Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես համաձայն եմ՝ եկեք պարզ, բաց, թափանցիկ քննություն անենք, տեսնենք՝ ո՞վ է դավաճան, և ո՞վ դավաճան չէ». Փաշինյան

Դեկտեմբեր 16,2020 21:12

«Ազգային անվտանգության ծառայության տնօրենն առնչվել է դավաճանության փաստի հետ և քրեական գործ չի՞ հարուցել և ձերբակալելու փորձ չի՞ արել դավաճանին: Ուրեմն ինքն է դավաճան, կամ առնվազն համադավաճան…», ասում է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Ստորև ներկայացվում է հարցազրույցի սղագրությունն ամբողջությամբ.

«Ազատություն» ռադիոկայան – Պարոն վարչապետ, շնորհակալ եմ այս հնարավորության համար: Հարցերը շատ են, բայց սկսենք հիմա ամենաքննարկվողներից: Պատերազմն ավարտվեց հայկական կողմի համար բավական մեծ զոհողությունների գնով, բայց դրանից հետո էլ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է հարձակողական գործողությունները: Մասնավորապես, Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, ըստ առկա տեղեկությունների, ինչպես նաև կարևոր նշանակություն ունեցող Դիզափայտ լեռն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ: Սրան Ձեր պատասխանը եղավ այն, որ ադրբեջանցիների հարձակմանն առաջին հերթին պետք է արձագանքի Ռուսաստանի Դաշնությունը: Սա ի՞նչ է նշանակում. Հայաստանն արդյոք հրաժարվե՞լ է Արցախի պաշտպանությունից, և արդյոք մենք պատրաստվո՞ւմ ենք որոշակի քայլեր ձեռնարկել՝ ոչ միայն ռուսական կողմից ակնկալիքներ ունենալով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տեսեք, խնդիրը նրանում է, որ գործողությունները տեղի են ունենում խաղաղապահների պատասխանատվության գոտում, և, ինչպես արդեն ասել եմ, այդ իրադարձությունների մեկնարկից հետո խաղաղապահները մուտք են գործել տարածք, բայց, ցավոք, դրանից իրավիճակը չի կայունացել: Եվ, ըստ էության, մեր գնահատականն այն է, որ ադրբեջանական ուժերը հատուկ գնում են այդպիսի սադրանքների՝ նաև հակամարտության գոտում խաղաղապահների ներկայության փաստն արժեզրկելու համար: Եվ այս տեղային գործողություններն ունեն շատ ավելի լայն. գլոբալ հեռանկար, հեռահար նպատակ՝ խաղաղապահների դուրսբերման օրակարգ ձևակերպելու համար:

Համենայնդեպս, կարևոր է արձանագրել, որ առնվազն երեկվա դրությամբ՝ Ադրբեջանը խաղաղապահների մանդատը հաստատող փաստաթուղթը չէր ստորագրել, և այս առումով բոլոր այդ գործողությունները մենք դիտարկում ենք այս համատեքստում: Ինչ վերաբերում է Հայաստանի պատասխանատվությանը, Հայաստանի Հանրապետությունը, իհարկե, որևէ պատասխանատվություն իր վրայից չի թոթափում, բայց նաև իրադրության կոնկրետ վերլուծությունը ցույց է տալիս, որ այստեղ այս գործողությունները պետք է մենք լուծենք խաղաղապահների հետ սերտ համագործակցությամբ և Ռուսաստանի Դաշնության հետ սերտ համագործակցությամբ:

«Ազատություն» ռադիոկայան – Ի՞նչ է սա նշանակում, պարոն վարչապետ: Հնարավո՞ր է՝ ստեղծվի իրավիճակ, որ ադրբեջանցիներն ասեն՝ պետք է դուրս գան ռուս խաղաղապահները և պատերազմը շարունակվի՝ մեզ համար արդեն շատ վատ դիրքերից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, համենայնդեպս, քաղաքական այդպիսի հեռահար նպատակի ձևակերպում ես տեսնում եմ: Այսօր ուղղակի նման հարց դնել, իհարկե, չի ստացվի, բայց որ նրանք փորձում են խաղաղապահների ներկայությունն արժեզրկել, ակնհայտ է: Եվ այս առումով կարևոր եմ համարում, որ խաղաղապահների և Ռուսաստանի Դաշնության արձագանքը լինի համարժեք այս իրադրությանը:

«Ազատություն» ռադիոկայան – Հիմա ի՞նչ իրավիճակ է կոնկրետ Հին Թաղերում և Խծաբերդում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  – Տեսեք՝ ինչ իրավիճակ է. այդ տարածքում գտնվում են ռուս խաղաղապահներ, այդ տարածքում գտնվում են Պաշտպանության բանակի ստորաբաժանումներ, այդ տարածքում գտնվում են ադրբեջանական և մեր հետախուզական տվյալներով՝ նաև թուրքական որոշ ստորաբաժանումներ: Իրավիճակը բավական լարված է և բարդ է, և մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ: Կապի խնդիր կա, որովհետև տեղանքի բերումով և նաև իրադարձությունների բերումով հաղորդակցության որոշակի խնդիրներ կան: Ընդ որում՝ այդ խնդիրներն ունեն նաև ռուս խաղաղապահները, և այնտեղ մենք որոշակի ճգնաժամային իրավիճակ ունենք: Բայց պետք է արձանագրել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համատեքստում այդ հատվածը գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո և պետք է գտնվի Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո:

Տեսեք, Դուք ասում եք՝ Հայաստանը պատասխանատվությունն իր վրայից թոթափո՞ւմ է, թե՞ չի թոթափում: Խնդիրն այն է, որ կա եռակողմ հայտարարություն ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, և, ըստ էության, այդ հայտարարության երաշխավորը հանդիսանում է Ռուսաստանը: Եվ հայտարարության դրույթների խախտումը պետք է արձանագրվի, և հայտարարության դրույթների խախտմանը պետք է հետևեն կոնկրետ քայլեր:

«Ազատություն» ռադիոկայան – Բայց, պարոն Փաշինյան, մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը չի պահպանում, ըստ էության, այդ համաձայնության պայմանները: Այս դեպքում ի՞նչ պետք է ակնկալել: Ռուս խաղաղապահներն ակնհայտորեն չեն մտնելու մարտի մեջ, և ի՞նչ պետք է անի հայկական կողմը: Արձանագրելուց բացի, արդյոք չպե՞տք է կոնկրետ քայլեր ձեռնարկվեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  – Այո: Եվ այդ քայլերը պետք է լինեն առաջին հերթին դիվանագիտական, ինչը և արվում է: Իհարկե, ասեմ նաև, Դուք տեղյակ եք, որ առաջին օրը տեղի են ունեցել մարտական գործողություններ, և Պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտի են բռնվել, այսինքն՝ դիմակայել են հարձակմանը, և մարտը դադարել է այն պահից, երբ ռուս խաղաղապահները հասել են դեպքի վայր: Խնդիրն այն է, որ ռուս խաղաղապահների ներկայությամբ Պաշտպանության բանակը մարտական գործողություններ վարելու սահմանափակումներ ունի, որովհետև լինում են իրավիճակներ, երբ այդ մարտական գործողությունների արդյունքում կարող են խոցվել նաև խաղաղապահներ՝ սրանից բխող հետևանքներով: Եվ ուրեմն իրադրությունն առաջին հերթին պետք է լուծվի քաղաքական և դիվանագիտական շփման ճանապարհով՝ հայտարարության դրույթներն իրագործելու տրամաբանությամբ:

«Ազատություն» ռադիոկայան – Անորոշ իրավիճակ է նաև Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն համայնքների շուրջ: Օրեր շարունակ մենք տեղեկություններ ենք ստանում, որ այնտեղ բնակիչներ, զինվորներ կան շրջափակման մեջ, այդ թվում՝ կանայք, երեխաներ: Հիմա ի՞նչ իրավիճակ է, և այս ուղղությամբ ի՞նչ պետք է անենք: Այս շրջանը հանձնվողների մեջ չէր, այդ գյուղերը հայկական տիրապետության տակ էին նոյեմբերի 9-ի դրությամբ, այսինքն՝ որևէ տրամաբանությամբ դրանք չպետք է անցնեին Ադրբեջանին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իրավիճակը Հին Շենի շուրջ արդեն հանգուցալուծվել է, և այդ հատվածում իրավիճակը հանգուցալուծվում է: Այդ խնդիրը լուծված է արդեն և գտնվում է լուծման փուլում: Խնդիրն այն է, որ կա հետևյալ պայմանավորվածությունը՝ Լաչինի միջանցքում, ինչպես բխում է համատեղ հայտարարությունից, չպետք է  լինեն ո՛չ ադրբեջանական և ո՛չ էլ հայկական զորքերի ստորաբաժանումներ, և ամբողջությամբ Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Եվ հիմա խնդիրն այն է, որ այդ պրոցեսը պետք է տեղի ունենա սինխրոն:

«Ազատություն» ռադիոկայան – Բայց չէ՞ որ այդ գյուղերը Շուշիի շրջանում են՝ ԼՂԻՄ-ի մաս կազմող:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –Խոսքը զինված ստորաբաժանումների մասին է, խոսքը գյուղերի մասին չէ:

«Ազատություն» ռադիոկայան – Այսինքն՝ գյուղերը կմնան հայկական, և հայ բնակչությունն անվտանգության խնդիր չի՞ ունենա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բնականաբար, խաղաղապահների պատասխանատվության գոտում է դա, և մարդիկ պետք է շարունակեն ապրել այդտեղ:

«Ազատություն» ռադիոկայան – Պարոն վարչապետ, խնդրահարույց իրավիճակ է նաև Սյունիքի սահմանների շրջակայքում: Պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ մի գյուղապետը հայտարարեց, որ այստեղ զորքեր չկան կամ բավարար չեն, ադրբեջանական տեխնիկա տեսան, ադրբեջանական զորքերը պահանջում են հետ գնալ: Ինչո՞ւ է ստեղծվել իրավիճակ, երբ գյուղացիներն ու գյուղապետը պետք է կանգնեն, բանակցեն ադրբեջանցի զինվորականների հետ: Ինչո՞ւ պետությունը նրանց թիկունքին կանգնած չէ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պետությունը կանգնած է նրանց թիկունքին, բանակային կորպուսի հրամանատարը և բանակի ներկայացուցիչներն անընդհատ այնտեղ ներկա են, և ամբողջ պրոցեսը կառավարվում և ղեկավարվում է Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից: Իհարկե, եղել են այդպիսի դրվագներ, երբ հաղորդակցություն է տեղի ունեցել: Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները նույնպես իշխանության ներկայացուցիչներ են, և ոչ մի տարօրինակ բան չկա, որ նրանք նույնպես կարող են լինել հաղորդակցության մեջ: Բայց ընդհանուր առմամբ ուզում եմ ասել և նաև այն կամավորական ստորաբաժանումները, որոնք գոյություն ունեն, իհարկե, նրանք նույնպես Զինված ուժերի մաս են կազմում և ենթակա են ընդհանուր ղեկավարման:

