Այսօր Գյումրի-Բավրա ավտոմայրուղու Քեթիի հատվածը փակած ցուցարարները, որոնք ՀՀ իշխանություններից պահանջում են վերադարձնել իրենց գերեվարված որդիներին, ասացին՝ նրանից մեկին` 28-ամյա Հայկազ Հովհաննիսյանին, արդեն տարել են Ադրբեջան։ Հարազատները նրան զանգահարել, խոսել են, ասել է, թե արդեն տուն պիտի գանք, բայց փոխարենը 11 ժամ առաջ տեսել են, թե ինչպես է թշնամին ծնկի բերել նրան։
28-ամյա Հայկազ Հովհաննիսյանի հորեղբայրը աղիողորմ արտասվում էր, ասում․ «Ես երեք օր է` գիտեմ, որ շրջափակման մեջ են, բայց էսօր ադրբեջանական կայքերում տեսա, որ ավտոմատը էրեխուս գլխին պահած՝ ծնկաչոք ստիպում են ասի՝ Ղարաբաղը Ադրբեջանինն է։ Տարել են Ադրբեջան, իսկ Հայաստանի կառավարությունից տեր լինող չկա։
Իմ եղբայրը ներկա դրությամբ այնտեղ է, պիտի գնա Արայիկ Հարությունյանի մոտ: Հայաստանից մի հոգի չկա, որ գնա, բանակցի, թե գերի եք ընկել, հետ բերենք։ Երեք փամփուշտ չեն ունեցել, որ կրակեն։ Ի՞նչ ճանապարհով են հայտնվել, էս խաղաղ պայմաններում ինչպե՞ս են հայտնվել գերության մեջ, հո հավի ձագ չեն, տարել, կորցրել են»։
Հորեղբայրը պատմեց, որ եղբորորդին կռվել է Ջաբրայիլում, մեռնելուց է պրծել, հենց վերադարձել է, ոտքերն են բուժել, բայց զինվորական ոստիկանությունը հարկադրել է նորից գնալ՝ սպառնալով քրգործ հարուցել։
Կարդացեք նաև
Ըստ ցուցարարների տեղեկությունների, 205 հոգի գերի են ընկել։
«Զենք տվեք, ես եմ գնալու, գնամ երեխուս հետ բերեմ, էս ինչ անտարբերություն է»,-արտասվում էր հորեղբայրը, հեռախոսով ցույց տալիս ադրբեջանական կայքում գերեվարված եղբորորդուն։
«Պաշտպանության նախարարությունը չի աշխատում, չգիտի՝ իր սպան ինչով է զբաղված, որ զինվորին ուր է ճանապարհում, անտեր ու դուրս վիճակ է։ Երկրորդ հերթին ռազմական ոստիկանությունը չի աշխատում, չի վերահսկում սպային, եթե զինվորը փախնում է, տանում են գուբախտ, դատում են, բայց էսօր էդ սպայի հանդեպ ինչո՞ւ ոչինչ չեն ձեռնարկում, որ զինվորի կյանքի հետ է խաղում, զինվոր ենք վստահել, չէ՞։ Եթե զինվորին նորմալ տիրություն չարեց, պիտի դատվի, ինչո՞ւ մինչև հիմա մի սպա, մի գեներալ չկա դատված»,-ասում էր ցուցարարներից մեկը։
Նրանցից մեկն էլ ասում էր՝ տվեք մի պատգամավորի անուն, որի երեխան գնացել է կռիվ։
«Ինչքա՞ն կուլ տանք, էսօր երկուսն են, վաղը 20 կդառնան, մյուս օրը կլինեն 200, ո՞ւր է պետությունը, ղեկավարությունը։ Ավելի լավ է դատեն չգնալու համար, քան տանենք, թուրքը գլխին ավտոմատը պահի»։
Նրանք հրաժարվում էին բացել ճանապարհը՝ զայրացած բացականչելով, թե ադրբեջանական ողջ համացանցում մեր երեխեքն են։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