Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը լռում է ամենակարեւորի մասին. ինքնիշխանության կորստից հինգ պակաս

Դեկտեմբեր 16,2020 17:00

Նա ունա՞կ է պնդել, որ ՀՀ տարածքով տրանսպորտային երթեւեկության հսկողությունն իրականացնելու է բացառապես հայկական կողմը

Նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո, որը թեեւ պատերազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ էր, այնուամենայնիվ, հայկական կողմն այդ փաստաթղթով համաձայնեց տարածքների վերադարձի, որը նախկինում հակամարտության համապարփակ կարգավորման, խաղաղության հաստատման, այսպես ասած՝ պահանջներից էր:

Հիմա մեր հասարակությունն ականատես է դառնում, թե ինչպես է Հայաստանի եւ Արցախի իշխանությունների անգործության պայմաններում ադրբեջանական կողմը տարածքային հավակնություններ ներկայացնում. մեկ այս տարածքից են հայկական կողմին խնդրում դիրքերը զիջել, մեկ մի այլ գյուղի բնակիչներն են ստիպված լինում լքել իրենց բնակավայրերը:

Անհերքելի փաստ է՝ չկա որեւէ գերատեսչություն, որեւէ պատասխանատու պաշտոնյա, որին հանձնարարված լիներ՝ «տարածքային վեճերով» ու GPS-ով քարտեզագրման խնդիրներով զբաղվել, լրատվամիջոցներին, հասարակությանը պարզաբանումներ ներկայացնել: Ի դեպ, քարտեզագրման աշխատանքները երկրներն իրականացնում են տարիներով, տասնամյակներով չլուծված հարցեր են մնում, մինչդեռ մեր դեպքում բավական արագ աշխատում է ադրբեջանցիների GPS-ով քարտեզագրման ու չափուձեւի պրոցեսը:

Կա, սակայն մեկ ուրիշ կարեւոր խնդիր, որի վերաբերյալ իշխանությունները նախընտրում են ընդհանրական ձեւակերպումներ անել՝ առանց որեւէ հստակության:

Եռակողմ հայտարարության 9-րդ կետում ասվում է. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային երթեւեկության հսկողությունն իրականացնում են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջեւանի ինքնավար հանրապետությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցում»:

Վերոնշյալ կետի վերաբերյալ բոլորը ակտիվ հայտարարություններ են անում: Օրերս, Ադրբեջանի ղեկավարը կարեւորել է համաձայնագրի հենց այս կետը, որով երաշխավորվում է Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ համարելով այն «հաղթական ձեռքբերում»։

Պաշտոնական Մոսկվան մի քանի անգամ Լավրովի մակարդակով եռակողմ փաստաթղթի նշյալ կետը կարեւորել է: Անցյալ շաբաթ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էր անդրադարձել տնտեսական հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցին: «ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների երթեւեկության, քաղաքացիների եւ բեռների տեղափոխման նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն ապահովում են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության մարմինները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ, որ կողմերի համաձայնությամբ կապահովվի նոր տրանսպորտային հաղորդակցության միջոցների կառուցումը, որոնք կապելու են Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի հիմնական տարածքի հետ: Տնտեսական ուղիների ապաշրջափակումը եւ նոր ուղիների կառուցումը, ինչպես հասկանում եք, երկարատեւ գործընթաց է, որի հետ կապված գլխավոր հարցերը որոշվելու են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից»,- ասել էր Զախարովան: Նա նաեւ հավելել էր, որ «ներկա պահին առավել հեռանկարային ուղղություն է երկաթուղային հաղորդակցության վերականգնումը»: «Ռուս մասնագետների աջակցությամբ՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում, ինչպես նաեւ Հայաստանի սահմանամերձ շրջանում երկաթուղային ենթակառուցվածքների՝ սահմանամերձ տարածքների նախնական ուսումնասիրություն է տեղի ունեցել»,- հավելել էր Զախարովան:

ՀՀ իշխանություններն այս հարցով պարզաբանում չեն ցանկանո՞ւմ ներկայացնել հասարակությանը: Ստացվում է, որ մենք ՌԴ ԱԳՆ ներկայացուցչից ենք տեղեկանում, որ ռուս մասնագետների աջակցությամբ Նախիջեւանի ինքնավար հանրապետության սահմանամերձ հատվածների, երկաթուղային ենթակառուցվածքների, նաեւ Հայաստանի սահմանամերձ երկաթուղային գծերի առաջնային ուսումնասիրություն է անցկացվել։ Ավելին, ռուսական կողմը համարում է, որ ամենահեռանկարային ուղղությունն այսօր երկաթուղային հաղորդակցության վերականգնումն է։

Նախիջեւանն ու Ադրբեջանը իրար կապող տրանսպորտային հաղորդակցությունն ինչպե՞ս է ապահովվելու: Հայաստանի ներկայիս իշխանությունն, օրինակ, ունա՞կ է պնդել, որ Հայաստանի տարածքով տրանսպորտային երթեւեկության հսկողությունն իրականացնելու է բացառապես հայկական կողմը: Եթե Հայաստան պետությունը դա չի պնդում, ուրեմն կորցնում ենք ՀՀ ինքնիշխանությունը եւ վտանգ է հասցնում Հայաստանի Հանրապետության անվտանգությանն ու կայունությանը:

Պատահականությո՞ւն են Սյունիքի շուրջ խոսակցությունները… Կամ՝ ինչո՞ւ է հանկարծ թուրքական հեռուստաընկերության լուրերի թողարկման ընթացքում անդրադարձ կատարվում Հայաստանում տիրող իրավիճակին եւ «Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացրած 50 մլրդ դոլար փոխհատուցման» թեմային, թուրք մեկնաբանը հայտնում է, թե Ադրբեջանը եւ ադրբեջանական ժողովուրդը փոխհատուցում են պահանջում Հայաստանից, որը կազմում է 50 միլիարդ դոլար, ապա՝ հավելում, թե քանի որ Հայաստանը չի կարող վճարել 50 մլրդ փոխհատուցումը, կհանձնի Զանգեզուրը, որի միջոցով արդեն Թուրքիան կկապվի Ադրբեջանի հետ։ «Հայաստանը կյանքում չի կարող 50 մլրդ դոլար վճարել եւ եթե Փաշինյանը Զանգեզուրը տա, բոլորովին չզարմանաք», ասել էր թուրք մեկնաբանը:

Դեկտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման մասին նշեց. «ՀՀ սահմանների անխախտելիության սկզբունքը որեւէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել», ապա հավելեց, թե առկա չլուծված հարցերը, մասնավորապես՝ Զանգելանի եւ Կուբաթլուի հարցը, պետք է լուծել սառը, հանդարտ աշխատանքով։

«Հանդարտ աշխատանքի» արդյունքներ այդպես էլ չնկատվեցին: Մեր հասարակությունն առայժմ ականատես է դառնում, թե ինչպես են սառնասրտորեն Արցախի տարածքները հայտնվում ադրբեջանական կողմի տիրապետության տակ: Ինչ վերաբերում է բոլորի կողմից այդչափ կարեւորվող «տրանսպորտային հաղորդակցության միջոցների» ապահովմանը՝ ՀՀ իշխանությունները պետք է ապահովեն թափանցիկ աշխատանք, նորանոր տհաճ անակնկալներ չմատուցեն հասարակությանը, մի հասարակություն, որը նոյեմբերի 9-ից հետո էլ մինչ օրս գտնվում է շարունակական սթրեսային իրավիճակում՝ ՀՀ իշխանությունների գործունեության պատճառով:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031