Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե Արայիկ Հարությունյանը մտածել է, որ նման կերպ քաղաքական քծնանքի դրսեւորում կցուցաբերի ՌԴ-ի հանդեպ»

Դեկտեմբեր 16,2020 20:22

«Ինձ համար էլ էր զարմանալի, թե ինչու Արայիկ Հարությունյանը չհանդիպեց Մինսկի խմբի համանախագահների հետ»,-Aravot.am-ի հետ զրույցում այսօր ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ օրերս Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը տեղի չունեցավ, որովհետեւ ձեւաչափը լիարժեք չէր, բացակայում էր ՌԴ համանախագահողը, եւ հանդիպումը «չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ»:

Նկատենք, որ ՀՀ ԱԳ նախարարի եւ ԱՄՆ-ն, Ֆրանսիան ներկայացնող համանախագահների հանդիպումը Երեւանում ոչ լիարժեք ձեւաչափով, սակայն կայացավ: 

«Կարծում եմ՝ դա լուրջ հիմնավորում չի: Առնվազն անհասկանալի են Արայիկ Հարությունյանի շարժառիթները, թե ինչու չհանդիպեց: Որեւէ լուրջ հիմնավորում չեմ լսել»,-նշեց Երվանդ Բոզոյանը: Հարցին՝ «կա՞ն հիմքեր ենթադրելու, որ հայաստանյան կողմի որոշմամբ է այդ հանդիպումը չեղարկվել», Երվանդ Բոզոյանը պատասխանեց. «Չեմ տիրապետում նման տեղեկատվության, կդժվարանամ գնահատել, թե ինչու հայկական կողմը պետք է ուղղորդեր: Ոչինչ չեմ բացառում, որովհետեւ այնքան անհասկանալի բաներ տեսանք ու լսեցինք, որ արդեն ոչինչ չի զարմացնում այս պայմաններում»:

Քաղաքագետ Արա Պապյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց. «Անկախ այն հանգամանքից՝ եռանախագահությունն ամբո՞ղջ կազմով էր ներկայացված, թե ոչ, Արայիկ Հարությունյանը պետք է շտապեր հանդիպման, որովհետեւ դա մեծ հնարավորություն էր ներկայացնելու գոնե Արցախի տեսակետը: Չմասնակցելով դրան՝ դա առնվազն հնարավորության կորուստ էր, իսկ կոշտ գնահատմամբ՝ Արցախի շահերի դավաճանություն: Ես չեմ կարծում, որ դա էր իրական պատճառը, որը ներկայացվում է: Ի վերջո, հայաստանյան ղեկավարությունը հանդիպել է: Հանդիպեց անգամ Բաքվի ղեկավարությունը, թեեւ ասաց, որ չի հրավիրել, բայց, այդուհանդերձ, համարձակություն չունեցավ արհամարհելու եւ չհանդիպելու:

Հետեւաբար, Արայիկ Հարությունյանն առավել քան շահագրգռված պետք է լիներ հանդիպել: Կարծում եմ՝ երկու պատճառ կարող է լինել: Մեկը ռուսական կողմի՝ չհանդիպելու հորդորն է Արայիկ Հարությունյանին, ցույց տալու համար, որ խնդիրը լուծվում է Ռուսաստանի հովանու ներքո՝ ռուս-թուրքական համաձայնությամբ: Եթե այդպես է, դա շատ վատ է, որովհետեւ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դիրքորոշումներից դատելով՝ դրանք բավականին արցախանպաստ էին: Կարելի է եւ ավելի վատը ենթադրել, որ ռուսական կողմի հորդոր չի եղել, պարզապես Արայիկ Հարությունյանը մտածել է, որ նման կերպ քաղաքական քծնանքի դրսեւորում կցուցաբերի ՌԴ-ի հանդեպ, եւ դա ավելի լավ կլինի: Կարծում եմ՝ դա լրջագույն սխալ էր»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031