Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշոտ Աշոտյանը վիրավորվեց հրամանատարին օգնության հասնելու ժամանակ, ու 7 օր հիվանդանոցում մնալուց հետո անմահացավ

Դեկտեմբեր 16,2020 15:48

-Աշի նման ախպեր չկա: Ինքը շատ հոգատար էր, անգամ ձայնիցս կհասկանար, որ ինչ որ բան է պատահել ու ամեն կերպ կփորձեր իմանալ, թե ինչ է եղել,- տևական լռությունից հետո այսպիսի խոսքերով է նկարագրում Արցախյան պատերազմի հերոս Աշոտ Աշոտյանին եղբայրը ՝ Պատվական Աշոտյանը:

 

Աշոտը Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքից էր: Սովորում էր խոհարարական քոլեջում: Ու թեև կարող էր 6 ամիս ուշ սկսել ծառայությունը, շտապել էր ներկայանալու զինվորական հավաքագրմանը և ընկերների հետ մեկնելու ծառայության:

6 ամիս Վայքում ծառայելուց հետո, ծառայությունը շարունակել է Երևանում:

Պատերազմը սկսվեց Աշոտի ծնունդից երկու օր անց՝ սեպտեմբերի 27-ին։ Հենց այդ օրն էլ ընկերուհուն հետ վերադառնալու խոստում տալով 20-ամյա տղան մեկնել է Արցախ:

-Սեպտեմբերի 25-ին՝ իր ծննդյան օրն ինձ առաջարկեց, որ դառնամ իր ընկերուհին, իսկ հետո ասաց. «Հիմա մի պատասխանի, սիրտս ուրախությանը չի դիմանա», իսկ սեպտեմբերի 27-ին ասեց, որ գնում է ու խոստացավ անպայման վերադառնալ,-պատմում է ընկերուհին:

Աշոտն ընկերուհուն ընդամենը երկու անգամ է գրել ու ասել, որ սպասի ու մտածի առաջարկի մասին:

Չափազանց հայրենասեր տղան պատերազմի դաշտում վիրավորվեց հոկտեմբերի 12-ին՝ հրամանատարին օգնության հասնելու ժամանակ, իսկ 7օր հիվանդանոցում մնալուց հետո՝ հոկտեմբերի 19-ին Աշոտն անմահացավ:

-Ամսի 20-ին առավոտյան 8:50 իմացա Աշոտի մահվան մասին ու կյանքս 8:50-ի վրա կանգնեց,- պատմում է Աշոտի ընկերուհին ու ասում, որ տղայի մահվան նախորդ օրը տարօրինակ զգացողություն է ունեցել, պարապմունքից դուրս գալուց հետո գնացել է եկեղեցի ու կյանքում առաջին անգամ ծնկի իջած ու լացելով աղոթել է՝ խնդրելով, որ Աշոտն ուշքի գա:

Աղջիկը, որն ընկերոջը հաճախ է տեսնում երազում, պատմում է, որ մահվան նախորդ օրը երազ է տեսել. «իբր մեր բակ էր եկել, ասում էր՝ եկել է պատերազմից, բայց կույր է, ու երևի չմնամ իր հետ: Իսկ ես ասում էի. «Կուզե՞ս մի աչքս տամ քեզ, երկուսով էդպես ապրենք», իսկ ինքն ասաց, որ ինքը պետք է ինձ պաշտպաներ ու գնաց»:

Ընկերուհին պատմում է, որ ընկերոջ մահվանից 6 օր անց երազում կրկին նրան է տեսել. «Երազիս եկավ, ասաց՝ մամային ասա, հենց տխուր լինի, ինձ հիշի, թող գնա եկեղեցի, ես ընդեղ գործ ունեմ»:

-Աշոտն ասում էր. «Պատերազմն ո՞ւմ շունն ա, որ ինձ հաղթի»,-հիշում է ընկերուհին ու ասում, որ տղաները չպարտվեցին:

Աշոտի մարտական ընկերը՝ Տիգրանը պատմում է, որ տղան ոչնչից չի վախեցել ու հիշում մի դեպք պատերազմի օրերից.

-Պատերազմի ժամանակ հատված կար, որտեղ նորակոչիկները մնացել էին անորոշ վիճակում: Աշոտը գնացել ու իրանց դուխ է տվել, ոգևորել ու անվնաս հանել այդտեղից, կռվելով՝ բոլոր նորակոչիկներին անվնաս հետ է բերել:

Փորձելով նկարագրել հերոս եղբորը՝ Պատվականն ասում է.

– Եթե անծանոթ տղան էլ գար ու ասեր, որ կռիվ է արել, Աշոտը կգնար ու կօգներ: Ինքը երբեք թույլերին չի նեղացրել ու թույլ չի տվել, որ ուրիշը նեղացնի:

Աշոտի ընկերներն էլ նշում են. «Որտեղ Աշոտն էր, այնտեղ ժպիտն ու ուրախությունն էին»:

Աշոտին հիմա ժպիտով են հիշում բոլորը և շատերն էլ դժվարանում նրա մասին անցյալ ժամանակով խոսել.

«Խնդրում եմ, Աշոտի մասին անցյալով մի հարցրեք, ինքը միշտ ներկա է այնտեղ, որտեղ իրեն հարգում ու հիշում են»- ասում է Աշոտի մարտական ընկերը:

Աշոտն հաճախել էր պարի, ֆուտբոլի ու ըմբշամարտի և երազում էր նմանվել Արթուր Ալեքսանյանին ու Հայաստանը ներկայացնել բարձր բեմերի վրա, բայց ինչպես ընկերներն են նշում՝ «Պատերազմը կոտրեց նրա երազանքը»:

Ալվարդ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են Աշոտի ընկերուհին և եղբայրը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031