«Ազատություն» ռադիոկայան – Մենք կարո՞ղ ենք ասել, որ Սյունիքում ունենք բավարար չափի զինված ուժեր, որպեսզի իրականացնեն սահմանների պաշտպանություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տեսեք, այնտեղ հիմա շատ կարևոր է արձանագրել, որ ընդհանուր առմամբ հետևյալ պրոցեսն է տեղի ունենում՝ ինչպես և ասել եմ, Սյունիքի հատվածում մենք պետք է իրականացնենք սահմանների ճշգրտում: Եվ ընդհանուր առմամբ ես ուզում եմ մեր խնդիրը ձևակերպել, թե որն է այս ամբողջ պատմության մեջ մեր խնդիրը, և ի՞նչ խնդիր է, որ մենք պետք է լուծենք:

Ինչպես նախկինում ասել եմ, կարևորագույն խնդիր է Հայաստանի շուրջ և Արցախի շուրջ կայունություն ապահովելը: Եվ, այո, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունները դադարել են, բայց մենք տեսնում ենք, որ, արդեն ասացի, արվում են իրավիճակն ապակայունացնելու փորձեր, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի իրավիճակը կայունանա: Սրա համար պետք է գնանք կոնկրետ որոշումների և անենք կոնկրետ քայլեր: Այդ քայլերի մեջ է մտնում նաև, ինչպես արդեն նշեցի, Սյունիքի հատվածում՝ Զանգելանի և Կուբաթլուի հատվածում, սահմանների ճշգրտման պրոցեսը: Բայց նաև պարզ է, որ այդ պրոցեսն ունի որոշակի բարդություններ: Ի՞նչ բարդություն կա. բարդությունն այն է, որ Գորիսը Կապանին միացնող հիմնական ճանապարհը՝ Խորհրդային միության ժամանակներին գոյություն ունեցող սահմանի տրամաբանությամբ, 21 կմ-ոց հատվածն այդ ճանապարհի երբեմն տեղ-տեղ դուրս է գալիս Հայաստանի տարածքից, և հիմա շատ կարևոր է, որպեսզի մենք այդ ճանապարհի բնականոն և անվտանգ գործունեությունը կարողանանք ապահովել:

«Ազատություն» ռադիոկայան – Եթե թույլ կտաք, վարկածներ են հնչում, որ Հադրութի շրջանի այդ գյուղերը հանձնվում են հենց այս ճանապարհի դիմաց, կոպիտ ասած:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եկեք պայմանավորվենք հետևյալ կերպ, հետևյալն ասեմ՝ դա դավադրության տրամաբանության և տեսության շրջանակում է, և այդպիսի բան լինել չի կարող, այդպիսի բան ուղղակի լինել չի կարող: Իրադրությունն այնպիսին է, ինչպիսին ես նկարագրեցի: Շարունակելով խոսքս՝ ուզում եմ ասել, որ այս պրոցեսները բարդ պրոցեսներ են, բայց մենք պետք է անպայման անցնենք այդ պրոցեսները և պետք է իրադրությունը կայունացնենք:

Եվ ուզում եմ անդրադառնալ նաև հետևյալ հարցին – որովհետև այդպիսի շեշտադրում և հարցադրում արվում է – թե տվյալ դեպքում ի՞նչ է նկատի առնվում Հայաստանի Հանրապետության սահման ասելով: Հայաստանի Հանրապետությունն անկախություն է ստացել որպես Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդ և նրա տարածքում: Քանի որ խոսվում է GPS-ով սահմանային կետերը ճշտելու վերաբերյալ, հիմա շատ քննարկումներ և շահարկումներ կան, թե իբր այդ սահմանային կետերը ճշտվում են Google-ի քարտեզի հիման վրա և այլն: Ես ուզում եմ հստակ պարզաբանել, որ այդ սահմանները ճշգրտվում են խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած և այդ ժամանակներից գոյություն ունեցող քարտեզների հիման վրա, իսկ GPS սարքերն օգտագործվում են քարտեզի վրա նշված կոորդինատները ճշգրիտ տեղանշելու համար: Ընդ որում, խոսքն այնպիսի քարտեզների մասին է, որոնք ունեն դե յուրե իրավական ուժ: Խոսքն ուղղակի ինչ-որ դարակից հանած քարտեզների մասին չէ, խոսքը Խորհրդային միությունում իրավական ուժ ունեցող քարտեզների մասին է:

«Ազատություն» ռադիոկայան – Պարոն վարչապետ, Խորհրդային միության քարտեզներով Արցախը լիովին Ադրբեջանի քարտեզների մեջ է մտնում: Այստեղ պարզաբանենք, որովհետև շատերն ասում են, եթե մենք ընդունում ենք, որ այս քարտեզները լեգիտիմ են և կիրառում ենք, ուրեմն ընդունում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության թեզը: Կխնդրեի պարզաբանեք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք խոսում ենք Հայաստանի սահմանների մասին: Արցախի հարցն առանձին հարց է, և ինչպես իմ հրապարակած Ճանապարհային քարտեզով ասել եմ, Արցախի հարցի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցություններ պետք է վերսկսվեն, տեղի ունենան, ինչի առաջին քայլերը մենք տեսնում ենք, և Արցախի կարգավիճակը պետք է ճշգրտվի այդ համատեքստում:

«Ազատություն» ռադիոկայան – Բանակցություններին կանդրադառնանք: Ես կուզեի գերիների թեմայից խոսել: Նախ կուզեի վերջին օրերի տեղեկություններին անդրադառնալ: Պարբերաբար, հատկապես գիշերային ժամերին ստանում ենք տարբեր տեղեկություններ նոր գերիների մասին Հադրութ-Շուշի հատվածից: Ի՞նչ կարող եք ասել՝ արդյոք իսկապես կա՞ն նոր գերիներ, հայկական գերեվարված անձինք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  – Տեսեք, վերջին տեղեկատվությունը, որը եղավ, վերաբերում է էլի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածին, որտեղ, արդեն ասացի, բավական լարված իրավիճակ է, և Գլխավոր շտաբը, Պաշտպանության նախարարությունը, Պաշտպանության բանակը ամբողջ գիշեր աշխատել են՝ այդ իրավիճակը պարզաբանելու և շտկելու համար: Եվ, այո, այդ տեղեկատվությունը  կա,  բայց էլի ուզում եմ ասել, որ սա այդ իրադարձության, նույն իրադարձության շրջանակում է: Այսինքն՝ դրանք ոչ թե տարբեր հատվածներում տեղի ունեցող տարբեր իրադարձություններ են, այլ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում տեղի ունեցող իրադարձությունների շրջանակում է: Այո, իրավիճակն այնտեղ բավական բարդ է, այն բարդանում է նաև հաղորդակցության ուղիների դժվարանցանելիության բերումով, և Պաշտպանության բանակը, Գլխավոր շտաբը, Պաշտպանության նախարարությունը, ռուս խաղաղապահները այս րոպեներին էլ աշխատում են այդ իրադրությունը պարզաբանելու և շտկելու ուղղությամբ:

«Ազատություն» ռադիոկայան – Վերջին երկու օրերին հայկական կողմին փոխանցվեց 45 հայ գերի: Նրանց դիմաց, ինչպես հայտնի է, մենք  տվել ենք 12 ադրբեջանցի գերի, այդ թվում՝ այն երկու անձանց, ովքեր դատապարտվել էին հայ երեխայի սպանության համար, դիվերսանտները:  Ձեր ընդդիմախոսները պնդում են, որ չէր կարելի նման քայլի գնալ՝ հաշվի առնելով, որ նրանք մարդասպաններ են, դատապարտված են, հատկապես ամենասկզբում, երբ նրանց կարելի էր պահել, օրինակ, որպես խաղաքարտ հետագայում գերիներին հետ ստանալու համար: Ի՞նչ կասեք այս մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  – Գիտեք, այդ հարցադրման մեջ արդեն կա հակասություն, որովհետև Դուք հարցն սկսեցիք նրանով, որ չէր կարելի իրենց հանձնել և ավարտեցիք նրանով, որ կարելի էր իրենց հանձնել:

«Ազատություն» ռադիոկայան- Ես տարբեր վարկածներ եմ ասում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  – Հարցը նրանում է, թե երբ կարելի էր դա անել: Այստեղ մենք պայմանավորվել էինք, արդեն ասվել է, որ պետք է բոլորը փոխանակվեն բոլորի հետ: Եվ ես կարծում եմ, որ ստեղծված իրադրության մեջ դա ճիշտ որոշում էր: Եվ ես նաև երեկ և անհետ կորածների, և ենթադրվող գերեվարված մեր զինվորների հարազատների հետ ունեցել եմ հանդիպում և պարզաբանել եմ՝ ի վերջո, նաև եկեք արձանագրենք, որ այդ որոշման արդյունքում Հայաստան վերադարձվեցին նաև մեր այն քաղաքացիները, ովքեր Ադրբեջանում էլի դատավճռով դատապարտված էին: Այլ բան, թե ով ինչքանով էր արդար դատապարտված, բայց մենք մեր քաղաքացիներին վերադարձնելու համար կայացրել ենք այդպիսի որոշում և ծանր որոշում: Եվ նաև այդ որոշումը կայացվել է՝ հետագայում գերեվարված անձանց  հաստատված դեպքերի շուրջ ավելի արագ և ավելի արդյունավետ համաձայնություններ ձեռք բերելու համար:

«Ազատություն» ռադիոկայան –Մենք գիտե՞նք, թե որքան հայ գերի կա հիմա Ադրբեջանում, և ունե՞նք երաշխիք, որ բոլորը կվերադարձվեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք ունենք հաստատված դեպքեր և հաստատված դեպքերի ամբողջական վերադարձի շուրջ կա պայմանավորվածություն, և մենք ունենք տեղեկատվություն մեր զինվորների և քաղաքացիական անձանց մասին, որոնք կարող են գերեվարված լինել: Եվ մեր խնդիրը հետևյալն է՝ աշխատել…: Իմիջիայլոց, նաև այդ որոշումը կայացրել եմ, որպեսզի մենք կարողանանք ավելի շատ կենտրոնանալ չհաստատված դեպքերի շուրջ հետաքննություն, տեղեկատվության հավաքագրում իրականացնելու վրա, ավելի շատ կենտրոնանալ այդ խնդրի վրա, նաև կենտրոնանալ մարմինները դուրս բերելու ցավալի, բայց անհրաժեշտ գործընթացի վրա, նաև կենտրոնանալ այն հնարավոր դեպքերի լուծման վրա, երբ կարող են թիկունքում լինել մեր զինվորների խմբեր, որոնք պատսպարված են անտառներում կամ որևէ տեղ: Այսինքն՝ նկատի ունեմ, որպեսզի մենք կարողանանք ավելի արդյունավետ կերպով լուծել հարցերը, մենք պետք է այդ հարցերի շրջանակը հնարավորինս նեղացնենք: Այսինքն՝ լուծումներ տալով գնանք առաջ, որպեսզի ավելի մեծ եռանդ կարողանանք կենտրոնացնել արդեն դեռևս չլուծված հարցերի վրա:

«Ազատություն» ռադիոկայան – Հաջորդ խմբի գերիների փոխանակման օրերի ժամկետ գիտե՞նք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  – Մենք հաստատված դեպքերի փոխանակումը, ըստ էության, ավարտում ենք և հիմա պետք է շարունակենք պրոցեսը չհաստատված դեպքերի, անձանց  շուրջ պարզաբանումներ մտցնելու ուղղությամբ:

