Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ էր հղել ու խոսել իր պատասխանատվության, պատերազմը կանգնեցնելու հնարավորության, հրաժարական չտալու մասին:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Արայիկ Հարությունյանի՝ Արցախի նախագահ ընտրվելուց հետո մենք հասկացանք, որ ինքը Նիկոլ Փաշինյանի փոքր մակետն է, գիպսե պուճուրիկ արձանը, նրա փոքրիկ խամաճիկը, որի մի թելը Նիկոլ Փաշինյանի կնոջ, մյուս թելը՝ Նիկոլի ձեռքում է: Եվ այդ երկուսն ինչպես ուզում, այնպես էլ մանիպուլացնում են»:
Արայիկ Հարությունյանը հայտարարել է. «Անկախ առկա իրավիճակի համար իմ իրական ու օբյեկտիվ պատասխանատվության չափից՝ պատերազմից հետո ես պատրաստ էի վայր դնել Հանրապետության նախագահի իմ լիազորությունները, սակայն մի քանի հիմնական պատճառով չգնացի այդ քայլին: Կարծում եմ՝ պատասխանը պարզ է. առնվազն անմեղսունակ պետք է լինել ժողովրդի դարդերը թողնելու եւ ներքաղաքական պայքարի կրկեսը մտնելու համար»:
Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Ես էլ կարծում եմ, առնվազն անմեղսունակ է եղել Արայիկ Հարությունյանը պատերազմի 44 օրերի ընթացքում, երբ որ իմանալով ճշմարտությունը՝ ստել է, երբ որ կատարել է դավաճանական հրամաններ, երբ որ ենթարկվել է կանանց, որոնք իրավունք չունեին գտնվելու բունկերում, որտեղ գտնվում էր մարտի քարտեզը: Միայն անմեղսունակը եւ միայն դավաճանը կարող էր այդպիսի բան ասեր: Այնպես որ, իր անմեղսունակության վարկածը եկեք նոր չքննարկենք:
Կարդացեք նաև
Ես, անկեղծ ասած, բնավ ցանկություն չունեմ իր հայտարարություններին անդրադառնալու, որովհետեւ այդ հայտարարությունները կրկնում են մոտավորապես այն նույն տեքստը, որը ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը՝ իր ճանապարհային քարտեզով փորձելով հիմնավորել, թե ինչու ինքը պետք է մնա: Ինձ անգամ չի էլ հետաքրքրում, թե հիմա Արայիկ Հարությունյանը ինչ հիմնավորումներ է բերում, կամ հայտնի ձայնագրությունը, որտեղ ինքը բողոքում է, որ Փաշինյանը չի տվել անհրաժեշտ զորք ու զինամթերք ու խնդիրներ ենք ունեցել, նույնիսկ դա ինձ չի հետաքրքրում, որ հիմա ինքը փորձում է ասել, թե ով է իրականում եղել գլխավոր հրամանատարը և, ըստ էության, ասում է, որ եթե դավաճան ու մեղավոր եք փնտրում, գնացեք եւ գտեք Նիկոլ Փաշինյանին:
Ընդամենը մեկ բան կասեմ, թե ինչու Նիկոլ Փաշինյանը եւ իր փոքր մակետ Արայիկ Հարությունյանը պետք է րոպե առաջ հրաժարական տան, որպեսզի մենք չկորցնենք այն, ինչ մնացել է Արցախից եւ որպեսզի չկորցնենք Հայաստանի պետականությունը: Մնացած իրենց բոլոր մտավարժանքներն անպարկեշտության, ցինիզմի դրսեւորումներ են, մնացյալ իրենց բոլոր մտավարժանքները այս կամ այն մանիպուլյատիվ հնարքով իշխանությունը պահելն է: Արայիկ Հարությունյանը տրակտատ գրելու փոխարեն լավ կաներ պատասխաներ հարցին ու չստեր:
Այսօր առավոտյան ես ընդունել եմ, օրինակ, Ազատան համայնքի համայնքապետին, համայնքի բնակիչներին եւ երբ որ ադրբեջանական կողմը երկու օր է՝ ցուցադրում է 160 գերեվարված, նաեւ սպանված զինվորներ, հայաստանյան եւ արցախյան կողմը լկտիաբար ստում էին մինչ այս առավոտը, երբ նրանց մեջ համարձակություն ունեցավ միայն Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը, որն ասաց, որ այո, Հին Թաղեր, Խծաբերդի հատվածից 60 անհայտ կորածներ ունենք: Ազատանի գյուղապետը վիդեոկադրի վրա ինձ ցույց տվեց գյուղացիներին, որոնց հետ երեք օր առաջ եղել է կապ: Երբ որ հիմա հայաստանյան եւ արցախյան մանիպուլյատորները փորձում են ասել, թե դրանք հին կադրեր էին, համայնքապետը ցույց տվեց իր սանիկի եւ իր համագյուղացիների կադրերը, որոնք գերեվարվել էին եւ բնականաբար հիմա ազերիների ձեռքում են: Արայիկ Հարությունյան եւ Նիկոլ Փաշինյան զույգի ամեն օր մնալը պաշտոնին նշանակում է վերջ Հայաստանի պետականությանը»:
Արայիկ Հարությունյանը նաեւ նշեց, որ պատասխանատվություն է կրում այս իրավիճակի համար, սակայն որևէ մեկին պատասխանատվության ենթարկելիս հարկ է տարանջատել թացը չորից. «Օրինակ, եթե Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորն է, արդյո՞ք ունեցել եմ ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ ու լծակներ այս լայնածավալ պատերազմում լիովին երաշխավորել նշված չորս արժեքները և արդյո՞ք ինձնից կախված առավելագույնը չեմ կատարել այդ ուղղությամբ: Կամ, եթե Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, ապա ո՞ւմ համար է գաղտնիք, թե իրականում Պաշտպանության բանակն ինչպես ու որտեղից է կառավարվում և թե որքանով է Արցախի Հանրապետության նախագահն ընդգրկված այդ գործընթացներում»: Բացի այդ, տալով այն հարցի պատասխանը, թե արդյոք հնարավոր չէ՞ր ավելի շուտ դադարեցնել պատերազմը հարաբերականորեն ավելի լավ պայմաններով ու ավելի քիչ կորուստներով, կամ արդյոք հնարավոր չէ՞ր նախօրոք այնպես անել, որ հայկական զինված ուժերը ավելի լավ պատրաստված լինեին պատերազմին՝ Արայիկ Հարությունյանն ասում է՝ այո, բայց մանրամասները խոստանում է հետո ասել:
Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Ուրեմն ինքը կատարել է պետական դավաճանություն, եթե այդ պահին այդ մասին չի հայտարարել եւ լռել է եւ ինքը հիմա եւս շարունակում է կատարել պետական դավաճանություն, եթե գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանի կատարած հանցագործության վերաբերյալ հիմա հաղորդում հանցագործության մասին չի ներկայացնում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