Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչու ավերվեց Մշկավանքը

Դեկտեմբեր 17,2020 12:00

Մշկավանքը (Մշակավանք) գտնվում է Տավուշի մարզում, Կողբ գյուղից մոտ 3 կմ հարավ, անտառապատ բլրի բարձրադիր հարթակի վրա: Կողբը հնում հանդիսացել է Գուգարք նահանգի Կողբափոր գավառի կենտրոնը: Մշկավանքը բաղկացած է Սբ Աստվածածին եկեղեցուց եւ նրա արեւմտյան ճակատին կից գավթից: Ենթադրվում է, որ եկեղեցին կառուցվել է 13-րդ դարի սկզբում: Այն հատակագծում քառակուսի, միանավ դահլիճ է, ծածկված կիսագլանաձեւ եւ բարձրադիր թաղով: Կիսաշրջանաձեւ խորանին երկու կողմից կից են երկհարկ նեղ ավանդատները: Գավիթը կառուցվել է 13-րդ դարում, դեղնագույն ֆելզիտից: Այն ուղղանկյուն կառուցված է, մի փոքր ձգված արեւմուտքից դեպի արեւելք: Ամբողջ ծածկը հենվում է զույգ խաչվող կամարների վրա:

Սբ Աստվածածին եկեղեցու կառուցումից շատ չանցած, 1219 թ. հունվարի 10-ին, ցերեկը, այն փլվում է ուժգին երկրաշարժից: Այս մասին հիշատակում է 13-րդ դարի պատմիչ Վարդան Վարդապետը. «Եղեւ շարժ ահագին եւ փլաւ պաճուճազարդ եկեղեցին, որ ի Մշակավանս»: Եկեղեցում փլատակների տակ մահանում են չորս պատարագող քահանաները («ընդ մեծ զենմանն նուիրեցան»): Մշկավանքը մեզ էր հասել ավերակ վիճակում: Այն վերանորոգվել է 1955-1960 թթ., որի ժամանակ ամրացվել են գավթի խաչաձեւող կամարները եւ դրանց հենվող թաղերը։ Նորոգվել են նաեւ պատերի քայքայված մասերը, խցերը, շքամուտքը, սալապատվել են տանիքներ: Եկեղեցին հետագայում վնասվել է 1988 թ. Սպիտակի երկրաշարժից, որից զգալիորեն տուժում են թաղերն ու պատերը: Իսկ գավթում հատկապես վնասվում է հյուսիսային պատը:

Այդ ահարկու երկրաշարժից կործանվել է նաեւ Կողբի Տվարաեղցի (Տվարագեղցի) կոչվող բազիլիկ եկեղեցին, որի ավերակները գտնվում են գյուղից մոտ 4 կմ հարավ-արեւմուտք, նույնանուն հին միջնադարյան գյուղատեղիում: Այստեղ կանգուն է արեւելյան պատը՝ խորանի զգալի հատվածով: Այն թվագրվում է 5-րդ դարի երկրորդ կեսով: Եկեղեցին վերանորոգվել է 1258 թ. ոմն Սամվելի կողմից: Վաղմիջնադարյան մեկ ուրիշ եկեղեցի էլ գտնվում է գյուղի մեջ, նրա հյուսիս-արեւմտյան բարձրադիր մասում: Այն աչքի է ընկնում քանդակներով եւ քանդակազարդ բեկորներով: Այստեղ մասնակի պեղումներ են կատարվել 1939-1940 թթ., որի արդյունքներից պարզվել է, որ եկեղեցին եղել է միանավ թաղակապ դահլիճ: Եկեղեցու ներսի պատերին եղել են որմնանկարներ: Այն նույնպես կործանվել է 1219 թ. երկրաշարժից:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ

գիտաշխատող

«Առավոտ» օրաթերթ
16.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031