«Ազատություն» ռադիոկայան – Շատ լավ: Անցնենք ներքաղաքական թեմաների: Պարոն վարչապետ, գաղտնիք չէ՝ մի խումբ քաղաքական ուժեր, նաև նրանց հետ կապ չունեցող հանրության մի զանգված պահանջում են Ձեր հրաժարականը: Դուք ի պատասխան երկու օր առաջ ասացիք, որ ժողովրդի կողմից տրված կարգավիճակից կհրաժարվեք միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա: Խնդրում եմ պարզաբանեք՝ ի՞նչ է սա նշանակում: Արդյոք Դուք ասո՞ւմ եք, որ կհեռանաք միայն ընտրությունների միջոցով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  – Այո, Դուք ճիշտ եք: Դուք թվարկեցիք մարդկանց, քաղաքական շրջանակների, ովքեր պահանջում են իմ հրաժարականը: Բայց մենք տեսնում ենք, որ կան մարդկանց խմբեր, քաղաքացիներ, ովքեր պահանջում են հրաժարական չտալ: Եվ, հետևաբար, իմ գնահատականն այն է, որ վարչապետի կարգավիճակում՝ որպես ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, ես նաև ժողովրդի իշխանություն ձևավորելու հնարավորության և լիազորության պահպանողն եմ: Այսինքն՝ ի պահ է հանձնվել այդ իշխանությունն ինձ: Ոչ թե իշխանությունը, այդ կարգավիճակը պատկանում է ինձ, այլ այդ իշխանությունն ի պահ է հանձնվել ինձ, իսկ այդ կարգավիճակի տերը ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Եվ այդ իշխանության հետագա ճակատագրի համար ես պատասխանատու եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առաջ: Եվ,  հետևաբար, խնդիրը ոչ թե այն է՝ ես հրաժարական կտա՞մ, թե՞ ես հրաժարական չեմ տա, խնդիրն այն է, թե ժողովուրդը կկորցնի՞ իշխանություն ձևավորողի իր կարգավիճակը, թե՞ կպահպանի:  Ես չեմ կարող թույլ տալ, որ ժողովուրդը կորցնի իշխանություն ձևավորողի և իշխանության տիրոջ իր կարգավիճակը: Եվ ես Ազգային ժողովի ամբիոնից հարց բարձրացրի՝ իսկ ինչո՞ւ այդ ուժերը չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Ազատություն» ռադիոկայան – Նրանք ասում են՝ Դուք կկեղծեք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  – Նրանք ունեն որևէ՞ փաստ, որ իմ վարչապետության օրոք թեկուզ մեկ ձայնի կեղծիք տեղի է ունեցել որևէ ընտրությունում:

Ազատություն» ռադիոկայան – Ասում են՝ կարիք չունեիք 2018-ին կեղծելու, հիմա գուցե գնաք այդ քայլին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  – Կարիք գուցե, բայց մենք գիտենք, որ այն ուժերը, որոնք ուզում են, այսպես ասած, խլել ժողովրդի իշխանությունը, իրենց գործունեության ողջ ընթացքում զբաղված են եղել ընտրակեղծիքներով և իշխանությունը պահել են ընտրակեղծիքներով: Եվ, ի վերջո, եթե ժողովրդի ձայնը կկեղծվի, ժողովուրդը գիտի՝ ինչ անել:

«Ազատություն» ռադիոկայան – Պարոն վարչապետ, բացի այս քաղաքական ուժերից, Ձեր ոչ թե հրաժարականի, այլ Ձեր հեռացման, կառավարության հեռացման մասին խոսել են նաև նախագահ Արմեն Սարգսյանը, կաթողիկոսները: Օրինակ, նախագահն ասում է, որ երկրում կա քաղաքական ճգնաժամ, որը պետք է հանգուցալուծվի, և փողոցում կանգնած մարդկանց թվով պետք չէ դատել այդ ճգնաժամի մեծ կամ փոքր լինելը: Դուք ի՞նչ եք կարծում՝ իսկապես այս իրավիճակում տրամաբանակա՞ն չէ, որ, օրինակ, լինի փոփոխություն գոնե վարչապետի և լինի անցումային կառավարություն, ինչպես, օրինակ, նախագահն է առաջարկում, թեկուզ ոչ այն ուժերի կողմից, որոնք այսօր փողոցում են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  – Ո՞ւմ պետք է ներկայացնի այդ իշխանությունը:  Հենց այդ է: Երբեմն աշխատանքային մակարդակում մենք այս պրոցեսը կոչում ենք, այսպես ասած, էլիտար բունտ, որի իրական նպատակն իշխանությունը ժողովրդից խլելն է: Որովհետև հարցը հետևյալն է՝ ժողովո՞ւրդն է ձևավորում իշխանություն, թե՞ ինչ-որ մարդիկ փակ սենյակներում, պայմանավորվածություններով ձևավորում են իշխանություն: Ըստ էության՝ ի՞նչ է առաջարկվում: Ասվում է, որ եկեք այնպես անենք, որ ժողովուրդը չձևավորի իշխանություն, այլ իշխանությունը ձևավորեն ինչ-որ խմբեր, էլիտար խմբեր՝ փակ սենյակներում, փակ ակումբներում, փակ որոշումների հիման վրա: Սրանում է ամբողջ պրոբլեմը:

Ես արդեն ասացի, որ համարում եմ, որ ժողովուրդն այդ կարգավիճակը տվել է ի պահ ինձ: Դուք ասում եք, որ կան խմբեր, մարդիկ, ովքեր պահանջում են իմ հրաժարականը, բայց կան մարդիկ, ովքեր նույնպես հրապարակային արտահայտվում են, ովքեր ինձնից պահանջում են հրաժարական չտալ: Հետևաբար, իմ հարցն էլի նույնն է՝ ինչո՞ւ այդ մարդիկ, նրանք, ովքեր կարծում են, որ պետք է լինի փոփոխություն, ինչո՞ւ չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:  Որևէ մեկը կարող է բացատրել՝ ինչո՞ւ իրենք  չեն պահանջում արտահերթ  խորհրդարանական ընտրություններ:

«Ազատություն» ռադիոկայան – Ասում են՝ այս պայմաններում ի՞նչ ընտրություններ, երբ մարդիկ սգում են, էմոցիոնալ մեծ ֆոն կա: Օրինակ, Վազգեն Մանուկյանն ասում է՝ դեռ մեկ տարի առնվազն ընտրություններ հնարավոր չէ անցկացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դրա համար ես ասում եմ՝ եկեք կենտրոնանանք իրավիճակը Հայաստանի շուրջ կայունացնելու և Հայաստանում կայունացնելու վրա և մտածենք հետագա անելիքների մասին: Իսկ ի՞նչ է լինելու այդ անցումային շրջանում, այդ անցումային շրջանում տեղի ունեցողի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է լինելու: Ի վերջո, ես ինքս անձամբ պատասխանատո՞ւ եմ արդյոք հետագա իրադարձությունների համար: Իհարկե, պատասխանատու եմ:

«Ազատություն» ռադիոկայան – Դուք մի քանի անգամ ակնարկել եք, որ արտահերթ ընտրությունների եք պատրաստ, և դրա շուրջ կարծես բանակցություններ էլ կան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  – Ես հետևյալն եմ ասում՝ հարց եմ տալիս՝ ինչո՞ւ  արտահերթ ընտրություններ չեն պահանջում: Իմիջիայլոց, հետևյալ հարցը կա՝ պետք է հասկանալ, թե ինչ հիմքով, ի վերջո, կան մեղադրանքներ, որոնք ուղղված են ինձ, բայց ընդդիմությունն ինքը չի նկատում այդ մեղադրանքների խորը հակասությունը:  Հիմա նույն ընդդիմությունն ինձ մեղադրում է նոյեմբերի 9-ին հայտարարությունն ստորագրելու համար, մյուս կողմից՝ հայտարարում է, որ չի պատրաստվում իշխանության գալու պարագայում Հայաստանի վարչապետի ստորագրությունն այդ փաստաթղթից հետ կանչելու ուղղությամբ որևէ քայլ ձեռնարկել: Իսկ ինչո՞ւ:

«Ազատություն» ռադիոկայան –  Ասում են՝ բանակն այնպիսի վիճակում է, որ մենք պատրաստ չենք, երկիրը պատրաստ չէ ընդհանրապես նոր պատերազմի և նոր հակասությունների:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  – Դե ուրեմն նրանք ընդունում են, որ այդ փաստաթուղթն ստորագրված է մի իրավիճակում, երբ հնարավոր չէր չստորագրել: Հիմա վերադառնանք այս ընդհանուր իրավիճակին:

Ես, իհարկե,  հայտարարել եմ  հրապարակային, որ ինձ համարում եմ այս իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն: Բայց ես ուզում եմ պատասխանատուն և մեղավորը չշփոթել իրար հետ: Հիմա ի՞նչ պրոցես է սկսվել: Այն բանից հետո, երբ ես հայտարարում եմ, որ ինձ համարում եմ այս իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն, այս իրավիճակի բոլոր, այդ թվում՝ առաջնային մեղավորները, փորձում են 25-30 տարի իրենց չարածի և, ընդհակառակը, հակապետական իրենց գործունեության մեղավորությունը բարդել մեզ վրա: Եվ այս երևույթը, կներեք, պետք է շատ կոնկրետ գնահատականի արժանանա: Եվ ի՞նչ նկատի ունեմ՝ ի վերջո, Հայաստանի նախկին և ներկա պաշտոնյաներից քանի՞ հոգի է միլիոնատեր, քանի՞ հոգի եվրոպաներում, օֆշորներում, ամերիկաներում ունի առանձնատներ, ներդրումներ և այլն, և այլն: Եվ, ի վերջո, նրանք պատրաստվո՞ւմ են բացատրել:

«Ազատություն» ռադիոկայան –  Պարոն վարչապետ, ներողություն, բայց երբ Դուք սկսում եք թվարկել այս խնդիրները, տպավորություն է ստեղծվում, որ Դուք բոլորին մեղավոր եք համարում, բացի Ձեզնից: Բայց, ի վերջո, Դուք էիք այս իրավիճակում երկրի ղեկավարը, և ասում եք՝ պատասխանատվություն ստանձնում եք, բայց մեղադրանքներն ուղղում եք այլ ուղղություններով: Ո՞րն է Ձեր մեղքը, պարոն վարչապետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  – Շատ լավ: Ես ասում եմ՝ ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը:  Դա չի նշանակում, որ ես ասում եմ՝ ես մեղավոր չեմ: Ես ասում եմ, որ թիվ մեկ պատասխանատվությունը և թիվ մեկ մեղավորությունը եկեք իրար հետ չխառնենք: Որովհետև ես շատ պարզ հարց եմ տալիս: Մեզ ասում են՝ բա ինչո՞ւ այս 2,5 տարվա ընթացքում այս հարցը չի լուծվել, այն հարցը չի լուծվել, և թվարկում ենք 30 տարվա օրակարգ: Այո, իմ մեղավորությունը դա է, որ 2,5 տարվա ընթացքում չեն լուծվել բազմաթիվ հարցեր, որոնք կարող էին ավելի լավ լուծվել, և ես վերցնում եմ, ստանձնում եմ այդ պատասխանատվությունը: Բայց դա չի նշանակում, որ 30 տարվա, 25 տարվա չարածի մեղավորությունը պետք է բոլորը հրեն դեպի գործող կառավարություն:

