Լրահոս
Օրվա լրահոսը

«Կապ եմ հաստատել Խծաբերդում գտնվող մեր ընկերների հետ, ասացին՝ 34 հոգի այս գիշեր են գերեվարվել»․ Կարապետ Պողոսյան

Դեկտեմբեր 16,2020 20:02

Ընդդիմադիր Կարապետ Պողոսյանը, որը երեկ ահազանգել էր Շիրակի մարզի կամավորագրված մոտ 20 պաշտոնյաների՝ Շուշիի շրջանի Հին Շեն բնակավայրի մոտակայքում 3 օր շարունակ շրջափակման մեջ հայտնվելու մասին, այսօր ասաց՝ գիշերը 34 հոգի են գերեվարվել, որոնց մեծ մասը Գյումրիից ու Շիրակի մարզի գյուղերից են։

Ընդհանուր առմամբ, ըստ նրա տվյալների, Հին Շենի և Խծաբերդի հատվածներում մոտ 150 գերեվարված ու շրջափակման մեջ գտնվող շիրակցիներ կան։

«Երկու օր առաջ էինք տեղեկացված, որ Հին Շենում տղաները գտնվում են շրջափակման մեջ, բայց երեկ այդ շրջափակումն ավելի էր նեղացել։

Հույս ունեինք, որ Հայաստանի պատկան մարմինները ինչ-որ գործողություններ կձեռնարկեին, բայց երեկ հայտնի դարձավ, որ հիմնական բանակցություններն այդ հատվածում վարում են ռուս խաղաղապահները և իրենց մոտ դեռևս էական հաջողություններ չեն գրանցվել։

Գիշերը վիճակն ավելի է բարդացել, ադրբեջանական կողմը բերել, այս հատվածում զորքեր է կուտակել, բայց փառք Աստծո, տղաների հետ քիչ առաջ եմ խոսել, դեռևս նորմալ է, թշնամու կողմից որևէ գործողություններ դեռևս չկան»,-ասաց Կարապետ Պողոսյանը։

Ըստ նրա, շրջափակման մեջ գտնվողներին բախտի քմահաճույքին թողնելը դիտավորյալ քաղաքականություն է ՀՀ իշխանությունների կողմից։

«Նոյեմբերի 9-ին ոչ թե ստորագրվեց կապիտուլյացիոն փաստաթուղթ, այլ՝ Հայաստանի Հանրապետության լուծարման փաստաթուղթ,  որովհետև այս պահին որևէ գործողություն չի նկատվում, չի նշմարվում իշխանության կողմից։ Ավելին, փորձելով վերլուծել այս ընթացքում տեղի ունեցած գործողությունները՝ ինձ թվում է տղաներին ՄՕԲ-ով տանելն ու այնտեղ շատ վատ պայմաններում՝ ոչ նորմալ զինելը, նաև բախտի քմահաճույքին թողնելը, արվում է դիտավորյալ։

Ես ուզում եմ զուգահեռներ անցկացնել պատերազմի ընթացքում տեղի ունեցող գործողությունների հետ․ բոլորս էլ լավ հիշում ենք, երբ 600 ոստիկանների միանգամից տարան Շուշիի մշակույթի տուն և այնտեղ ժողով անցկացնելու պատրվակով, դարձրեցին զոհ։

Ես ինքս առաջին օրերին լինելով Արցախում՝ միանշանակ կարող եմ փաստել, որ Արցախի երկնքից ամեն ինչ վերահսկվում էր, հակառակորդ կողմն ամեն ինչ վերահսկում էր, և 600 հոգու շարժը չէր կարող չնկատվել։

Այս գործողություններն ավելի շատ արվեցին, որ երկրի ներսում ստեղծվեր որոշակի խուճապ, ի սկզբանե պարզ էր, որ սա պատահական պատերազմ չէր, այս պատերազմում կա շատ մեծ դավաճանություն և դավաճանության նպատակը հողեր հանձնելն էր։

Նույն ոստիկաններին որպես զոհ տալով՝ փորձվեց թիկունքում, երկրի ներսում ստեղծել այնպիսի տպավորություն, որ մարդիկ քիչ բողոքեին այս դավաճանական ակտը ստորագրելու դեպքում։

Եվ հիմա՝ վերջին օրերին Խծաբերդում, Հին Շեներում տեղի ունեցող գործողությունները, մարդկանց զանգվածաբար բախտի քմահաճույքին թողնելը, հիմնականում ոչ ժամկետային զինծառայողներին, այլ նրանց, որոնք ունեն ընտանիքներ, ամուսնացած են, ունեն կանայք, երեխաներ, համոզված եմ, որ սա իշխանությունների կողմից հերթական դավաճանական քայլն է, դիտավորյալ քաղաքականություն  է Մեղրին զիջելու համար։ Այստեղ պատահական ոչինչ չկա», -ասաց Կարապետ Պողոսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031