Մեկնարկել է Արժանապատվության երթը Երեւանի կրկեսի հրապարակից։ Հազարավոր քաղաքացիներ են միացել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այս երթին։
Մինչ այդ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հայտարարությանը։
Տիկին Գալստյանի կարծիքով՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, Արայիկ Հարությունյանը քաղաքական պատասխանատվության եւ քաղաքական բարոյականության ռեսուրսներ է իր մեջ գտնում եւ գիտակցում է, որ այս ամենը՝ մեր ողբերգական պարտությունն ունի իր պատասխանատուները․ «Ես կարծում եմ, որ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը պայմանավորված է իր քաղաքական պատասխանատվությամբ եւ գիտակցումով, որ այս պարտությունից հետո պիտի շարունակվի Արցախի հանրապետությունում կյանքը, քաղաքական կյանքը եւ այն քաղաքական կազմակերպվածության նոր ձեւաչափեր պիտի ունենա։ Եվ ըստ էության, մենք հասկացանք, որ որոշում կայացնելու լիազորություններն առայժմ Արցախի անվտանգության խորհրդի տիրույթում են լինելու։ Կարծում եմ ՝ Արցախում կա քաղաքական ուժերի կոնսոլիդացիա եւ ես տեսնում եմ այդ ուրվագիծը, որոնք պիտի ստանձնեն մեր կքված Արցախի պետականության մեջքն ուղղելու եւ ժողովրդին առաջնորդելու, կորուստները նվազագույնի հասցնելու եւ անվտանգության, պաշտպանության, սոցիալական, մշակութային, կրթական եւ այլ խնդիրներին տիրություն անելու»։
Լիլիթ Գալստյանի խոսքով՝ վերջին օրերին ականատեսն ենք լինում տարբեր քաղաքական ուժերի եւ քաղաքական պատասխանատուների կողմից իրականության շուրջ բացահայտումների․«Միանշանակ է, որ պատասխանատվության ողջ սլաքն ուղղված է Նիկոլ Փաշինյանի դեմ։ Պարտությունն ունի մեկ տեր եւ պատասխանատու՝ Նիկոլ Փաշինյանն է եւ իր վարչակարգը։ Իմ եզրակացությունները գնալով թանձրանում են, որ այս դավադրության հիմնական դիրիժորը Նիկոլ Փաշինյանն է եւ մարդիկ, ովքեր կուրորեն հավատացել են նրան, քաղաքական ապաշխարանքի ընթացք են ապրում, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանը։ Շատ բաներ դեռ կպարզվեն, եւ կհասկանանք դավաճանության ողջ մեխանիզմը»։
Կարդացեք նաև
Տիկին Գալստյանը ողջունում է ԱՀ նախագահի, իր խոսքերով ասած՝ խիզախումը, Գալստյանը վստահ է՝ Արցախի ԱԽ քարտուղարն ու քաղաքական պատասխանատուները վճռականություն կգտնեն՝ առաջ տանելու Արցախի փրկությունը․ «Մենք հիմա ՀՀ սուվերենությունը փրկելու օրակարգի առաջ ենք կանգնած, եւ կարծում եմ՝ այդ ալիքը Արցախից կգա Հայաստան։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը կառչի աթոռից, ինքը կապ չունի մեր ապագայի հետ, որովհետեւ նա կործանել է մեր ներկան։ Ամիս 19-ին նրա «քաղաքական դիակ» լինելու քառասունքն է, եւ շատ լավ կլիներ, որ նա այդ օրն ավարտի իր քաղաքական գոյությունը, որովհետեւ նոյեմբերի 9-ին նա արձանագրեց իր քաղաքական սպանությունը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