«Ազատություն» ռադիոկայան – Ասում են՝ կա աքսիոմ, որ պարտված վարչապետը պետք է հեռանա: Անկախ նրանից՝ ի՞նչ օբյեկտիվ պատճառներում  է եղել այդ պարտությունը, անկախ բոլոր հանգամանքներից, անկախ 30 տարվա ընթացքում տեղի ունեցածից, պարտությունը եղել է Ձեր ժամանակ, Դուք եք եղել հայտարարությունն ստորագրողը: Պարտված վարչապետը պետք է հեռանա: Սա են պնդում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես արդեն այդ հարցին պատասխանեցի: Հարցն այն չէ, թե վարչապետը հեռանա՞, թե՞ չհեռանա, հարցն այն է, թե ով է որոշում, թե ո՞վ է Հայաստանի Հանրապետությունում վարչապետը: Ժողովուրդը պետք է իր ընտրությամբ որոշի: Եվ, իմիջիայլոց, մեղավոր, անմեղ, պատասխանատու, ոչ պատասխանատու՝ ո՞վ է դատավորը, ո՞վ պետք է լինի դատավորը: Հենց այդ եմ ասում: Այսօր այդ տեսակետն առաջ մղողների 75-80 տոկոսն այն մարդիկ են, ովքեր 2018 թվականի հունիսից ասում են, որ վարչապետը պետք է հեռանա, կառավարությունը պետք է հրաժարական տա: Նրանց համար, ըստ էության, ոչ մի բան չի փոխվել: Այդ նույն ուժերը, ասենք, 2019 թվականի դեկտեմբերին ի՞նչ էին ասում, այդ նույն ուժերը 2019 թվականի գարնանը ի՞նչ էին ասում, այդ նույն ուժերը 2018 թվականի դեկտեմբերին ի՞նչ էին ասում: Ասում էին նույն բանը:

«Ազատություն» ռադիոկայան –  Լավ, պարոն վարչապետ: Արտահերթի թեման փակելով՝  Դուք ակնարկել եք մի քանի անգամ, որ, այո, գնում է ձեր ուժը, ու մենք տեսնում ենք «Ընտրական օրենսգրքի» շուրջ քննարկումներ, «Կուսակցությունների մասին» օրենքի շուրջ, բայց հստակ չի ասվել, որ, այո, լինելու է արտահերթ: Հիմա կարող եք դա ասե՞լ՝ եթե այո, ապա ե՞րբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Չէ, գիտեք, արտահերթ ընտրությունները չեն կարող լինել միայն իմ կամքով և որոշմամբ: Դրա շուրջ պետք է ձեռք բերվի համաձայնություն:

«Ազատություն» ռադիոկայան – Ո՞ւմ հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Առաջին հերթին խորհրդարանական ուժերի հետ, և պետք է ձեռք բերվի համաձայնություն:

«Ազատություն» ռադիոկայան – Ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն ասում է՝ մենք միայն մի հարցով ենք պատրաստ Ձեզ հանդիպել՝ Ձեր հրաժարականի պայմանները քննարկելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես ասում եմ՝ ինչո՞ւ նրանք չեն պահանջում, և ինչո՞ւ նրանք չեն խոսում արտահերթ ընտրությունների մասին: Ո՞վ է որոշելու իշխանության ճակատագիրը Հայաստանի Հանրապետությունում: Հարցը իմ հրաժարականի և ոչ հրաժարականի թեման չէ: Հարցն այն է, թե ո՞վ է որոշելու իշխանության ճակատագիրը Հայաստանում: Ժողովրդի կողմից ընտրված վարչապետի հրաժարականը և հրաժարականին կարող է հասնել միայն ժողովուրդը, միայն ժողովուրդը՝ ապացուցելի կամարտահայտման միջոցով: Այսինքն՝ ի՞նչ է փորձ արվում անել: Փորձ է արվում ժողովրդից խլել իշխանություն ձևավորելու մանդատը, իրավունքը և այդ մեկ տարին օգտագործել՝ ըստ էության ընտրակեղծարարության մեխանիզմները վերականգնելու և հետագայում հանգիստ գործարկելու համար: Ես էլի եմ ասում՝ Հայաստանում կան մարդիկ, ովքեր պահանջում են հրաժարական չտալ: Ի վերջո, այդ մարդկանց ձայնը ես պիտի՞ լսեմ, թե՞ պիտի արհամարհեմ:

«Ազատություն» ռադիոկայան – Ամեն դեպքում արտահերթն ինչպե՞ս է լինելու: Դուք տալու եք հրաժարական, և երկու անգամ վարչապետ չի ընտրվելու, թե այլ մեխանիզմ: Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հայաստանի Հանրապետությունում արտահերթ ընտրություն անցկացնելու այլ մեխանիզմ ուղղակի գոյություն չունի:

«Ազատություն» ռադիոկայան – Անվստահության տարբերակ կա նաև:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Արտահերթ ընտրություն անցկացնելու այլ մեխանիզմ գոյություն չունի: 2018 թվականին այդ սցենարը կիրառվել է, և Հայաստանի Սահմանադրությամբ գործող այլ մեխանիզմ պարզապես գոյություն չունի:

«Ազատություն» ռադիոկայան – Իսկ դուք ժամկետները պատկերացնո՞ւմ եք, պարոն վարչապետ: Օրինակ, ընդդիմությունն ասում է՝ մեկ տարի հնարավոր չէ: Դուք կարծում եք՝ հաջորդ մեկ տարում հնարավո՞ր է, օրինակ, ամռանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կարծում եմ, որ դա ոչ թե ժամկետի հարց է, այլ իրադրության հարց: Այսինքն՝ խնդիրը ժամկետը չէ: Պարզ է, որ ընթացակարգային որոշակի ժամկետներ գոյություն ունեն: Դրանք Սահմանադրությամբ և օրենքով սահմանված են, բայց խնդիրն ավելի շատ իրադրության մասին է: Ինչո՞ւ, օրինակ, հենց հիմա արտահերթ ընտրություններ հնարավոր չեն կամ չարժե անել: Մի պարզ պատճառով, որովհետև արդեն ասացի՝ կա գերիների չլուծված հարց, կան որոնողական աշխատանքներ, որոնք ահավոր դժվար են գնում և հասկանալի պատճառներով, այդ թվում՝ Հայաստանի ներքին իրավիճակը լարելու համար Ադրբեջանն անընդհատ խոչընդոտներ է ստեղծում այդ աշխատանքների համար: Իսկ այդ արտահերթ ընտրությունների ընթացքում քարոզարշա՞վ է տեղի ունենալու: Բա այդ հարցերն ի՞նչ են լինելու: Ո՞վ է զբաղվելու այդ հարցերով:

«Ազատություն» ռադիոկայան – Եթե թույլ կտաք, անցնենք առաջ, քանի որ շատ են հարցերը: Ձեզ մեղադրում են դավաճանության մեջ՝ տարբեր խմբեր, պարոն վարչապետ: Վերջերս Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանը հրապարակեց տեղեկություն՝ պնդելով, որ 2018-ի հոկտեմբերին Դուբայում ԱԱԾ նախկին տնօրենը հանդիպել է Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցչին և ստացել ինչ-որ փակ ծրար, որում առաջարկվել է 5 միլիարդ դոլար՝ Արցախին հարակից 7 շրջանների դիմաց: Ի՞նչ կասեք այս մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ, այդ կապի մասին ժամանակին ես հայտարարել եմ հրապարակային: Բոլորը դրա մասին իմացել են, որ կա օպերատիվ կապ, և այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Դուշանբեի համաձայնություններից հետո: Այսինքն՝ այդտեղ որևէ գաղտնիք ընդհանրապես չի եղել: Երկրորդը, ես առաջարկում եմ, որ այդ հայտարարության հիման վրա հարուցվի քրեական գործ, և ընդդիմության շարքերն անցած նախկին պաշտոնյան գնա և ցուցմունք տա, այսինքն՝ ինչո՞ւ ցուցմունք, թող հրապարակային պարզաբանումներ տա:

«Ազատություն» ռադիոկայան – Նաև խոսել է այդ մասին, ասել է՝ այո, եղել է նման բան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եղել է և Ազգային անվտանգության ծառայության տնօրենն առնչվել է դավաճանության փաստի հետ և քրեական գործ չի՞ հարուցել և ձերբակալելու փորձ չի՞ արել դավաճանին: Ուրեմն ինքն է դավաճան, կամ առնվազն համադավաճան: Կամ, ենթադրենք, ինքը վարչապետին ենթակա մարմնի ղեկավար էր՝ հանցագործության մասին հաղորդում չի՞ տվել Հատուկ քննչական ծառայություն կամ Դատախազություն, կամ այդ պահին հրաժարական չի՞ տվել, չի՞ գնացել, ասուլիս արել, ասել՝ վայ, դավաճանություն է տեղի ունենում: Դա հո ասելո՞վ չէ:

Ես համաձայն եմ՝ եկեք պարզ, բաց, թափանցիկ քննություն անենք, տեսնենք՝ ո՞վ է դավաճան, և ո՞վ դավաճան չէ: Կամ ասում են՝ 5 միլիարդ դոլարով Ղարաբաղը և հողերը վաճառել է: Հետաքննություն արեք: Ես պատրաստ եմ, ես ժամանակին, իմիջիայլոց, այդ առաջարկը բոլորի համար եմ արել՝ թուղթ ստորագրել, լիազորագիր տալ, որ գնան, ամբողջ աշխարհում իմ և իմ ընտանիքի ունեցվածքն ստուգեն: Թող ստուգեն իմ՝ վարչապետ եղած ժամանակում իմ ընտանիքի նյութական վիճակը արդյոք որևէ կերպ բարելավվե՞լ է, որևէ կերպ:

«Ազատություն» ռադիոկայան – Պարոն վարչապետ, Ձեր հրաժարականը պահանջողները՝ որպես հիմնավորում, բերում են նաև Ադրբեջանի նախագահի որոշ հայտարարություններն անձամբ Ձեր հասցեին, որոնք վիրավորական, ծաղրական բնույթ ունեն և ասում են՝ սրանից հետո ինչպե՞ս եք գնալու նստեք այդ մարդու դիմաց, մեկ սեղանի շուրջ, և Հայաստանն արժանապատվորեն ներկայացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ Հայաստանում իշխանության ճակատագիրը որոշում է Ադրբեջանի նախագա՞հը, այսինքն՝ Ադրբեջանի նախագա՞հն է որոշում, թե ով լինի: Իսկ գուցե Ադրբեջանի նախագահը միանգամից ասի՝ ո՞վ է վարչապետի իրենց թեկնածուն: Ի՞նչ վատ գաղափար է որ: Ադրբեջանի նախագահը թող ասի՝ այսինչ մարդը, կարծում եմ, հարմար թեկնածու է Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ լինելու համար, իր հետ արժանապատիվ բանակցություններ ես կվարեմ: Իսկ կարո՞ղ է համաձայնեցված է արդեն Ադրբեջանի նախագահի հետ վարչապետի միասնական թեկնածուն: Կարո՞ղ է վարչապետի միասնական թեկնածուն ոչ միայն Հայաստանի ուժերի վարչապետի միասնական թեկնածու է, այլ ներառյալ Ադրբեջանի նախագահի միասնական թեկնածու է:

