«Վերջին շրջանում ֆեյքերը՝ բոլորն առանց բացառության, ձեռք են բերել վիրուսային բնույթ. նրանք ազդեցություն են գործում զգացմունքների, ոչ թե բանականության վրա. դրա համար էլ շատ արագ մարդկանց նկատմամբ վերահսկողություն են ձեռք բերում»,-Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա-Մինսկ-Երևան-Քիշնև տեսակամուրջի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց Մոսկվայի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Անդրեյ Մանոյլոն:
Նշենք, որ ռուս փորձագետները քննարկում էին տեղեկատվական և հիբրիդային պատերազմներին առնչվող թեմաներ՝ հատկապես ֆեյքերի դեմ պայքարը: Տեղեկացնենք՝ ստեղծվել է Вбросам.нет պորտալը՝ http://vbrosam.net/ հասցեով, որի միջոցով հնարավոր է ստուգել՝ արդյոք տվյալ կայքը կամ օգտահաշիվը ֆե՞յք է, թե՞ ոչ:
Անդրեյ Մանոյլոյի փաստմամբ՝ տեղեկատվական պատերազմները ժամանակակից զինված հակամարտությունների մի տեսակ են: Դրանք մղվում են պետությունների միջև. «Ցանկացած տեղեկատվական պատերազմ, ի տարբերություն զինված հակամարտության, կարող է ընթանալ նաև խաղաղ ժամանակահատվածում: Ցավոք, այսօր չկա միջազգային իրավունքի մի նորմ, որը կսահմանափակի տեղեկատվական զենքի կիրառությունը և ագրեսիվ տեղեկատվական ազդեցությունը: Եթե խոսում ենք տեղեկատվական որևէ օպերացիայի՝ գործողության մասին, ապա պետք է միշտ նկատի ունենալ, որ դրա ետևում կանգնած է արտաքին հետախուզությունը, այս կամ այն երկրի հատուկ ծառայությունները»:
Ըստ նրա՝ ֆեյքային տեղեկատվությունը միայն նրա՝ սուտ լինելով չի սահմանափակվում, այլ ֆեյքային լուրերը նախատեսված են աժիոտաժ առաջացնելու համար, որպեսզի այսպես ասած թեժացնեն մարդկանց էմոցիոնալ զգացողությունները:
Կարդացեք նաև
Արտասահմանում ԽՍՀՄ ՊԱԿ-ի տեղեկատվական գործողությունների մասնակից, Vbrosam.net պորտալի լրագրողական հետաքննությունների ղեկավար Անատոլի Պետրենկոն վտանգավոր համարեց, որ հաճախ ֆեյքերն այնքան հավաստի են թվում, որ հենց լրատվամիջոցներն են տարածում նրանց հաղորդած տեղեկատվությունը:
Քննարկման մասնակիցները նաև անդրադարձան ֆեյքերի գործունեությանը Հայաստանում: Անդրեյ Մանոյլոն ՀՀ-ում հատկապես աչքի ընկած մի ֆեյքային տեղեկատվության օրինակ բերեց: Նա նշեց. «Հայաստանում մի այսպիսի ֆեյք տեղեկատվություն էր տարածվել, թե գունավոր հեղափոխությունները լինում են լավ և վատ: Գունավոր այն հեղափոխությունները, որոնց արդյունքում մարդիկ սկսում են ավելի լավ ապրել, դրական են, բացասական են այն գունավոր հեղափոխությունները, որոնց հետևանքով մարդկանց կյանքը վատանում է: Բայց վերջին ամիսների իրադարձությունները ցույց տվեցին, թե ինչի է հանգեցնում ցանկացած գունավոր հեղափոխություն, նույնիսկ նրանք, որոնք սկզբում լավն են թվում: Ցանկացած գունավոր հեղափոխություն իրականացնելու համար արտերկրից են գումար տալիս, իսկ եթե տալիս են, անպայման պետք է վարձահատույց լինես: Այնպես չէ, որ կարող ես գումարը վերադարձնել և վերջ: Դու պետք է կոնկրետ գործողություններ իրականացնես, որի համար էլ ժամանակին այդ գումարները հատկացրել են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