Հայրենիքի փրկության շարժման երթն այսօր ճանապարհին կանգ առավ գլխավոր դատախազության շենքի մոտ, որտեղ նամակ փոխանցվեց գլխավոր դատախազին։
Հայրենիքի փրկության շարժման անունից պատրաստված նամակում մի շարք հարցադրումներ կան ուղղված դատախազին, այդ հարցադրումները ներկայացրեց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
Նա ասաց, որ նոյեմբերի 26-ին դատախազություն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ պետական դավաճանության հատկանիշներով, իսկ նոյեմբերի 27-ին դատախազությունը գրություն է ուղարկել, որով տեղեկացրել էր, որ արդեն կա հարուցված քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այսինքն՝ պետական լիազորությունները չարաշահելը, որը անզգուշությամբ հանգեցրել է ծանր հետեւանքների։ Ուստի մերժվել է Ղազինյանի հաղորդումը։
Կարդացեք նաև
Գլխավոր դատախազությունից շարժման ներկայացուցիչները պահանջում են պատասխաններ՝ հիշատակված քրեական գործով Նիկոլ Փաշինյանը հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչպիսի քրեադատավարական կարգավիճակում, եթե ոչ, ապա ինչո՞ւ, Մովսես Հակոբյանի մատնանշած ձայնագրությունը քննության առարկա դարձե՞լ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչ է հաջողվել պարզել, եթե՝ ոչ, ինչո՞ւ, առգրավվել է արդյոք Մովսես Հակոբյանի հիշատակած թիվ 00038 գաղտնի հրամանը, որով վերացվել է հինգ մարտական գունդ, դադարեցվել է զինված ուժերի լրահամալրումը, պարզվե՞լ է արդյոք, թե ովքեր են ներկա գտնվել զորքերի լրահամալրումը դադարեցնելու վերաբերյալ Փաշինյանի մոտ տեղի ունեցած քննարկմանը եւ ով, ինչ կարծիք է հայտնել դրա վերաբերյալ, հարցաքննվել է արդյոք ԶՈՒ շտաբի պետ Օնիկ Գասպարյանը եւ այլն։ Ընդդիմադիր շարժման ներկայացուցիչները դատախազությանը պատասխանելու ժամանակ տվեցին մինչեւ վաղը ժամը 17:00-ն։
«Նիկոլ, դու ծախել ես Արցախը, ծնկի ես բերել Արցախը, քեզ ամեն օր ձեռ են առնում Ալիեւն ու Էրդողանը։ Նիկոլ, դու գիտե՞ս ինչ ես արել՝ հինգ հազար օջախ ես մարել, տաս հազար հայ զինվոր, ամենապայծառ տղաներին խեղել ես, Նիկոլ»,-ին երթի ժամանակ ասաց ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Նա շարունակելով իր խոսքն, ասաց․ «Նիկոլ, դու քո ճաղավանդակների հետեւում վախեցած, թաքնված նստած ես, իսկ Ստեփանակերտում 50 օրից ավել մայրերն ու հայրերը ռուս խաղաղապահների հետ ընկած ձյուների մեջ իրենց որդիների դիակներն են գտնում, ու եթե կարողանում են գազաններից հոշոտված մարմնի մի կտոր գտնել, ու որ տեսնում է որդու դաջվածքը մարմնի կտորի վրա, ուրախանում է, Նիկոլ։ Լսո՞ւմ ես, Նիկոլ, որ կարողանալու է գոնե լացելու տեղ ունենալ։ Նիկոլ, նայե՞լ ես հայելու մեջ, նայիր ու այս բոլոր հարցերը տուր քեզ։ Նիկոլ, Հայաստանն ու Արցախ պետք է փրկել քեզանից։ Մենք պիտի անենք ամեն ինչ, որ Հայաստանում եւ Արցախում Ալիեւը չունենա համախոհներ։ Հայ ժողովրդի պատմության մեջ մի քանի անուններ կան, որոնց հոմանիշը դարերով դավաճանն է եղել՝ Պետրոս Գետադարձ, Մելիք Ֆրանգյուլ, Նիկոլ, դա այլեւս կախված չէ քեզանից, դա այդպես է, կարճ տարիներ հետո Նիկոլ անվան հոմանիշը լինելու է դավաճանը։ Նիկոլ, դու հայրենիք ես ծախել, Շուշին ես հանձնել։ Դու Եռաբլուրն ես մեծացրել, ուզում ես գնաս Եռաբլուր, գնում ես ի՞նչ անես, գնում ես, որ նշես քո եղերագործության քառասո՞ւն օրը, Նիկոլ»։
Շարժման կազմակերպիչները երթի ժամանակ քաղաքացիներին, պատուհաններից եւ պատշգամբներից կամ հեռուստացույցով են երթին հետեւում, կոչ արեցին միանալ իրենց։ Արժանապատվության երթը շարունակվում է «Նիկոլ, դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով։
ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն իր ելույթում ասաց, որ Նիկոլ Փաշինյանից բարոյական կամ քաղաքական պատասխանատվություն չի սպասում․ «Անձնական դավաճանից բարոյականություն սպասելն անիմաստ է, զուր է, եթե նա բարոյականության մի փոքր փշուր ունենար, առաջին իսկ օրը՝ նոյեմբերի 9-ին կամ պիտի ինքնասպան լիներ կամ պիտի չքվեր մեր հայրենիքից ու տեսադաշտից»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