Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այսօր հավաքվել ենք Փաշինյանի ազնվության, արդարության համար». հավաք ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի՝ Սիսիանում

Դեկտեմբեր 16,2020 22:30

«Մենք այսօր հավաքվել ենք պայքարելու Սյունիքի ազնվության, արդարության, մեկ էլ Փաշինյանի ազնվության, արդարության համար»,- Սիսիանում ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի հավաքի ընթացքում հայտարարեց սիսիանցի մի կին:

Նրանք հորդորեցին Նիկոլ Փաշինյանին՝ հանկարծ հրաժարական չտաս:

Հավաքը բազմամարդ չէր, 50 հոգուց էլ քիչ այս հավաքի ընթացքում մասնակիցները պահանջում էին, որպեսզի Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն իրենց պատասխանի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարությունն իրե՞նց անունից է տարածել, թե՞ իր:

Հավաքի կազմակերպիչներից մեկը հավաքի մասնակիցներին զգուշացրեց. «Ողջ համացանցում տարածվում են ակտիվ տեղեկություններ ժողովրդին շփոթության. պանիկայի մեջ գցելու համար: Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»:

Հավաքի կազմակերպիչները վստահեցրին, թե մարզում ամեն բան նորմալ է, այս պահին կատարվում են սահմանազատման աշխատանքներ. «Սյունիքի սահմաններն անձեռնմխելի են և ճանաչված ՄԱԿ-ի բոլոր բանաձևերով: Որևէ պետություն չի կարող բռնանալ մեր սահմաններին, ոտնձգություններ կատարել մեր սահմանների ուղղությամբ և խախտել մեր պետական սահմանային իրավունքը, որը նշված է սահմանադրորեն»:

Նրանք հայտարարեցին, թե այս պահին ակտիվացել են ժողովրդին թալանած ուժերը և ուզում են գալ իշխանության:

Այնուհետև հավաքի մասնակիցները որոշեցին մուտք գործել համայնքապետարանի շենք, որպեսզի համայնքի ղեկավարից պարզեն՝ հայտարարությունը սիսիանցիների՞, թե՞ իր անունից է տարածել: Համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը հայտարարեց, որ համայնքի ղեկավարը մեկնել է Երևան՝ հուղարկավորության: Իսկ հավաքի մասնակիցները ցանկանում էին, այնուամենայնիվ, մուտք գործել համայնքապետարան: Նրանից մեկն ասաց՝ պետք է ճշտել՝ արդյոք իրո՞ք համայնքի ղեկավարն այստեղ չէ:

Վարդան Իվանյանը արձագանքեց՝ հորդորելով հարգալից լինել միմյանց նկատմամբ և հիշեցնելով, որ այսքան տարի որևէ մեկի հարցը անպատասխան չի մնացել:

Նա ասաց, որ համայնքի ղեկավարն ու ավագանու անդամները վաղը պատասխանեն իրենց հարցերին:

Հավաքի մասնակիցները հայտարարեցին, որ մինչև վաղը՝ աշխատանքային օրվա ավարտ սպասում են համայնքապետարանի պատասխանին ՝ արդյոք հայտարարությունը համայնքի ղեկավարի՞, թե սիսիանցիների անունից էր տարածված: Նրանք ասացին, եթե պատասխան չլինի,այլ գործողությունների են դիմելու:

Ի դեպ. Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանն այս հավաքից հետո այսպիսի կարծիք էր հայտնել. «Նայում եմ ՀՀ քաղաքներից մեկում կազմակերպված «հանրահավաքը», որը սկսվում է աղանդավորի աղոթքով մեր «սուրբ» վարչապետի համար, իսկ խոսնակներից մեկն էլ հպարտանում է, որ քահանային չթողեցին մտնի եկեղեցի, քանի որ վերջինս մասնակցել էր ընդդիմության հավաքներին: Մեծ իմաստություն պետք չի ունենալ հասկանալու համար այդ վարչապետապաշտական մինի հանրահավաքների իմաստը և նպատակը: Առանց սարկազմի, դրանք ոչ մի բանով չեն տարբերվում աղանդավորական պաշտամունքներից ու հավաքներից: Ու իշխանությունն էլ խոսում է հանդուրժողականությունից. ախր անընդունելի է այսքան ատելություն այլակարծության համար: Ի վերջո` պետք է հասկանաք, որ ազգային կյանքում իրավիճակը կայունանալու և հետագա պայքարի համար հստակ պայման է հրաժարականը: Ուրիշ տարբերակ չկա: Հանուն մեր երկրի, հանուն ներքին համերաշխության̀ հեռացե՛ք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031