Ընդ որում, ես սա այսպես կիսազավեշտական եմ ասում, բայց էլի ուզում եմ հրավիրել Ձեր ուշադրությունը մի հանգամանքի վրա, որ արդեն բավական երկար ժամանակ, ընդ որում՝ երկար ամիսներ, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի ընդդիմադիր որոշ շրջանակների ասելիքը ճշգրիտ նույնն են: Երբեմն ակնհայտ է, որ, այսպես, փոխանցումներով են խաղում կամ աշխատում իրար հետ: Ես հենց դա եմ ասում, ասում եմ, որ այս պրոցեսի մեջ կա ուղղակի սպառնալիք պետականությանը: Որովհետև այդ խոսույթով մարդիկ ի՞նչ են ասում՝ ըստ էության, ասում են, որ Ադրբեջանի նախագահի կարծիքը վճռական նշանակություն ունի, թե ով լինի Հայաստանի վարչապետ: Դե թող միասնական ասեն՝ մենք համաձայնեցրել ենք այդ բոլոր հարցերը, թե ոնց ենք միասնական արժանապատիվ բանակցություններ վարելու:

«Ազատություն» ռադիոկայան – Գանք բանակցություններին, պարոն վարչապետ: Ի՞նչ է լինելու Արցախի կարգավիճակի հարցը: Ադրբեջանի նախագահն ասում է՝ նման հարց չկա օրակարգում, հակամարտությունը կարգավորված է: Մինսկի խմբին մենք տեսանք, ինչպես ընդունեց, բավական սառը, մեղմ ասած: Ի՞նչ է լինելու, ի վերջո:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դե գիտեք, ի վերջո, բանակցային գործընթացի ողջ ընթացքում Ադրբեջանն ասել է, որ Ղարաբաղի կարգավիճակ Ադրբեջանից դուրս չի կարող լինել: Միշտ է ասել: Բայց դրա արդյունքում բանակցությունները, միևնույն է, շարունակվել են, և բանակցային գործընթաց տեղի է ունեցել: Եվ էլի ես վերադառնում եմ նույնին. ի՞նչ պետք է մենք անենք՝ պետք է կայունացնենք իրավիճակը: Պետք է կայունացնենք իրավիճակը, և դա հեշտ չի լինելու: Եվ պետք է բոլորս կենտրոնանանք իրավիճակը կայունացնելու վրա, որպեսզի հնարավոր լինի այդ հարցերը, այդ օրակարգը…:

Տեսեք, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եկան Երևան, ըստ էության, հարցեր, որ մենք իրենց հետ քննարկեցինք, հետևյալն էին՝ որ բովանդակային հարցեր քննարկելուց առաջ պետք է հումանիտար հարցերը լուծվեն՝ գերիների փոխանակման, որոնողական աշխատանքների հարցերը լուծվեն, որպեսզի մենք ըստ էության քննարկումներ ունենանք համանախագահների հետ: Որովհետև այս պայմաններում, երբ հումանիտար բազմաթիվ հարցեր կան չլուծված, ըստ էության բանակցությունների մասին խոսք դժվար, շատ դժվար կլինի: Շատ դժվար կլինի: Իսկ կարգավիճակի հետ կապված մեր տեսլականը ես իմ հրապարակած Ճանապարհային քարտեզի առաջին կետում ձևակերպել եմ:

«Ազատություն» ռադիոկայան – Դուք պատրաստվո՞ւմ եք այդ սպասվող բանակցություններում բարձրացնել Հադրութի շրջանի խնդիրը, օրինակ, և ԼՂԻՄ-ի այն հատվածների խնդիրը, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք բոլոր հարցերը, որոնք կարևոր են Արցախի հետագա բնականոն կենսագործունեության համար, պատրաստվում ենք, իհարկե, բարձրացնել:

«Ազատություն» ռադիոկայան – Պարոն վարչապետ, երբ Ձեր ուղղությամբ քննադատություն է հնչում, նաև շատ է օրինակ բերվում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պարզաբանումը պատերազմից հետո: Մասնավորապես, նրա փոխանցմամբ՝ դեռ հունիս ամսին Ձեզ զեկուցվել էր, որ ամեն գնով պետք է խուսափել պատերազմից, քանի որ այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Ունենալով այս տեղեկությունը, պարոն վարչապետ՝ ինչո­՞ւ Դուք հուլիսին Տավուշում գնացիք իրավիճակի սրման ճանապարհով: Ինչո՞ւ այդ փոքր հաջողությունը Սարդարապատում ներկայացրեցիք որպես նշանակալի ձեռքբերում: Ինչո՞ւ էր ձեր պաշտպանության նախարարը խոսում «նոր պատերազմ, նոր տարածքներ» բանաձևով, ինչո՞ւ էր Սևրի պայմանագրի մասին հիշատակվում: Ինչո՞ւ գնալ այս քայլերին, երբ Ձեզ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ասում է՝ մենք պատերազմի պատրաստ չենք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք ինչ, մենք պետք է հասկանանք պատերազմից խուսափելու գինը. ի՞նչ գին էինք մենք պատրաստ վճարել պատերազմից խուսափելու համար: Բանակցային գործընթացը, ըստ էության, հասել էր մի կետի, երբ իրականության մեջ Ղարաբաղի 7 շրջանների վերադարձը դրվում էր որպես առաջնային հարց: Եվ պատերազմից խուսափելու տարբերակը, ըստ էության, Ղարաբաղի հետագա կարգավիճակից հրաժարվելն էր: Եվ մեզ առաջնորդում էր այն պարզ գիտակցումը, որն այսօր գործնականում ապացուցվում է՝ որ ցանկացած բան, որն ընդունելի է դառնում Հայաստանի համար, անընդունելի է Ադրբեջանի համար, և Ադրբեջանը ամեն անգամ բարձրացնում է իր պահանջների նշաձողը: Եվ, ըստ էության, իրավիճակը հասել էր մի կետի, երբ պատերազմն անխուսափելի էր: Պատերազմն ուղղակի անխուսափելի էր:

«Ազատություն» ռադիոկայան – Բայց մի՞թե թվարկածներս խուսափելու փորձեր էին: Սա տպավորություն է ստեղծում, թե, ընդհակառակը, մենք ավելի էինք սրում իրավիճակը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք ինչ, մենք փորձ էինք անում և պիտի փորձ անենք տեր կանգնել մեր իրավունքներին: Մենք փորձ էինք անում և պիտի փորձ անենք տեր կանգնել մեր իրավունքներին: Որովհետև հակառակը ուղղակի հանձնվելն է: Պատերազմից խուսափելու տարբերակը հանձնվելն է: Եթե մենք համարում ենք, որ հանձնվելը պատերազմից խուսափելու ճիշտ տարբերակ էր, ուրեմն, այո, մենք սխալ ենք արել, որ չենք հանձնվել:

«Ազատություն» ռադիոկայան – Բացատրելով, թե ինչո՞ւ հնարավոր չեղավ խուսափել պատերազմից՝ Դուք մեկ ամիս առաջ Ձեր ֆեյսբուքյան էջում գրեցիք, որ եթե մինչև պատերազմը գնայիք զիջումների, մարդիկ ասելու էին՝ «Նիկոլ, դավաճան», եթե չստորագրեիք, պատերազմը սկսվելու էր: Արդյոք հենց սա՞ չէ իշխանության դերը, պարոն վարչապետ. տիրապետելով իրավիճակին, իմանալով, որ մենք պատրաստ չենք պատերազմին, կայացնել, այո, ցավոտ որոշում, այո, ստանալ դավաճանի պիտակ, այո, հնարավոր է՝ կորցնել իշխանությունը, բայց կայացնել այդ պահին ամենաճիշտ հնարավոր որոշումը և փրկել մարդկանց կյանքեր և չգնալ աղետի: Արդյոք հենց սա՞ չէ իշխանության դերը, որովհետև նրանք, ովքեր Ձեզ ասում են դավաճան, այդ ամբողջ տեղեկատվությանը չեն տիրապետում: Նրանք Գլխավոր շտաբի պետից չեն ստանում զեկուցագրեր: Դուք ստանում եք, և հենց Դուք չպե՞տք է արդյոք կայացնեիք այդ որոշումը, այդ դժվար որոշումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք ինչ, նախ հուլիսին մեր բանակն անցել է մարտունակության փորձություն, և մեր բանակը մարտունակության փորձություն անցել է հաջող: Իհարկե, այնտեղ մասշտաբները չեն եղել այնպիսին, ինչպիսին եղավ հետագայում պատերազմի ընթացքում, բայց հուլիսին մեր բանակն անցել է մարտունակության որոշակի փորձություն: Ինչ վերաբերում է այդ գրառմանը, ես հետևյալն ասեմ. նույնիսկ զիջումների ճանապարհով՝ հնարավոր չէր լինելու խուսափել պատերազմից, որովհետև զիջումները, որոնք պետք է արվեին, դրանից հետո ավելի շատ զիջումներ էին պահանջվելու:

«Ազատություն» ռադիոկայան – Այսինքն՝ եթե մենք տայինք 5 կամ 7 շրջան, դա չէր կանխելու պատերազմը, ըստ Ձեզ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ոչ: Չէր կանխելու պատերազմը, մենք էլի կանգնելու էինք պատերազմը Ձեր ասած՝ ավելի վատ կետից շարունակելու անհրաժեշտության առաջ:

«Ազատություն» ռադիոկայան – Խաղաղապահներ չէի՞ն գալու այդ պարագայում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Փաստ չէ, որ խաղաղապահները գալու էին այդ պարագայում: Ամենևին փաստ չէ: Ո՞վ է ասել, որ խաղաղապահները գալու էին այդ պարագայում: Կամ եթե խաղաղապահները գալու էին, եկել են արդեն խաղաղապահները, մենք Խծաբերդ-Հին Թաղերում խուսափեցի՞նք պատերազմից, խուսափեցի՞նք մարտական գործողություններից: Այնտեղ են չէ՞ խաղաղապահները: Բա ինչո՞ւ չենք խուսափել մարտական գործողություններից: Եվ, իմիջիայլոց, ասեմ՝ խաղաղապահների հետ կապված ամեն ինչ այդքան պարզ չէ, որովհետև խաղաղապահների ամենատարբեր կոնֆիգուրացիաները կարող էին ամենատարբեր ռեակցիաներ առաջացնել տարածաշրջանում, և որոշակի կոնֆիգուրացիաներով խաղաղապահների հայտնվելը կարող էր ավելի մեծ պատերազմ առաջացնել մեր տարածաշրջանում:

