Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի հատվածում գերի ընկած կամավորների ու պահեստային զորակոչվածների հարազատները փակել են Գյումրի-Երևան մայրուղու Ազատան հատվածը՝ պահանջելով տեղեկություն տրամադրել իրենց զավակների մասին։ Նրանք մեզ հետ զրույցում ասացին՝ ադրբեջանական կայքերում են տեսնում, որ երեք օր է՝ զավակները գերեվարված են։
Նրանցից մեկի հայրը զայրացած պատմեց, որ որդին 15 օր մնացել է Հադրութում, նահանջի հրաման են տվել, որդին էլ վերադարձել է տուն։ Վերադառնալուն պես քրգործ են հարուցել նրա նկատմամբ ու նորից զորակոչել։ Այսինքն՝ նահանջը համարել են փախուստ։
«Քրգործ հարուցեցին, եկան զոռով տարան։ Ում երեխեն դիրքերում էր, հետ էր եկել, վրեքը քրգործ բացեցին ու նորից տարան, իսկ էսօր պատասխան չունեն, թե ո՞ւր են էդ երեխեքը։ Գնացել հարցնում եմ՝ ո՞ւր է որդիս, ասում են՝ ես ի՞նչ գիտեմ։ Ծննդյան օրն էլ տարան էրեխուս», – արտասվեց հայրը։
Կարդացեք նաև
Մյուսները ևս միացան նրա բողոքին։
Նրանք նշեցին, որ 7-10 տարի դատ է հասնում իրենց զավակներին։
«Հետնահանջ են տվել դիրքերից, բայց փախուստ են համարել: Ռազմականը վախեցրել է երեխեքին, մեկն էլ իմ տղես էլ է, ինչղ որ կանչեցին տարան, թող բարի լինեն գտնեն, թե ուր է հիմա»,-զայրացած, դողալով ասում էր ծնողներից մեկը։
Ցուցարարներից մեկն էլ, որի եղբայրն է գերեվարվել, զայրացած ասաց․ «Ո՞ր կռված տղուն կարող են դատել, էդ երեխեքը մեր համար են կռվել։ Խաբեցին, թե կդատենք ձեզ 5 տարի, 10 տարի, երեխեքն էլ վախից նորից ելան պոստեր, բայց հիմա ո՞ւր են, էս ինչ բերեցիք մեր գլուխը»։
Նրանք պահանջում են ՊՆ-ից գան ու իրենց պարզաբանում տան։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