Լրահոս
Օրվա լրահոսը

Չինական կողմին կտրամադրվի թուրքական ծագման ապրանքատեսակների ցանկը, որպեսզի ուսումնասիրեն

Դեկտեմբեր 16,2020 19:07

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ՉԺՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանի հետ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յոն Ֆանի հետ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը, Հայաստանում ՉԺՀ դեսպանության առևտրատնտեսական հարցերով խորհրդական Ռույժուան Վանը, էկոնոմիկայի նախարարության և ՉԺՀ դեսպանության այլ աշխատակիցներ։

Դեսպան Յոն Ֆանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար։ Այնուհետև նախարարը և դեսպանը փոխադարձ շնորհավորել են միմյանց իրենց պաշտոնները ստանձնելու կապակցությամբ։

Անդրադառնալով Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցության հեռանկարներին, ՉԺՀ դեսպանը նշել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները լավ հիմքի վրա են կառուցված, սակայն առկա է դրանք զարգացնելու մեծ ներուժ։

Կողմերը գոհունակությամբ նշել են կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների դրական դինամիկան։

Էկոնոմիկայի նախարարը կարևորել է փոխշահավետ գործակցության ուղղությամբ նորացված օրակարգի ձևավորումը և դրա իրականացման ճանապարհային քարտեզի ուրվագծումը։

Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում ներդրումային ծրագրերին, մասնավորապես նշելով ջրամբարաշինության, ճանապարհաշինության, բազմաբնակարան շենքերի կառուցման, արդյունաբերության, արդյունաբերական քաղաքի ծրագրերը, նաև առաջարկել է Հայաստանում հիմնել համատեղ արտադրություն՝ արտադրանքը ԵԱՏՄ և Իրանի շուկաներում սպառելու հեռանկարով։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ 2021թ. հունվարի 1-ից կգործի թուրքական ծագման ապրանքների՝ Հայաստանի տարածք ներմուծելու արգելքը։ Այդ կապակցությամբ չինական կողմին կտրամադրվի նշված ապրանքատեսակների ցանկը, որպեսզի չինական ընկերությունները ուսումնասիրեն և ներկայացնեն իրենց առաջարկությունները՝ նման ապրանքներ Հայաստան ներկրելու վերաբերյալ։

Կողմերն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտում հետագա համագործակցության խորացմանը՝ կարևորելով երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթների գործարկման անհրաժեշտությունը։

Հանդիպման ավարտին կողմերն առաջարկել են ձեռնարկել կոնկրետ քայլեր նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ, նաև պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել հանդիպման ընթացքում բարձրացված բազմաբնույթ հարցերի վերաբերյալ՝ հետագայում առավել առարկայական քննարկումներ կազմակերպելու նպատակով։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հիմա էլ մեկ ուրիշ ծայրահեղության մեջ ենք մտնելու՝Թուրքիան Համաշխարհային Առևտրական Կազմակերպության մեջ է մեզ հետ միասին և մենք իրավունք շունենք պետականորեն արգելել նրանց ապրանքների մուտքը ՀՀ շուկան՝հետո ստիպված կլինենք վնասները հատուցել՝եթե նա դիմի դատարան:Ավելի ճիշտ է բնակչության կողմից ,,բոյկոտվի,,նրանց ապրանքների գնումը,կամ գործարարների կողմից ներմուծումը…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031