«Ազատություն» ռադիոկայան – Պարոն վարչապետ, Դուք մի քանի անգամ հայտարարել եք, որ պատերազմի ընթացքում հայկական կողմը կռվել է մինչև այն կետը, երբ իմաստ ուներ կռվել: Այդուհանդերձ, Գլխավոր շտաբի պետը նույն իր պարզաբանման մեջ գրել է, որ պատերազմի 4-րդ օրը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է մեր կորուստները, ստեղծված իրադրության վերաբերյալ գնահատական և, ըստ էության, ասել, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ պատերազմը կանգնեցնելու համար: Չկա՞ հակասություն արդյոք այստեղ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ոչ:

«Ազատություն» ռադիոկայան – Գլխավոր շտաբի պետն ասում է՝ 4-րդ օրն ասում է՝ պետք է կանգնեցնենք, Դուք ասում եք՝ մենք կռվել ենք մինչև վերջին հնարավոր կետը, այսինքն՝ 44 օր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  –  Տեսեք, կանգնեցնելու հնարավորությունները, կանգնեցնելու ուղղությամբ տարվել են համապատասխան աշխատանքներ: Դուք մոռանում եք, որ եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարություն: Եղել է հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարությունը հրադադարի մասին: Դրանից հետո եղել է Ֆրանսիայի նախագահի միջնորդությունը հրադադարի մասին: Դրանից հետո եղել է Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը հրադադարի մասին: Այդ ընթացքում դիվանագիտական միջոցներ են ձեռնարկվել: Այդ ընթացքում ես խոսել եմ ցավոտ փոխզիջումների գնալու պատրաստակամության մասին: Անվտանգության խորհրդի նիստ եմ հրավիրել և ասել եմ, որ պատրաստվում եմ այսպիսի առաջարկներ անել՝ պատերազմը կանգնեցնելու համար: Հրավիրել եմ քաղաքական արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին: Այսինքն՝ այդ բոլոր առաջարկներն արվել են, այդ բոլոր միջոցները ձեռնարկվել են, և այս քննարկումների համատեքստում նորից պարզվել է նույնը՝ որ այն, ինչ ընդունելի է դառնում Հայաստանի համար, այսինքն՝ Հայաստանը պատրաստ է ընդունել, Ադրբեջանը չի ընդունում, չի ընդունել:

Եվ տեսեք՝ այն, ինչ նոյեմբերի 9-ից հետո համարվում է դավաճանություն, այստեղ էլ հակասություն կա այդ մեղադրանքի մեջ: Որովհետև մի դեպքում ասվում է՝ Աղդամը, Քելբաջարը, Լաչինը հանձնելու թուղթ ստորագրելը դավաճանություն է, մյուս կողմից ասվում է՝ ինչո՞ւ ավելի շուտ դա չէր արվում: Եվ ընդհանրապես այդ մեղադրանքների ներքին հակասությունները շատ կարևոր է պարզաբանել: Այսինքն՝ պատերազմը կանգնեցնելու համար Լաչինը, Քելբաջարը, Աղդամը հանձնելը սխալ էր, բայց Ֆիզուլին, Ջաբրաիլը, Զանգելանը, Կուբաթլին հանձնելը ճիշտ կլիներ: Այդ բոլոր փորձերն արվել են: Այդ բոլոր փորձերն արվել են:

«Ազատություն» ռադիոկայան – Բայց Դուք նաև պարզաբանել էիք, որ փորձերի մեծ մասը տապալվել են ի սկզբանե, քանի որ Շուշին էին պահանջում: Եվ ի սկզբանե խոսքը գնում էր այնտեղ բնակչության տեղափոխման մասին, ոչ թե քաղաքը ռազմական առումով հանձնելու: Եթե Դուք պատերազմի 4-րդ օրը գիտեիք, որ մենք պարտվում ենք, և Գլխավոր շտաբի պետը զեկուցում էր, տրամաբանակա՞ն չէր՝ գնալ այդ որոշմանը և, այո՛, թեկուզ բնակչությանը, համաձայնության գալ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դրանից հետո մենք որոշակի միջոցներ ենք ձեռնարկել: Միջոցներ ենք ձեռնարկել մեր սպառազինությունը համալրելու ուղղությամբ, զենք ձեռք բերելու ուղղությամբ, զենք ներկրելու ուղղությամբ: Մենք միջոցներ ենք ձեռնարկել կոնկրետ, որպեսզի սպառազինության, տեխնիկայի կորուստները համալրվեն: Եվ սպառազինության և տեխնիկայի կորուստները համալրվել են որոշակիորեն: Այսինքն՝ եղել է տրամաբանությունը հետևյալ կերպ. ինչ-որ մի տեղ կանգնեցնել պատերազմը, որը հնարավորություն կտա մեզ հնարավորինս բարենպաստ վիճակում լինել: Ես էլի եմ ասում՝ պատերազմը կանգնեցնելու ձևը և՛ ռազմական գործողությունների մեկնարկից առաջ, և՛ հետո, ըստ էության, հանձնվելն էր: Ես դրան չեմ համաձայնվել:

«Ազատություն» ռադիոկայան – Բայց չէ՞ որ Դուք գիտեիք, որ մենք պարտվելու ենք այդ պատերազմը: Ձեզ զեկուցել էին այդ մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես չգիտեի: Ոչ: Խոսքը դրա մասին չէ: Այդ զեկույցներից հետո արվել են կոնկրետ գործողություններ՝ սպառազինության, տեխնիկայի ձեռքբերման ուղղությամբ: Այդ զեկույցներից հետո արվել են կոնկրետ գործողություններ:

«Ազատություն» ռադիոկայան – Դուք կարծում էիք՝ դա բավարա՞ր կլիներ իրավիճակ փոխելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք ամեն ինչ արել ենք՝ իրավիճակը փոխելու համար:  Մենք ամեն ինչ արել ենք՝ իրավիճակը փոխելու համար:

«Ազատություն» ռադիոկայան – Պարոն վարչապետ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ասում են՝ նույնիսկ այս պայմաններում հնարավոր էր չպարտվել: Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր էր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ կարևոր հարց եք տալիս: Եկեք արձանագրենք: Եկեք արձանագրենք, որ բոլորն ընդունում են, որ այս իրավիճակում հնարավոր էր չպարտվել: Եվ Դուք մեր ընդդիմախոսների հարցադրումներով պատասխանեցիք Ձեր հարցին: Այսինքն՝ եթե իրենք էլ են ասում, որ հնարավոր էր չպարտվել, մենք էլ ենք վերլուծել, որ հնարավոր է չպարտվել, և եթե հնարավոր է չպարտվել, ուրեմն պետք չէ հանձնվել: Այսինքն՝ այս հարցը, հույս ունեմ, արանքից դուրս եկավ:

Հիմա՝ չպարտվելու կոնտեքստում այսպիսի մի մեղադրանք են առաջադրում, ասում են, որ ես եկել եմ և բանակը գլխատել եմ: Բանակում ոչ մի նոր մարդ չի հայտնվել: Ոչ մի նոր մարդ: Բոլոր այն մարդիկ, ովքեր բանակում իմ վարչապետության օրոք զբաղեցրել են բարձր պաշտոններ, նրանք բոլորը եղել են բարձրաստիճան զինվորականներ: Բոլորը՝ առանց բացառության որոնք իրենց ամբողջ կյանքն անցկացրել են բանակում: Իմ նշանակած Գլխավոր շտաբի առաջին պետը նախկինում եղել է Գլխավոր շտաբի պետի տեղակալ, եղել է բանակային կորպուսի հրամանատար, օպերատիվ բաժնի պետ: Իմ նշանակած Գլխավոր շտաբի երկրորդ պետը հեղափոխությունից առաջ եղել է Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ:

Մեր իշխանության օրոք որոշակի կադրային փոփոխություններ են տեղի ունեցել նաև Պաշտպանության բանակում: Պաշտպանության բանակի նոր հրամանատար նշանակվել է այն մարդը, ով նախկին հրամանատարի հենց ազատման պահին եղել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ: Այսինքն՝ բանակում մեր իշխանության օրոք ոչ մի նոր մարդ չի հայտնվել: Ոչ մի նոր մարդ: Եվ բոլոր պաշտոնյաները, ովքեր գործում են, բոլորը՝ Պաշտպանության բանակի այսօրվա հրամանատարը նախկինում եղել է Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ: Մեր իշխանության օրոք բանակում ոչ մի նոր մարդ չի հայտնվել, և մարդիկ են ղեկավարում բանակը, ովքեր, ըստ էության, բանակի ակունքներից են գալիս:

«Ազատություն» ռադիոկայան – Եթե թույլ կտաք, վերջին հարցը, պարոն վարչապետ: Հիմա Արցախի պաշտպանությամբ, ըստ էության մի մասով զբաղվում է ռուսական կողմը: Բնակարանների, լույսի, ջրի հարցերով ևս ռուսական կողմն է զբաղվում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կներեք՝  ո՞վ է այդպիսի բան ասել:

«Ազատություն» ռադիոկայան – Մենք տեսնում ենք դա ամեն օր, օրինակ, զեկույցներից, բնակարանաշինությունից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կներեք, Հայաստանի կառավարությունը Արցախում ծրագրեր իրականացնելու արդեն 8 որոշում է կայացրել, տասնյակ միլիարդավոր դրամներ է հատկացրել՝ Արցախի բնականոն կյանքը վերականգնելու համար: Այդ կառավարության նիստերը հեռարձակվում են, չէ՞: Նորմալ է, որ աջակցեն հոսանքի և ամենատարբեր հարցերով, ոչ մի տարօրինակ բան չկա: Բայց ասել, որ զբաղվում են ռուս խաղաղապահնե՞րը:

«Ազատություն» ռադիոկայան – Չէ, խոսքը միայն դրա մասին չէ, եթե թույլ կտաք՝ ավարտեմ: Միջազգային հայտնի փորձագետները, օրինակ, ասում են, որ այս իրավիճակում Արցախը դարձել է ռուսական դե ֆակտո անկլավ կամ ասում են՝ ռուսական պրոտեկտորատ: Կոնկրետ հայտնի փորձագետների մասին է խոսքը: Դուք ինչպե՞ս եք տեսնում Արցախի ճակատագիրը, ապագան և Հայաստանի դերը դրանում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես արդեն ասացի, որ բանակցային գործընթացով պետք է այդ խնդիրը լուծվի: Բանակցային գործընթացով պիտի այդ խնդիրը լուծվի:

«Ազատություն» ռադիոկայան – Հայաստանը շարունակելո՞ւ է լինել Արցախի անվտանգության երաշխավորը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, իհարկե, շարունակելու է: Եվ դրա համար Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի կայուն և զարգացող պետություն: Այսինքն՝ դրա համար մենք պետք է մեր ներքին անվտանգությունն ապահովենք, մեր սահմանների անձեռնմխելիությունն ապահովենք, որպեսզի դա լինի ոչ միայն հայտարարություն, այլև իրողություն: Եվ, էլի եմ ասում, անվտանգությունը միայն ֆիզիկական անվտանգությունը չէ, որն ամենակարևորն է, բնականաբար: Սոցիալական անվտանգությունն էլ է կարևոր: Տնտեսական անվտանգությունն էլ է կարևոր:

