորներ տեղափոխող մեքենային: Հայրենիքի պաշտպանները բռնում են անմահության ճամփան… Դավիթի հետաքրքրությունները «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաների շրջանակում էր: Բուհում «Անատոմիա» առարկան անցնելուց սիրահարվել է մարդուն՝ որպես օբյեկտի:

«Հետագայում հասկացել էր, որ մարդը ոչ միայն օբյեկտ է, այլև մի ամբողջ աշխարհ և, որ իրեն բավարարված կզգա, եթե կարողան այդ աշխարհի որևիցե խնդիր լուծել և ժպիտ պարգևել»-նշում է Ռուբենն՝ ավելացնելով, որ չնայած Դավիթը սկզբում ցանկանում էր պլաստիկ վիրաբույժ դառնալ, 3-րդ կուրսում փոխել էր մտադրությունը և կանգ առել սրտային վիրաբույժի մասնագիտության վրա: Ըստ անմահացած հերոսի՝ ծանր, պատասխանատու, նվիրում պահանջող, բայց ամենակարևորը՝ իսկապես կյանքեր փոխող մասնագիտություն է:

Ինչպես Դավիթի, այնպես էլ հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհված մյուս հերոսների նպատակներն անկատար մնացին: Դրանք պարտավոր են իրականացնել գալիք սերունդները՝ հիշելով մերօրյա հերոսների կատարած սխրանքները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031