Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյան․«Եթե մենք Նիկոլին հեռացնեինք պատերազմի առաջին օրերին, պատերազմն ավարտվելու էր մեր հաղթանակով»

Դեկտեմբեր 16,2020 21:44

Այսօր Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած արժանապատվության երթի ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում անդրադարձավ գերիների եւ անհետ կորածների խնդրին։ Նա ասաց, որ անցնող  34 օրերի ընթացքում հանրահավաքների ժամանակ փորձել են այս թեմային քիչ անդրադառնալ, որպեսզի ոմանք դա չմեկնաբանեն իբրեւ քաղաքական շահարկում․ «Որպեսզի տպավորություն չստեղծվի, որ այդ թեման օգտագործում ենք մեր հավաքների թիվը մեծացնելու ու ժողովրդի զգացմունքի հետ խաղալու համար։ Սակայն անցնող  34 օրերին իշխանությունն իր խամաճիկներով անընդհատ երկրում փորձում է մթնոլորտ ստեղծել, որ մենք ունենք զոհեր, կորուստներ, գերիներ, բայց ընդդիմադիրները ցույց են անում։ Մենք որեւէ իրավասություն եւ հնարավորություն որպես ընդդիմություն եւ որպես Հայրենիքի փրկության շարժում,  չենք ունեցել զբաղվելու մեր գերիներով»։

Պարոն Սաղաթելյանն ասաց, որ այդ խնդրով պետք է զբաղվի ՀՀ կառավարությունն ու  վարչապետը,  ԱԳՆ-ն․«Բայց քանի որ  իրենք անմեղսունակ են, անկարող են, 34  օրերի ընթացքում այդ հարցը  չեն կարողացել լուծել, եւ անընդհատ սլաքներն ուղղել են այլ ուղղությամբ, մեր պայքարը միտված է եղել այդ հարցի լուծմանը։ Մենք բազմաթիվ անգամ ասել ենք՝ եթե Նիկոլին հեռացնեինք վեց ամիս առաջ՝ պատերազմը չէր լինի, եթե նրան հեռացնեինք պատերազմի առաջին օրերին՝ պատերազմն ավարտվելու էր մեր հաղթանակով, եթե մենք Նիկոլին հեռացնեինք այն ստորացուցիչ պայմանագրի կնքման օրը, մենք այս 34 օրերին չէինք ունենա այս կորուստները։ Արդեն ունենք 11 զոհ, ունենք նոր գերիներ եւ 4 գյուղերի կորուստ։ Մենք մեկ ամիս առաջ ասում էինք՝ այս մարդու մեկ օր ավել մնալը կորուստ է մեր երկրի համար, ոմանք սա չէին հասկանում, ոմանք սա չէին գիտակցում, հիմա գոնե համոզվեք, հասկացեք՝ էս մարդու մի րոպե ավել մնալը կորուստ է մեր երկրի համար։  Նիկոլը պետ է հեռանա եւ վերջ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031