Հայաստանի կառավարությունն ամեն օր կայացնում է որոշումներ, ամեն օր չէ, համենայնդեպս, շատ հաճախ: Ես  վիճակագրությունը նայել եմ՝ այս ընթացքում տասնյակ որոշումներ են կայացվել, որոնք ուղղված են եղել Արցախի բնականոն կյանքի վերականգնմանն ու ապահովմանը: Ժողովրդագրական անվտանգությունը նույնպես խնդիր է, ճի՞շտ է, և այսօր միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի մարդիկ վերադառնան Արցախ, և այդ ջանքերը շարունակելու են գործադրվել:

Արդեն ասացի՝ բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել, որոշումներ ենք ընդունել, որոնք բոլորը չէ, որ վերաբերում են միայն Արցախին: Բայց նաև վերաբերում են նաև Արցախին: Մասնավորապես, զոհված զինծառայողների ընտանիքներին սոցիալական երաշխիքների վերաբերյալ, և այլն, և այդպես շարունակ, որոնց շահառուները նաև Արցախի բնակիչներ ու քաղաքացիներ են, բնականաբար: Եվ էլ չեմ ասում, որ Արցախում կա իշխանություն, կառավարություն, որի հետ մենք սերտորեն համագործակցում ենք:

«Ազատություն» ռադիոկայան – Պարոն վարչապետ, Դուք թվարկեցիք, որ Պաշտպանության բանակում, Պաշտպանության նախարարությունում կադրային էական փոփոխություններ չեն եղել: Դրան զուգահեռ՝ Դուք մշտապես հայտարարում եք, որ այնտեղ եղել է կոռուպցիա, կոնկրետ անուն եք տվել կամ ակնարկել եք, ներողություն, ավելի ճիշտ, որ եղել է մի քանի միլիարդ դրամի կոռուպցիոն գործարք, որը, ըստ էության, վերաբերում էր Մովսես Հակոբյանին: Դուք հենց Մովսես Հակոբյանին պաշտոնի եք նշանակել, պարոն վարչապետ: Եթե այդ մարդուն համարում էիք պոտենցիալ կոռուպցիոներ և ոչ միայն նրան՝ նրա օրինակով այլոց, ինչո՞ւ եք թողել այդ մարդկանց պաշտոնների և նոր պաշտոններ տվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Լավ հիշեցրիք, որովհետև երբ ես թվարկում էի իմ իրականացրած կադրային փոփոխությունները, պետք է արձանագրեմ, որ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատվելուց հետո 2018 թվականի մայիսի դրության Գլխավոր շտաբի պետի պաշտոնն զբաղեցրած անձը նշանակվել է Գլխավոր ռազմական տեսուչ, որն էլի ռազմական ոլորտի կարևորագույն պաշտոններից մեկն է: Համենայնդեպս՝ առաջին երեք կարևորագույն պաշտոններից մեկը: Եվ, ըստ էության, այս մոտեցումը ցուցաբերվել է, ես չասացի, որ էական փոփոխություններ չեն եղել, կադրային էական փոփոխություններ եղել են, ես ասացի, որ նոր մարդ չի բերվել բանակ, և ընդամենը տեղի է ունեցել առաջխաղացում, ինչը ցանկացած բանակում նորմալ և բնականոն երևույթ է: Ես նկատի ունեմ՝ բանակում, այսպես ասած, օտար մարդիկ և օտար մարմին չի ներդրվել, չի ներմուծվել: Սրա մասին է խոսքը:

Ինչ վերաբերում է կոնկրետ անձանց, ես խոսել եմ կոնկրետ դեպքի մասին, որի վերաբերյալ կա քրեական գործ, և ընթանում է քննություն: Խնդիրն այն է, որ Ձեր նշած պաշտոնյան իր ասուլիսում հայտարարություն էր արել, թե ժամանակին իրեն  ինչ-որ գնման համար առաջարկել են ատկատ, և ինքը հրաժարվել է այդ մի գործարքից: Հարցը հետևյալն է՝ այս պարագայում չաշխատող զենքը ձեռք բերելու համար առաջարկվե՞լ է ատկատ, թե՞ չի առաջարկվել: Եթե չի առաջարկվել, ինչո՞ւ է այդ զենքը գնվել: Դրա հետ կապված կա քրեական գործ,  և քրեական գործը պիտի տա պատասխանը: Ես չեմ կարող դատավճիռ կայացնել, որ այս ինչ մարդը կոռուպցիոներ է, այս ինչ մարդը կոռուպցիոներ չէ: Դատավճիռ պետք է կայացվի քրեական գործի արդյունքում:

Բայց նաև հասկանալով իրադրության նրբությունը՝ ես շատ կարևոր եմ համարել, որպեսզի բանակում ցնցումային երևույթներ տեղի չունենան: Ցնցումներ տեղի չունենան: Որպեսզի բանակն իր բնականոն զարգացումը շարունակի և ապահովի: Սրա մասին է խոսքը: Որովհետև նույն տրամաբանությամբ՝ ես չեմ կարող կամ որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ 2018 թվականից հետո Զինված ուժերում աշխատել են բացառապես չկոռումպացված անձինք: Չի կարող որևէ մեկը դա երաշխավորել: Բայց դա ի՞նչ է նշանակում: Նշանակում է՝ բոլորին պետք էր աշխատանքից ազատե՞լ այն կանխավարկածով, որ իրենք աշխատել են այդպիսի միջավայրում: Իհարկե՝ ոչ: Բոլորին ազատելուց հետո ո՞ւմ էր պետք նշանակել նրանց տեղը:

«Ազատություն» ռադիոկայան – Մովսես Հակոբյանի ասուլիսի թեման շարունակելով՝ նա մի պնդում արեց, որ Դուք պատերազմի սկզբում հրահանգել եք դադարեցնել զորակոչը և միայն կամավորներին ուղարկել ռազմաճակատ: Եվ ասում էր՝ կա ձայնագրություն, մարդիկ ունեն, երեկ իրավապահներն ասացին, որ կարծես նման բան չի ներկայացվել: Ամեն դեպքում՝ Ձեր պատասխանը դրան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես դրան անդրադարձել եմ: Դա կատարյալ անհեթեթություն է: Կատարյալ անհեթեթություն է: Կա ձայնագրություն, թող հրապարակեն: Ախր հասկանում եք, այս լրատվական մանիպուլյացիան, թե կա ձայնագրություն: Կա ձայնագրություն՝ հրապարակեք: Հիմա էլ քրեական գործ է հարուցված: Չեք ուզում հրապարակեք, տարեք, տվեք, թող կցեն քրեական գործի նյութերին, քննեն: Լավ, չեք վստահում նախաքննությանը, հրապարակեք: Ասուլիս արեք, միացրեք ձայնագրությունը, թող բոլորը լսեն, թե այդ ինչի մասին է խոսքը: Ես, բնականաբար, այդպիսի որոշում չեմ կայացրել և չէի կարող կայացնել:

«Ազատություն» ռադիոկայան – Պարոն վարչապետ, Դուք ևս շատ եք անդրադարձել, որ այս պատերազմի ընթացքում մեր պարտության պատճառներից մեկը դավաճանության դեպքերն են եղել: Ես ուզում եմ իմանալ՝ ինչո՞ւ մենք մինչ օրս, պատերազմի ավարտից բավական ժամանակ է անցել, չունենք տվյալներ, քրեական գործեր, անուններ մարդկանց մասին, ովքեր կարևոր դերակատարում են ունեցել այս պարտության մեջ՝ իրականացնելով դավաճանություն: Պատերազմի սկզբում հայտնի դարձավ մի դեպքի մասին, բայց հանրությունը կարծես դեռ հարցեր ունի, ասում է՝ լավ, Դուք ասում եք՝ կան դավաճաններ, ասեք՝ ովքե՞ր են այդ մարդիկ, և իրավական գործընթաց ձեռնարկեք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, օրինակ, ես վերջին շրջանում շատ հանդիպումներ եմ ունենում զոհված զինվորների, անհետ կորած զինվորների, գերեվարված զինվորների հարազատների հետ, և նրանք դրվագներ են պատմում, որոնք իսկապես պետք է արժանանան լրջագույն քննության: Երեկ, օրինակ, այդպիսի մի հանդիպում ավարտվել է նրանով, որ զինվորների հարազատները հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին, և Քննչական կոմիտեի ներկայացուցիչները այդ հաղորդումը պետք է ընդունեին, և սկսվեր քննություն: Եվ կան նաև հրապարակային վկայություններ: Հրապարակային վկայություններ այն մասին, որ պատերազմի ընթացքում ինչ-որ մարդիկ շրջել են՝ զորքերով և ասել են, որ կռվելն իմաստ չունի, որովհետև հողերը հանձնված են, հողերը վաճառված են:

Այս բոլոր երևույթները պետք է արժանանան քննության և արժանանում են քննության: Այլ բան, որ հիմա, էլի եմ ասում, շատ մեծ ուժեր են կենտրոնացած, այդ թվում՝ Քննչական մարմինների, անհայտ կորած զինվորների, զոհված զինվորների ճակատագրերը պարզելու ուղղությամբ: Եվ ես լիարժեք կիսում եմ այն կարծիքը, որ այս ամբողջ պատմությունը պետք է համապարփակ քննության ենթարկվի, և հանրությունը պետք է ունենա ամբողջական պատասխաններ: Եվ, իմիջիայլոց, ես նաև այդպիսի կասկածներ ունեմ, որ ոմանք փորձում են պրոցեսները զարգացնել այն ուղղությամբ, որ որոշ ճշմարտություններ բացահայտելու և հանրության համար պարզաբանելու հնարավորություն ընդհանրապես չլինի: Սա նույնպես շատ կարևոր նրբերանգ է: Նույնպես շատ կարևոր նրբերանգ է, որի վրա ես Ձեր և հանրության ուշադրությունը ուզում եմ հրավիրել:

«Ազատություն» ռադիոկայան – Դուք կարո՞ղ եք ասել, արդյոք, կա՞ն բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր հիմա մեղադրվում են դավաճանության մեջ: Գեներալներ, բանակի ներկայացուցիչներ, գուցե ոչ զինվորական, բայց այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Արդեն խոսվել է նրա մասին, որ եղել են դեպքեր, երբ հրաման, առաջադրանք չի կատարվել, և այդ առաջադրանքի չկատարումը՝ կոնկրետ ուղղությամբ, կոնկրետ օրը, կոնկրետ օպերացիայի ժամանակ, ճակատագրական նշանակություն է ունեցել պատերազմի հետագա ողջ ընթացքի համար: Եվ երեկ, օրինակ, իմ նշած հաղորդման մեջ, որ անհետ կորածների հարազատները ներկայացնում էին, այո, շոշափվում է նաև գեներալի անուն-ազգանուն: Եվ այլ դրվագով նույնպես այդ նույն գեներալի անուն-ազգանունը շոշափվում է: Բայց ես պնդում չեմ անի, որովհետև հանգամանքները պետք է պարզվեն:

