Ամիսներ առաջ Կոտայքի մարզում տեղի ունեցած դանակահարության հետեւանքով սպորտի վարպետ հանդիսացող ՀՀ քաղաքացու առողջությանը պատճառվել էր ծանր վնաս: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակում մեղադրյալը տվել էր ինքնախոստովանական ցուցմունք:
ՀՀ վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով կողմերի միջեւ հաշտությունը, ազատ էր արձակել մեղադրյալին, սակայն վարույթն իրականացնող մարմինը, չհաշտվելով ստեղծված իրավիճակի հետ եւ ցանկանալով վրեժխնդիր լինել տուժողից, նրան նույնպես մեղադրանք էր առաջադրել՝ իբրեւ թե դանակահարողի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար:
Քննիչը տուժող կողմից պահանջում էր հայտնել, թե ովքեր են եղել իր ընկերները, որոնք ներկա են գտնվել դեպքին: Տուժողը, որը քրեական գործի շրջանակում հետագայում ուներ նաեւ մեղադրյալի կարգավիճակ, օգտվելով դատավարական իր իրավունքից, հրաժարվել էր այդ մասին ցուցմունք տալուց: Ի պատասխան՝ քննիչն իր հերթին հրաժարվում էր վերադարձնել տուժողից առգրավված ավտոմեքենան:
Նույնիսկ պատերազմի օրերին իրավապահ մարմնի ներկայացուցիչները, քաջ գիտակցելով, որ տուժողը ակտիվ կազմակերպչական աշխատանքներ է իրականացնում Արցախից Հայաստան տեղափոխված մեր բազում հայրենակիցներին կացարանով ապահովելու ուղղությամբ, եւ որ այդ պահին ավտոմեքենայի կարիքը զգացվում էր առավել քան երբեւէ, համառորեն հրաժարվում են այն վերադարձնել սեփականատիրոջը՝ ավտոմեքենան պահելով բացօթյա տարածքում՝ անձրեւի եւ արեւի տակ:
Կարդացեք նաև
«AM» իրավաբանական ընկերության փաստաբան Լեւոն Սահակյանը, հանդիսանալով տուժողի ներկայացուցիչը, մինչ Լեռնային Ղարաբաղում սկսված պատերազմը բողոքարկել էր քննիչի որոշումը, սակայն դատախազը մերժել էր ներկայացված բողոքը: Հետագայում փաստաբանի ջանքերի շնորհիվ տուժողի նկատմամբ իրականացվող անհիմն քրեական հետապնդումը դադարեցվեց, իսկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված բողոքը բավարարվեց ամբողջությամբ: Շուրջ 8 ամիս անհիմն կերպով առգրավված ավտոմեքենան վերջապես վերադարձվեց սեփականատիրոջը:
Այժմ «AM» իրավաբանական ընկերության փաստաբանները մեքենայի սեփականատիրոջ հետ քննարկում են իրավապահների կողմից պատճառված վնասի հատուցման համար դատարան դիմելու հարցը:
«AM» իրավաբանական ընկերություն
«Առավոտ» օրաթերթ
16.12.2020