Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված գյումրեցի 7 կամավորականներ կարողացել են ճեղքել օղակն ու հասնել անվտանգ գոտի։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց ընդդիմադիր Կարապետ Պողոսյանը՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ չհրապարակելով մեր հերոսների անունները ու առայժմ նրանց հնարամտության մասին մանրամասներ չներկայացնելով։
Նա այս ուրախալի լուրով կիսվել է նաև ֆեյսբուքյան իր էջում, գրելով․ «Ուրախ լուր․ քիչ առաջ զանգահարեց Խծաբերդում շրջափակման մեջ գտնվող ընկերներիցս մեկը, իրեն ու ևս վեց գյումրեցու հաջողվել է ճեղքել օղակը, հասնել անվտանգ գոտի: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ անուններ ու հանգամանքներ այսօր չեմ նշի»:
Հիշեցնենք, որ Խծաբերդում շրջափակման ու գերեվարման մեջ էին հայտնվել մոտ 160 շիրակցի կամավորականներ, որոնց հարազատները վաղ առավոտից Շիրակի մարզի տարբեր հատվածներում բողոքի ցույցեր են անցկացնում։ Նրանք փակել էին Գյումրի-Երևան, Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհները, շրջափակել նաև Շիրակի մարզպետարանի շենքը։
Կարդացեք նաև
Այս պահին դարձյալ հավաքվել են Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց․ բողոքի ցույցերը դեռ շարունակվում են։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ https://www.vnews.am/-ի