Լրահոս
Օրվա լրահոսը

Դրվագներ «հետաքրքիր դինամիկայից»

Դեկտեմբեր 17,2020 10:00

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր երեկվա ուղերձում հարց է տալիս՝ «արդյոք հնարավոր չէ՞ր ավելի շուտ դադարեցնել պատերազմը հարաբերականորեն ավելի լավ պայմաններով ու ավելի քիչ կորուստներով»: Իսկ հետո նշում է՝ որ այդ հարցի պատասխանը դրական է: Այսինքն՝ այո, հնարավոր էր, բայց այդ հարցին նա կանդրադառնա ավելի ուշ:

Այդպիսով, Հարությունյանը հաստատում է տարբեր աղբյուրներում հայտնված (նաեւ Պուտինի շուրթերով հնչեցված) այն տեղեկությունը, որ պատերազմի ավելի վաղ փուլերում Փաշինյանին առաջարկվել էին «ավելի լավ պայմաններով ու ավելի քիչ կորուստներով» տարբերակներ, բայց այդ տարբերակները մերժվել էին նրա կողմից, եւ իր այդ մերժումով վարչապետը փաստացի նպաստել էր ավելի մեծ մարդկային կորուստների:

Հիմա հարց՝ եթե երկրի առաջին դեմքի պատճառով հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր մարդիկ զրկվել են կյանքից, ապա նա «պատասխանատո՞ւ է» այդ մարդկանց զոհվելու համար, թե՞ «մեղավոր» է: Ինձ թվում է՝ երկրորդը:

Ինքը՝ Փաշինյանը, կա՛մ ամբողջությամբ հերքում է մարդկային կյանքեր փրկելու այս հնարավորությունը, կա՛մ էլ ակնարկում է՝ եթե այդպես վարվեի, միեւնույն է, կասեիք՝ «Նիկոլ՝ դավաճան»: Այդ կանխատեսումն, անշուշտ, ճիշտ է, բայց մի՞թե կարեւոր է, թե ով ինչ էր ասելու, ով ինչ է հիմա ասում, կամ՝ ով որ աթոռին է նստած, երբ խոսքը մարդկանց կյանքի, առողջության եւ ազատության մասին է: Ես, օրինակ, կարծում եմ, որ թեկուզ մեկ մարդկային կյանքը շատ ավելի մեծ արժեք ունի, քան Փաշինյանին (կամ որեւէ այլ մարդու) սիրողների, երկրպագողների, փառաբանողների եւ «սրտիկողների» քանակը: Վարչապետն, ըստ երեւույթին, այդպես չի մտածում:

Իսկ հիմա անդրադառնանք ավելի բարդ հարցի՝ արդյոք պատերազմից մոտավորապես մեկ տարի առաջ բանակցությունները չէի՞ն տապալվել, եւ հենց դա էր այս խայտառակ ավարտն ունեցող պատերազմի պատճառը: Դա, իհարկե, մանրակրկիտ վերլուծություն է պահանջում, բայց որպես սկզբնաղբյուր դարձյալ դիմենք վարչապետի ասածներին: 2019 թվականի նոյեմբերի 3-ին, իր հերթական «լայվի» ժամանակ նա ասել էր. «Հիմա էլ թեզ են դնում շրջանառության մեջ, որ, այ, քանի որ կառավարությունը կամ վարչապետը, ես` անձամբ, չեն համաձայնվում հանձնել կամ զիջումներ անել, կամ, կներեք, եթե ես շատ կոպիտ ասեմ, չեն համաձայնվում հողերը հանձնել, նշանակում է՝ բանակցությունները մտել են փակուղի, և, ահա, սկսել են մարդկանց վախեցնել պատերազմով, և կոնկրետ այդ թեմայով կոնկրետ բյուջեներ են բաց թողնվում, քարոզչություններ են արվում»:

Դարձյալ՝ քարոզչությունը, գովազդը, հակագովազդը, պարզվում է, ավելի կարեւոր են, քան բուն իրականությունը: Իսկ իրականությունն այն էր, որ բանակցությունները մտել էին փակուղի, եւ պատերազմը դարձել էր անխուսափելի: Չնայած այն ժամանակ Փաշինյանը դա չէր ընդունում:

Նույն «լայվից». «Ես կարող եմ արձանագրել, որքան էլ դա տարօրինակ թվա, կարծում եմ, որ բանակցային գործընթացում կա դինամիկա, բանակցային գործընթացում կա բավականին հետաքրքիր դինամիկա, և այդ դինամիկան, ես լավատես եմ, որ կշարունակվի», – այն ժամանակ ասում էր վարչապետը:

2019 թվականի նոյեմբերի 3-ի «հետաքրքիր դինամիկան» բերեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ի աղետաբեր պատերազմին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան
    Ես զարմանում եմ, որ փորձում եք տրամաբանություն գտնել Հայաստանի վարչապետի աթոռին նստող մարդու խոսքերում: Ակտիվ լրագրող եք՝ Առավոտ, Շանթ, միթե՞ նրա վարչապետ դառնալուց հետո չեք նկատել, որ նա մեկ օրում իրար հակասող մի քանի բան է ասում: Կամ գուցե այնքան լավատես եք, որ կարծում եք երկրի մեծ մասը կորցնելուց հետո նա դարձի՞ է եկել: Ոչ: Չի եկել: Թող կոպիտ չհնչի, նա անհույս է: Ելքը՝ նրա հրաժարականն է:

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Ամեն դեպքում, պետության և հանրության շահը պահանջում է, որ նա դատվի: Քանի դեռ չկան գործակալ լինելու ապացույցներ, նա ինձ համար անմեղսունակ է: Դատարանի որոշումը կարող էր լինել, օրինակ, այսպիսին (հատված Շվեյկից՝ որոշ հարմարեցումներով). ««Ներքոստորագրյալ դատական բժիշկները համակարծիք են վերոհիշյալ հանձնաժողովին ներկայացած Փաշինյան Նիկոլի կատարյալ հոգեկան բթության և բնատուր կրետինիզմի բնորոշման մեջ, ինչը երևում է պատերազմից 1 տարի առաջ արված՝ «իրատեսական ծրագրերը մեզ այլևս հետաքրքիր չեն։ Այն, ինչ հնարավոր է իրականացնել, մեզ այլևս հետաքրքիր չէ։ Մեզ հետաքրքիր է այն, ինչի իրականացումը բոլորը համարում են անհնար, որովհետև հայ ժողովուրդն անհնարինն իրականացնող ժողովուրդ է» հայտարարությունից…»: Մեր ողբերգության ծավալները հաշվի առնելով՝ այսպիսի որոշման միակ այլընտրանքն ինձ թվում է դավաճանության մեղադրանքն է: Կրկնեմ դեկտեմբերի 11-ի Ձեր խմբագրականի (https://www.aravot.am/2020/12/11/1158345/) մեկնաբանության մեջ արտահայտած միտքս. անաչառ դատաիրավական գործընթացը հասարակության առողջացման անհրաժեշտ (ճիշտ է՝ ոչ բավարար) պայմանն է:

  3. Հայկ համբարձումեան says:

    Պարոն Աբրահամյան, պատասխանատու եւ մեղաւոր բառերը իրարամերժ չեն, եւ ստիպուած չէք միայն մէկը զատել։

  4. Armen says:

    Մինչև պատերազմը այսօրվա փիլիսոփայողներից քանիսն են կարծիք հայտնել, որ պետք է հանձնել 5+2 շրջանները և հիմա ինչու՞ են շատերը խուսափում մեր բանակի պաշտպանական կառույցների և զինվածության նման անմխիթար վիճակի մասին խոսելուց, կամ ովքեր և ինչու էին պատերազմի առաջին օրվանից թե առաջնագծում, թե թիկունքում տարածում խուճապ և հուսալքություն:
    Ղարաբաղյան «կ լ ա ն ը» խժռեց Արցախը և Հայաստանի առնվազն սուբյեկտությունը:
    Ց ա վ ա լ ի և ա ն ա ռ ա ր կ ե լ ի փ ա ս տ…….

    • Հայկ համբարձումեան says:

      Անառարկելի փաստը այն է թէ “անմխիթար” բանակը 2016 թուին յաջողեր էր դիմակայել եւ զինադադար պարտադրել (պարտադրել, քանի ամերիկեան աղբիւրները կը նշեն որ 2016ին ազրպէյճանի կորուստները անհամեմատ աւելի էին քան հայկական կողմինը).

      Ուրեմն նախ պէտք է պարկեշտ ըլլալ եւ տասնամեակներ առաջ երթալու փոխարէն քննել վերջին 4-5 տարիները։

      Իսկ էթէ անպայման կ՚ուզէք աւելի յետ երթալ, պարկեշտ մոտեցումով, չէք կրնար վերադառնալ միայն մինչեւ 98 եւ մոռնալ 94-98 հատուածը։

  5. Ruben says:

    ՀՀ (Արցախը ներառյալ) քաղաքացիների անվտանգության երաշխավորներն են պաշտպանության նախարարության, զինված ուժերի գլխավոր շտաբի, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և ՀՀ կառավարության ղեկավարները:
    Թե՛ անցյալները, թե՛ ներկաները պետք է պատասխան տան դատարանի առջեւ:
    Բայց ո՞վ է դատի տալու, ո՞վ է դատելու: Ժողովու՞րդը:
    Սա նույնպես սուտ է:

  6. Լավատես says:

    Հայտնի ձեռագիր է, երբ Ելցինը մերժեց Գորբաչովին ու միասին նախապես մշակված սցենարով երկիրը քանդեցին եւ սովետական ժողովրդը կայացած փաստի առաջ կանգնեց: Ոճը նույնն է, բեմադրիչ ռեժիսորնն էլ է նույնը՝ քաղաքական ու պետական հանցագործների հետ գուրծ ունենք եւ մեղավոր համար մեկը՝ դա անկախ ու ազգին նվիրված քաղաքական մասնագետներն են, որոնք մեզ բոլորիս ժամանակին իրենց հավաքական մասնագիտական խոսքը պիտի ասեին ու ապագայում կասեն, բայց միայն հավաքական, որ ժողովուրդը վստահի:

  7. henri says:

    Հարցը ոչ բանակն է ,ոչ ժողովուրդը ոչ ալ կուսակցութիւնները ։ ինչպէս կարելի է 3 միլիոն բնակչութեան կեանքի-մահու վճիռը
    յանձնել անփորձ- յոգնած- հոգեկան խանգարումի դուռը հասած անձի մը որ նոյնիսկ անգիտակից է իր վտանգաւոր վիճակին.
    Նոյնն է պարագան ալիեւին,էրտողանին, հիթլէրին-Ստալինին Մուսոլինիին և աշխարհի բոլոր բռնապետերուն որ միլիոնաւոր մարդոց կեանք խլեցին և կը շարունակեն խլել մեր աչքերուն առջեւ …՛՛ Սիսթեմն է ծուռ ՛՛ Կարելի չէ շարունակել -հարկաւոր է փոխել – Մտաւորական աշխարհը պէտք է օգնութեան հասնի մարդկութեան…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031