Լրահոս
Օրվա լրահոսը

Հուզմունք, խառնաշփոթ Շիրակի մարզպետարանում․ գերեվարված շիրակցիների հարազատները մինչև ուշ ժամի լուրի էին սպասում

Դեկտեմբեր 16,2020 23:03

Խծաբերդում գերեվարված Շիրակի կամավորների հարազատներն այսօր ուշ ժամի դարձյալ հավաքվեցին Շիրակի մարզպետարանում։ Մարզպետարանի դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, աննկարագրելի էր նաև նրանց հուզմունքը։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ասաց, որ այսօր պատվիրակություն են ձևավորել ու հանդիպել ՌԴ-ի՝ Գյումրիում գտնվող հյուպատոսի հետ։ Վաղը մարզպետը հանդիպումներ կկազմակերպի թե՛ Պաշտպանության նախարարությունում, և թե՛ «Կարմիր խաչ»-ի գրասենյակում։ Նա ներկաներին առաջարկեց 5-6 հոգանոց խումբ կազմել, որպեսզի մտահոգությունները կարողանան ներկայացնել։

«Մեկ համայնքից մեկ ներկայացուցիչ սկզբունքով շարժվենք, գոնե ամեն համայնքից մարդ լինի, որպեսզի կարողանանք համայնքի մյուս բնակիչներին, հարազատներին այս տեղեկատվությունը ներկայացնել։ Գոնե կարողանանք կոնտակտ ապահովել, ձայները լսեն, ու հարազատները փոքր-ինչ հանգստանան»,-առաջարկեց մարզպետը։

Նա նաև հիշեցրեց, որ բացի իր այս նախաձեռնությունից, պաշտոնական բանակցություններ ևս ընթանում են։

Մարզպետի առաջարկը միանշանակ չընդունվեց, թեև Տիգրան Պետրոսյանը վաղը հանդիպումներ կունենա ու դարձյալ մարզպետարանի դահլիճում կհանդիպի հարազատների հետ։

Ծնողներից մեկն ասաց․ «Ինչո՞ւ պիտի մենք հասնենք Պաշտպանության նախարարության կամ «Կարմիր խաչ»-ի դռները, եթե Պաշտպանության նախարարությունը զինվորի ծնողից է իմանում, որ էդ երեխան գերության մեջ է։ Ո՞ւր են այդքան ժամանակ։ Պաշտպանության նախարարությունը չի՞ կարող տրամադրել «Կարմիր խաչ»-ին այն ցուցակը, որը որ իրենք ունեն, նրանք էլ մարզպետին տեղեկացնեն, մարզպետն էլ ՝ մեզ»։

Մեկ այլ ծնող էլ ասում էր․ «Եթե Պաշտպանության նախարարություն գոյություն ունի, ինչո՞ւ 27-ին Ոսկեհասկից տղեքին տարան, լցրեցին թուրքի բերանը։ Լավ, գնանք Երևան, բայց ո՞ւմ է ընդունել պաշտպանության նախարարը»։

Ինչևէ, վաղը երեկոյան նորից հանդիպում կլինի բանակցություններից վերադարձող մարզպետի հետ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031