Լրահոս
Օրվա լրահոսը

Ճիշտ էր քաղաքական գործիչ Ժիրինովսկին, ով դեռեւս 2018-ին հայտարարեց, որ «Եթե Նիկոլն իշխանության եկավ, ապա Հայաստանը կործանելու է»

Դեկտեմբեր 17,2020 14:00

Նիկոլի չգրված օրենքները կամ կարգուկանոնը

Նկատվում է, որ կապիտուլյացիայի ակտի պարտավորությունները կատարում է միայն հայկական կողմը, իսկ թուրք-ադրբեջանական կողմը խախտում է հրադադարը կամ համաձայնագրի դրույթները, եւ հարձակվում Արցախի բնակավայրերի վրա, օկուպացնելով այն: Օրինակ, Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի վրա հարձակումը Լաչինի միջանցքով Հայաստանի տարածք ներթափանցման փորձը եւ այլն: Սրանք նշանակում են, որ պատերազմը շարունակվում է, ինչը հավաստում են նաեւ ռազմական փորձագետները:

Վտանգավոր այս իրավիճակում մեր անգործունյա իշխանությունները եւ կառավարությունը մոլորության մեջ են, պատասխան համարժեք գործողությունների փոխարեն զբաղված են հայ-ադրբեջանական բարեկամության եւ համագործակցության պայմանագիր մշակելու գործով (կապիտուլյացիայի ակտով Արցախը հանձնեցին, «բարեկամության պայմանագրով» էլ ուզում են հանձնել Հայաստանը): Հետեւաբար, ճիշտ էր քաղաքական գործիչ Ժիրինովսկին, ով դեռեւս 2018-ին հայտարարեց, որ եթե Նիկոլն իշխանության եկավ, ապա Հայաստանը կործանելու է: Հիմա էլ պնդում է, որ Հայաստանը ուրիշ ելք չունի, պետք է մտնի Ռուսաստանի կազմ:

Իրականում պետական ինքնիշխանությունը կորցնելու իրական վտանգն առկա է:

Տրամաբանական հարցեր են ծագում.

ա. Տարածաշրջանում հզոր պետություն ճանաչված Հայաստանը ինչո՞ւ հայտնվեց կործանման առաջ:

բ. Ստեղծված իրադրությունում արդյոք կարող ենք հաղթահարել ռազմաքաղաքական ճգնաժամը:

Հիմա կպատասխանենք այդ հարցերին:

1.Իշխանափոխությունից առաջ Նիկոլը եւ իմքայլականները ժողովրդին խոստացան, որ իշխանության գալու դեպքում պետք է փոխեն կեղծված սահմանադրությունը, նոր ընտրական օրենսդրություն ընդունեն, ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնեն, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը կամ կուսակցությունները հավասարապես մասնակցեն ընտրություններին եւ այլն: Իշխանության գալուց հետո նրանք այդ խոստումները մոռացան եւ իշխանության լծակները իրենց ձեռքում կենտրոնացնելու մոլուցքով պետության ներքաղաքական ոլորտում, գործի դրեցին Նիկոլի չգրված օրենքները կամ կարգուկանոնը: Դրանք են՝ այլախոհներին փռել ասֆալտին, ծեփել պատին, դուխով լինել եւ դուխով գործել, մատը կտրել եւ այլն:

Դրանց համահունչ Նիկոլի հրահանգով շրջափակեցին դատարանները, ոչ սահմանադրական հենքով տարբեր աճպարարություններով կազմաքանդեցին Սահմանադրական դատարանը, վրիժառության դրդապատճառներով բազմաթիվ քաղաքացիների զրկեցին ազատությունից, իսկ հասարակությանը պառակտեցին սեւ ու սպիտակ դասերի:

Այս բոլորը ներթափանցեց նաեւ բանակ, որոնց պատճառով ամենուր պետության կողմից սահմանված օրինականությունը եւ կարգուկանոնը կազմաքանդվեց եւ վրա հասավ անղեկավարելիությունը, ինչի հետեւանքով թուլացավ պետությունը եւ բանակը:

2.Պատմականորեն ապացուցված է, որ պետության հզորությունը փոխկապակցված է նրա ղեկավարի սուբյեկտիվ գործոնների հետ: Պետության ղեկավարը գործադիր իշխանությունը կրողն է, սահմանադրության, ինքնիշխանության, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների երաշխավորն է, նա օժտված է բացառիկ իրավունքներով եւ պետությունը ներկայացնում է պետության ներսում եւ արտաքին հարաբերություններում:

Պետության ներքին ոլորտում Նիկոլի գործողությունները դիտարկեցինք, նա իր չգրված օրենքներով ջլատեց եւ խաթարեց սահմանված կարգուկանոնը, ինչպես նաեւ սահմանադրությամբ պաշտպանվող պետական համակարգի բնականոն գործունեությունը: Իսկ պետությունը ներկայացնելով արտաքին հարաբերություններում` նա իր անխոհեմ կամ անգրագետ գործելաձեւով դիվանագիտական ոլորտում պետության բոլոր ձեռքբերումները փչացրեց:

Ըստ այդմ, իր արեւմտամետ կամ սորոսական քաղաքականությամբ Ռուսաստանի Դաշնության հետ բավականին ամուր, բարեկամական եւ ռազմաքաղաքական հարաբերությունները տապալեց, ինչը պատերազմում մեր կրած պարտության հիմնական պատճառն էր:

Հոգեբանական հույզերի ներքո նա հայտարարեց «Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ» միտքը, որը ըստ էության, ուժգին հարված էր ԵԱՀԿ ձեւաչափի խնդիրը խաղաղ կարգավորելու ջանքերին, եւ անուղղակի օժանդակություն Ադրբեջանին՝ Արցախի դեմ ագրեսիա սանձազերծելուն:

Արտաքին հարաբերություններում հիշյալ անհեռատես եւ ոչ գրագետ դիվանագիտական քաղաքականությունը նույնպես թուլացրին մեր պետությունը եւ անկվեց նրա իմիջը, հանգեցնելով ներկայիս ծանր կացությանը:

3.Հայաստանը ներկա ռազմաքաղաքական ճգնաժամից կարող է դուրս գալ, եթե պետության նոր ղեկավարը, այսինքն գործադիր իշխանության կրողը ունենա բարձր կրթական մակարդակ, պետական-քաղաքական աշխատանքների փորձառություն, եւ որակավորում, հմուտ լինի եւ հավասարակշռված (Նիկոլի մոտ այս սուբյեկտիվ գործոնները բացակայում են):

Այժմ ընդդիմությունն առաջադրում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը:

Այո, Վազգեն Մանուկյանը եւս ունի պետությունը ղեկավարելու, սուբյեկտիվ դրական գործոնները, հեռատես է եւ պարկեշտ անձնավորություն է:

Հավելեմ, որ չնայած հանրապետության նախագահն առաջնորդվելով համապետական եւ համազգային շահերով, գտել է, որ վարչապետը եւ կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնեն, որին միացել են նաեւ մտավորականները, Հայրապետերը, սփյուռքը եւ այլք, սակայն ըստ իս, Նիկոլը հրաժարական չի ներկայացնելու:

Նա կառչել է աթոռին եւ ժամանակ շահելու մարտավարությամբ իրեն հատուկ ուզում է մոռացության տալ իր գործած մեղքերը: Վարչապետի պաշտոնում նրա մնալը կարող է նոր ավելի սոսկալի աղետ բերել ազգի գլխին, ուստի ժողովրդին կոչ եմ անում համախմբվել հայրենիքի փրկության շարժման շուրջը:

Սերգեյ ԱԲՈՎՅԱՆ

Իրավաբան
«Առավոտ» օրաթերթ
16.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031