Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թե ինչ հիմնավորմամբ են Գայանե Մելքոմ Մելքոմյանին նշանակելու փոխքաղաքապետ` ընդդիմադիր ավագանին չգիտի. Կարապետյանն ասում է՝ հնարավորություն կունենան հարցեր տալ

Դեկտեմբեր 16,2020 18:55

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գտնում է, որ ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը չունի կառավարչական այն հմտությունները, որպեսզի զբաղեցնի փոխքաղաքապետի պաշտոնը: Այս մասին պարոն Խաժակյանը գրառում էր կատարել ֆեյսբուքի իր էջում՝ նշելով, որ Հայկ Մարությանը Գայանե Մելքոմ Մելքոմյանի թեկնածությունը ներկայացրել է փոխքաղաքապետի պաշտոնում: Տիկին Մելքոմ Մելքոմյանը պետք է փոխարինի արդեն նախկին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին, որը համակարգում էր հանրակրթության եւ մշակույթի ոլորտները:

Հիշեցնենք, որ Տիգրան Վիրաբյանը դեկտեմբերի 9-ին հայտնել էր, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Վիրաբյանը տեղեկացրել էր, որ Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ է ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը:

Ըստ Դավիթ Խաժակյանի. «Ինչպե՞ս կարելի է այդ ծանրագույն բեռը վստահել մարդու, որն անգամ փոքրաթիվ անձնակազմ կառավարելու փորձ չունի, իսկ հիմա պետք է աշխատի տասնյակ դպրոցների, մանկապարտեզների եւ բազմաթիվ այլ համայնքային կառույցների ղեկավարների հետ»։

Չնայած այս դիտարկումներին, Դավիթ Խաժակյանը գրել էր.  «Գայանեն իհարկե իր կարողություններով տարբերվում է մյուս իմքայլականներից: Այս ընթացքում վստահաբար արել է ավելին, քան ֆեյսբուքում «վարչապետս», «գերագույն գլխավոր հրամանատարս», «NIKOOL», «ամենալավ քաղաքապետս» ոճի գրառումներ կատարելը»։

Aravot.am-ը Գայանե Մելքոմ Մելքոմյանի՝ փոխքաղաքապետ դառնալու վերաբերյալ կարծիք հարցրեց նաեւ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանից: Մեզ հետ զրույցում պարոն Մանրիկյանն ասաց, որ որպես անձ ոչինչ չունի տիկին Մելքոմ Մելքոմյանի դեմ, բայց վերապահում ունի նրա՝ որպես կրթության, մշակույթի ու սպորտի ոլորտները համակարգելու հմտությունների վերաբերյալ . «Ես Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ եմ, որի նախագահն է տիկին Մելքոմ Մելքոմյանը: Որպես իրավաբան, նա նորմալ իրավաբան է, բայց, որպես փոխքաղաքապետ, որը համակարգելու է մշակույթի, սպորտի եւ կրթական ոլորտները, չեմ ընդունում:

Չեմ կարծում, որ, որպես իրավաբան, նա կարող է այդ ոլորտները համակարգել: Ես ինքս բժիշկ եմ, բուժոլորտի կազմակերպիչ եմ եւ ինձ, օրինակ՝ նշանակեն ֆինանսական գծով տեղակալ: Այսինքն՝ մեկը մեկի հետ չի խոսում եւ ինչ չափորոշիչով են առաջնորդվել տիկին Մելքոմ Մելքոմյանին նշանակելով փոխքաղաքապետ՝ ինձ համար անհայտ է: Թե ինչ հիմնավորումներ են բերել՝ ես չգիտեմ»,-ասաց պարոն Մանրիկյանը:

Նա չի բացառում, որ «Իմ քայլը» խմբակցությունը ճնշում է գործադրել քաղաքապետի վրա՝ ստիպելով նրան նշանակել. «Նմանատիպ մեծամասնություն ունեցող խմբակցությունն ինչ ուզում՝ անում է»:

Թե որ արժանիքների համար են Գայանե Մելքոմ Մելքոմյանին նշանակելու փոխքաղաքապետ, Երեւանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ հարցադրումներ՝ ինչպես պարոն Խաժակյանն, այնպես էլ ավագանու մյուս անդամները, հնարավորություն կունենան տալու տիկին Մելքոմ Մելքոմյանի թեկնածության քննարկման նիստի ընթացքում եւ պատասխաններ ստանալու անձամբ Գայանե Մելքոմ Մելքոմյանից: «Համենայն դեպս թեկնածությունն առաջադրելիս հաշվի են առել մի շարք գործոններ՝ այդ թվում այնպիսի դրական որակներ՝ ինչպիսիք Դավիթ Խաժակյանն, ի պատիվ իրեն, չի մոռացել նշել իր գրառմամբ»,-ասաց Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ Դավիթ Խաժակյանի կարծիքը չի մեկնաբանի, քանի որ դա նրա կարծիքն է՝ որպես ավագանու անդամի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031