Ես Ձեզ ասեմ նաև՝ ի՞նչ դրվագի մասին է խոսքը: Դու համացանցում թերևս տեսել եք այն դրվագը, երբ զորամաս է անցնում ադրբեջանցիների վերահսկողության տակ, և այդ զորամասում մենք տեսնում ենք՝ տանկերը կանգնած են, արկերը տեղում են, զենք-զինամթերքը տեղում է, բայց զինվորներ չկան: Այս դրվագը պետք է պարզաբանվի, թե ոնց է պատահել: Ուրիշ բան, երբ մարտ է տեղի ունենում, և մարտի արդյունքում կարող է լինել ինչպես հաղթանակ, այնպես էլ պարտություն: Բայց ինչպե՞ս է պատահում, որ անվնաս զորամասն անցնում է հակառակորդին: Ընդ որում՝ տանկերը կանգնած, հրանոթները կանգնած, ֆագոտները տեղում, զենք- զինամթերքը տեղում: Սա հարց է, որի պատասխանը պետք է տրվի, չէ՞: Այս դրվագի տակ չի կարող ինչ-որ մի սխալ տեղի չունենալ:

Ես ձեզ կարող եմ մի բան 100 տոկոսով հավաստիացնել. ես այդպիսի հրաման, որևէ մեկը՝ որևէ մեկը չեմ կարող ասել, համենայնդեպս այն շրջանակից, որը ես գիտեմ, որևէ մեկն այդպիսի հրաման չի տվել, որ զորամասը զենք-զինամթերքով թողեք հակառակորդին: Բայց ո՞վ է թողել: Ինչ-որ մեկը որոշում կայացրել է, չէ՞: Մենք գիտենք՝ ով է այդ ինչ-որ մեկը: Եվ այդ դրվագով պետք է տեղի ունենա քննություն: Այդ դրվագի քննությունն ինչի՞ կբերի, և հանցանքը կամ արարքն ինչպե՞ս կորակվի՝ պետական դավաճանություն, չգիտեմ, զինվորական երդման խախտում, ի՞նչ կոնկրետ որակում կստանա, դա ուրիշ հարց է, բայց այդ տեսարանն ակնհայտ է: Եվ այսպիսի տեսարաններ էլի կան:

«Ազատություն» ռադիոկայան – Այդ զենքերը Բաքվում էին ցուցադրվում օրեր առաջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո: Այդ զորամասը՝ զենք-զինամթերքով, ինչպե՞ս է հայտնվել իրենց մոտ, որովհետև ասում եմ՝ այնտեղ, այդ տեսանյութերի մեջ մարտի որևէ հետք չկա: Այսինքն՝ չկար, որ ինչ-որ բան այրվում է, ինչ-որ բան ավերվել է: Այս հարցը պետք է պատասխան ստանա՞, թե՞ չէ: Եվ ի՞նչ կապ ունի դա այն դրվագների հետ, որ առաջնագծից եկած կամավորները, չէ՞, հարցազրույց են տալիս, պատմում, ասում են՝ մեզ գալիս, ասում էին, որ մի կռվեք, անիմաստ է այս կռիվը: Այդպիսի փաստի առիթով, ես նախկինում հայտարարել եմ, քրեական գործ հարուցվել է դեռևս հոկտեմբեր ամսին:

«Ազատություն» ռադիոկայան – Պարոն վարչապետ, Դուք մի քանի անգամ ասել եք, որ Դուք չեք մարտ վարել, բնականաբար, և մարտական հրահանգները տվողը Դուք չէիք: Բայց ասում են, որ, օրինակ, Ձեր կողմից եղել է հրահանգ՝ վերցնել Լելե Թեփե բարձունքը, որը 2016-ին Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ կորսվեց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իմ կողմից նման հրահանգ չի եղել՝ վերցնել Լելե Թեփե բարձունքը:

«Ազատություն» ռադիոկայան – Դուք երբևէ տվե՞լ եք որևէ մարտական գործողության հրահանգ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես որևէ մարտական գործողության հրահանգ չեմ տվել: Եվ, իմիջիայլոց, շատ կարևոր դրվագ, որը կապ ունի Ձեր նախորդ հարցերից մեկի հետ: Եղել է դեպք, երբ կոնկրետ իրադրությունը լուծելու շուրջ եղել է խորհրդակցություն զինվորականների մասնակցությամբ, և, կարծիքներ լսելով, եկել ենք եզրահանգման, որ պետք է այսպիսի գործողություն իրականացնել: Եվ այդ գործողությունն է, որը ճակատագրական նշանակություն պետք է ունենար, բայց այդ գործողությունը հաջողության չի հասել առանցքային ստորաբաժանումներից մեկի կողմից առաջադրանքի կատարման ուղղությամբ գործողություններ չանելու պատճառով: Հիմա պատճառաբանվում է, որ հրամանատարը վիրավորվել է, հետո վարկածներ կան, որ իրականում ոչ թե վիրավորվել է, այլ ինքն իրեն է վիրավորել: Այս հանգամանքները պետք է պարզվեն, բայց որ ես ասեմ՝ այ, գնացեք, այս ինչ գործողությունն այս ինչ ձևով…: Ես քաղաքական խնդիր եմ ձևակերպել: Բայց ես ռազմական գործողությունների մանրամասներին, բնականաբար, չեմ միջամտել՝ նաև դրա լիազորությունը չունենալու բերումով, նաև պատեհ չհամարելով:

«Ազատություն» ռադիոկայան – Պարոն վարչապետ, մենք Բաքվի զորահանդեսին անդրադարձանք: Այնտեղ ելույթներում Ադրբեջանի նախագահը խոսեց տարածքային նկրտումների մասին, որոնք նախկինում էլ էին արվել, բայց այս զորահանդեսի ֆոնին բավական մեծ արձագանք գտան: Խոսքը Զանգեզուրի, Երևանի, Սևանի մասին է, որոնք նա համարում է ադրբեջանական տարածքներ: Ո՞րն է մեր գործողությունն այս պարագայում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իմիջիայլոց, ես մոռացա պատասխանել հետևյալ մի կարևոր հարցի, որովհետև մինչև վերջին օրը, նախավերջին օրը ընդհանուր գնահատականը եղել է այն, որ պատերազմը, այնուամենայնիվ, չի սկսվի:

«Ազատություն» ռադիոկայան – Ո՞ւմ  կողմից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեր, նաև ռազմաքաղաքական մարմինների, ինստիտուտների կողմից մինչև ամենավերջին օրը պատերազմի հավանականությունը բարձր չի գնահատվել: Սա էլ է շատ կարևոր հանգամանք:

«Ազատություն» ռադիոկայան – Բայց չէ՞ որ մենք ունենք Գլխավոր շտաբի պետի հայտարարությունը, որ հունիս ամսին իր նշանակումից հետո ասել է՝ սպասվում է պատերազմ, որին մենք պատրաստ չենք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, պատերազմ սպասվում է միշտ: Վերջին 15 տարվա ընթացքում կամ 10 տարվա ընթացքում բոլոր զեկույցներում եղել է, որ պատերազմը սպասվում է: Եվ «պատերազմին պատրաստ չենք» արտահայտությունն այնքան էլ կոռեկտ արտահայտություն չէ: Որովհետև Զինված ուժերն ունենում են կիրառման պլան, և Զինված ուժերը միշտ պետք է պատրաստ լինեն պատերազմին: Որովհետև եթե Զինված ուժերը պատրաստ չեն պատերազմի, ուրեմն իրենց գոյությունն անիմաստ է:

«Ազատություն» ռադիոկայան – Խոսքն ուժերի հարաբերակցության խախտված լինելու մասին է, քանի որ Թուրքիան ևս միացել էր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, բայց միշտ էլ կոնցեպտը եղել է այն, որ սահմանափակ ուժերի արդյունավետ կիրառմամբ պետք է լուծել անվտանգության խնդիրը: Եվ ես երբեք չեմ լսել գնահատական, որ դա հնարավոր չէ, երբեք չեմ լսել գնահատական: Նաև Ձեր հարցին ի պատասխան, Դուք ինքներդ ասացիք, որ մեր ընդդիմախոսները նույնպես ասում են, որ այդ հաղթանակը հնարավոր էր: Եվ մենք ելել ենք այն տրամաբանությունից, որ եթե հաղթանակը հնարավոր է, հաղթանակ ասելով՝ այսինքն՝ հակառակորդին կանգնեցնելը և հակահարված տալը հնարավոր է, ուրեմն հանձնվելու անհրաժեշտություն չկա: Եվ ես կարծում եմ, որ դա ճիշտ մոտեցում է:

«Ազատություն» ռադիոկայան – Ամենավերջին հարցը՝ Բաքվի հետ կապված: Ամեն դեպքում Ադրբեջանի նախագահն այդ շքերթում հայտարարեց Զանգեզուրի, Սևանի, Երևանի, իր ձևակերպմամբ, ադրբեջանական տարածքներ լինելու մասին: Այս հայտարարության ֆոնին մենք տեսնում ենք Երևանում Ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչները խոսում են Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու մասին: Չկա՞ այստեղ պատկերացումների հակասություն: Նրանք խոսում են մեր մայրաքաղաքի գրավման մասին, մենք պատասխանում ենք, որ պիտի հարաբերություն բարելավենք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, այդ հարցը և դիլեման միշտ էլ եղել է: Միշտ էլ եղել է: Ադրբեջանի այդ հայտարարությունը նորություն չէ: 15 տարի է, 10 տարի է՝ առնվազն դրա մասին հայտարարում են: Ինչի՞ են բանակցություններ գնացել այդ պարագայում: Եվ էլի, տեսեք՝ անընդհատ մենք ընկնում ենք հակասությունների մեջ: Մի կողմից, ասվում է, որ իրենք խոսում էին Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու մասին, բա Դուք ինչո՞ւ չէիք գնում բանակցությունների և հարաբերությունները կարգավորելու: Հիմա էլ ասում են, որ նրանք խոսում են Երևանի և Զանգեզուրի մասին, բա ինչո՞ւ ենք խոսում հարաբերությունները կարգավորելու մասին:

Այսինքն՝ տեսեք, անընդհատ այս հակասություններն են: Ընդ որում, դրանք անհատական կամ խմբային հակասություններ չեն, այդ հակասությունները, կարծում եմ, մեր հանրային ընկալման և հանրային-քաղաքական ընկալման մեջ գոյություն ունեցող հակասություններ են: Այսինքն, մի դեպքում մենք ասում ենք՝ ինչո՞ւ չենք գնացել-բանակցել և ինչո՞ւ հարաբերությունները չենք կարգավորել, մյուս դեպքում ասում ենք՝ ինչո՞ւ ենք խոսում հարաբերությունները կարգավորելու և բանակցությունների մասին: Եվ եթե շատ, այսպես ասած, խորը վերլուծենք, կտեսնենք, որ մեր խնդիրները երևի թե առաջանում են այս հայեցակարգային մակարդակում մեր անելիքները չճշգրտելու արդյունքում և հետևանքով: Հետևաբար, թերևս մեր առաջիկա կարևոր անելիքը մեր ապագայի մասին մեր պատկերացումները և այդ ապագային հասնելու գործիքակազմը ճշգրտելն է: Որը, կարծում եմ, այսօր ամենակարևոր անելիքն է, որ պետք է անենք:

«Ազատություն» ռադիոկայան – Շատ լավ: Շնորհակալ եմ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031