Լրահոս
Օրվա լրահոսը

Դե գնացեք Եռաբլուրից ասեք, որ դեռ պաշտոնավարելու կամ որևէ գործընթաց կազմակերպելու բարոյական իրավունք ունեք. Միքայել Մինասյան

Դեկտեմբեր 17,2020 10:54

Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան ռազմական ուխտում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենիք կործանած ու տասնյակ հազարավոր մարդկային ճակատագրեր խեղած Նիկոլը որոշել է երկարաձգել իր քաղաքական կյանքը արտահերթ ընտրություններ կազմակերպելու ճանապարհով, ինչը կերաշխավորի գոնե նախընտրական շրջանում աթոռի վրա իր մնալը:

Իսկ դա քիչ ժամանակ չէ ամենը տապալած իշխանության համար։ ՔՊ-ն էլ դեմքի լուրջ արտահայտությամբ ընտրությունների գաղափարը քննարկում է մարդ-կուսակցությունների հետ՝ թե տեսեք մենք մեր ստորության մեջ միայնակ չենք։

Այն, որ ընտրություն պետք է, անհերքելի է։ Բայց կարևորը դա չէ։ Կարևորն այն է, թե ինչ պետք է արվի, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական «դիակը» հեռացվի հիմա և ինչ պետք է արվի մինչև ընտրությունները։

Մինչև այդ, պետք է լինի այս խայտառակ պարտության քաղաքական հետևանքների գնահատական և արձագանք։

Մասնավորապես՝
-Պետք է տալ այս պարտության քաղաքական ու ազգային գնահատականը,
-քրեական գործընթաց սկսել պետական դավաճանների և ռազմական հանցագործների նկատմամբ,
-հետաքննել իշխանազավթման ամբողջ գործընթացը,
-վերջին 2.5 տարիների կատարվածը դիտարկել հայրենազրկում՝ ծրագրված, նպատակադրված ու իրականացված տրամաբանության ներքո,
-բացահայտել ֆեյքային ինդուստրիան, որը սպասարկել է այս գործընթացները և այն ֆինանսավորողներին,
-պատասխանատվության ենթարկել բոլոր պաշտոնյաներին և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, որոնք օրենքների խախտմամբ կատարել են ապօրինի հրամաններ,
-բացահայտել օտարերկրյա բոլոր գործակալական ցանցերը,
-հրապարակել բոլոր այն «պոպուլյար» և կարծիք ձևավորող հանրային դեմքերի անունները, որոնք խեղել են հանրային կարծիքը միտումնավոր, ուղիղ հրահանգներով,
-պատժել ռազմական այն բոլոր գործիչներին, որոնք հասկանալով հանդերձ, կատարել են ճակատագրական հանձնարություններ,
-հայտնաբերել ու պատժել նրանց, որոնք մասնակից են դիերը թաքցնելու գործընթացին,
-հայտնաբերել ու պատժել նրանց, ում մեղքով պատերազմից հետո շարունակել ենք ունենալ գերիներ ու նոր սպանվածներ։

Ահա այսքանից հետո, երբ ճշմարտությունը, մեղավորներն ու պատճառները կբացահայտվեն, պետք է հայտարարվեն նոր ընտրություններ։

Ընտրություններ, որտեղ ՀՀ քաղաքացիներն արդեն ամեն ինչ իմացած ու տեղեկացված, կհասկանան ում ընտրեն կամ ում չընտրեն։ Որովհետև բոլոր մնացած դեպքերում, եթե այսքանը չարվի, ընտրությունը կլինի ստի վրա կառուցած՝ մի ամբողջ ժողովուրդ խաբելու հերթական բեմականացում։

Պարտված երկիրը չի կարող ավտոմատ գնալ ընտրությունների։ Պետք է վերլուծել, հասկանալ, գտնել մեղավորներին, պատժել, բարձրաձայնել ճշմարտությունը և հետո արդեն ձևավորել ինքնամաքրված հասարակության՝ նոր էջից սկսող իշխանություն։

Այդ պատճառով հիմա միակ պահանջն է՝ Նիկոլը պիտի հրաժարական տա առանց որևէ պայմանի։

Պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն 3 գլխավոր նպատակով ու գործառույթով.

1.Վերագործարկի կոլապսի ենթարկված պետական իշխանությունը, ապահովի Հայաստանի, Արցախի և, վերջապես, մարդկանց անվտանգությունը,

2.կանխի տնտեսական կոլապսը, որին մնացել են հաշված շաբաթներ,

3.պատժի պատերազմի և կապիտուլյացիայի մեղավորներին։

Այսքանը։ Պարզ, հասկանալի բոլորի համար։ Հատկապես նիկոլականների, որոնք անկեղծորեն մտածում են, որ հայրենազրկումից հետո կարող են սակարկել կամ պայմանավորվել։ Չի լինելու։ Դուք քաղաքական դիակներ եք և կապիտուլյանտներ։ Դուք այլևս իրավունք չունեք անգամ հանդգնելու որևէ համապետական պրոցես իրականացնել։ Ո՞վ եք դուք, այ դավաճաններ։ Ձեր կարծիքով դուք որևէ բան ներկայացնելու իրավունք ունե՞ք. դե գնացեք Եռաբլուրից ասեք, որ դեռ պաշտոնավարելու կամ որևէ գործընթաց կազմակերպելու բարոյական իրավունք ունեք:

Ձեր հետ պայմանավորվածությունը կարող է ընդամենը մեկը լինել. ձեզ դատող դատավորը կարող է չլինել Ֆարխոյանի ցուցակից Կարենը, Մնացը կամ Արտուշը։ Նրանք ձեր գրպանային, կամազուրկ դահիճներներն էին։ Ժամանակավոր կառավարությունը կերաշխավորի արդար դատաքննություն։

Նիկոլը հենց հիմա պիտի հրաժարական տա։ ՔՊ-ն և ՔՊ-ամերձները ժամանակավոր կառավարություն լինելու քաղաքական և բարոյական մանդատ չունեն: Հետևաբար չեն կարող ունենալ նաև ո՛չ հավակնություն, ո՛չ թեկնածու։ Սակարկությունն անպատեհ է։

Ու չի լինելու։

Իզուր Մոսկվաներում կաբինետից կաբինետ մի վազեք։
Չի ստացվելու, չենք թողնելու»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031