Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի 2020 թ. նոյեմբերի 18-ի հայտնի հարցազրույցը Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների, նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարության մասին, կարծում եմ, որ կարելի է անվանել բազմաշերտ և մեսիջների ամբողջություն պարունակող քաղաքական տեքստ-խոսք:
Անցնող օրերին մեզանում արդեն խոսվել է այդ հարցազրույցի հատկապես ներքաղաքական հարթությունում հետաքրքրություն ներկայացնող հատվածների մասին, սակայն կարծում եմ, որ առավել կարևորը ոչ թե Հայաստանի հեռացող իշխանության հանդեպ ՌԴ նախագահի վերաբերմունքն է, այլ ավելի լուրջ, տարածաշրջանային զարգացումների և դրանց հեռանկարների մասին նրա հայացքները: Ուստի, մոտ մեկ ամիս անց, տարածաշրջանում տեղի ունեցող կամ ուրվագծվող որոշ իրողությունների համապատկերում ավելորդ չէ թեկուզ «ուշացած» անդրադարձ անել այդ հարցազրույցի որոշ ասպեկտներին:
Առաջինը, ինչն աչքի էր զարնում հարցազրույցում, Պուտինի պատմական էքսկուրսներն էին արցախյան հարցի շուրջ: Մասնավորապես՝ հստակ նշվեց, որ կոնֆլիկտի հիմքը էթնիկ խնդիրներն են և որպես օրինակ բերվեց Սումգայիթը, որը հստակ ցեղասպանական արարք է: Եթե քաղաքական տեքստից ՌԴ նախագահի խոսքը փորձենք թարգմանել առավել հանրամատչելի լեզվի, ապա արցախահայերի պայքարը, ինքնորոշման հարցը, ըստ էության, ներկայացվում էր էթնիկ զտումների ֆոնի վրա, կամ ինչպես վերջերս ակտիվորեն շրջանառվում է «անջատում հանուն փրկության» սկզբունքի շրջանակներում: Այս թեման զարգացնելով՝ Պուտինը ուղղակիորեն մեղադրում էր ԽՍՀՄ այն ժամանակվա ղեկավարներին, որոնք «չկարողացավ պաշտպանել և դրա համար հայերը զենք վերցրեցին իրենց պաշտպանելու համար»: Ենթադրում եմ, որ սխալված չեմ լինի, եթե այս արտահայտությունը մեկնաբանեմ նաև որպես ինքնապաշտպանության իրավունք:
Իր հարցազրույցում Պուտինը, կարող ենք ասել, բազմիցս անդրադարձավ Արցախի անկախության հարցին ուղղակիորեն ասելով, որ անգամ Հայաստանը չի ճանաչել: Սա երևի ճիշտ կլինի կապել Արցախի կարգավիճակի դեռևս քննարկման ենթակա լինելու հարցի հետ: Մասնավորապես՝ լրագրողի հարցին ի պատասխան, թե արդյոք կա Արցախի ստատուսի հարց, Պուտինը նշեց՝ այո: Բավական է անգամ մակերեսորեն դիտարկել Ալիևի և Պուտինի մոտեցումները այդ հարցին և պարզ կլինի հստակ հակասությունը. Ալիևը ասում է, թե այլևս չկա ստատուսի հարց, իսկ Պուտինը պնդում է հակառակը: Նույնը վերաբերում է նաև ստատուս քվոյին, որը նույնպես Ալիևի համար բարդույթային բառերից է: Պուտինի և Ալիևի հայտարարություններում առկա ակնհայտ հակասություններից է Արցախյան կոնֆլիկտի գոտի երկու կողմից փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի հարցը. մի բան, որ ո՛չ ադրբեջանական, ո՛չ թուրքական քարոզչությունը և հռետորաբանությունը երբեք չի նշում, իսկ ՌԴ նախագահը այդ մասին հատուկ շեշտեց:
Կարդացեք նաև
ՌԴ նախագահի ակնարկներից որոշները շատ թափանցիկ էին. մասնավորապես՝ խոսելով ռուս խաղաղապահների մասին Պուտինը հիշատակեց այն փաստը, որ վրացական կողմից ռուս խաղաղապահների հանդեպ հարձակումների հետևանքով եղավ ռուս-վրացական պատերազմը և որից հետո «մենք ճանաչեցինք Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը»: Այս արտահայտությունը առնվազն հիմք է տալիս ենթադրել, որ եթե Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների ուղղությամբ որևէ սադրանք լինի թուրք-ադրբեջանական կողմից, ապա Օսեթիայի, Աբխազիայի կամ Ղրիմի տարբերակը բացառել չի կարելի:
Ի դեպ, Ղրիմի Ռուսաստանին վերամիավորվելու մասին խոսելով Արցախյան հարցի համապատկերում՝ Պուտինը նշեց, որ վերամիավորումը «կարող է մեկին դուր գալ մեկին դուր չգալ» (և այդ մեկը Էրդողանն է) և անուղղակի հնարավորություն թողեց Արցախի ու Ղրիմի հարցերի միջև զուգահեռներ տանելու կամ առնվազն այդ ուղղությամբ մտածելու համար:
Ամենակարևոր հարցերից մեկը Թուրքիայի ներգրավումն է ինչպես արցախյան կոնֆլիկտի մեջ, այնպես էլ ընդհանուր տարածաշրջանային խնդիրներում: ՌԴ նախագահի պատասխանը այդ հարցին բացի տեքստային ակնարկներից ուներ նաև վիզուալ դրսևորում` կարելի է ասել «քաղաքական ժպիտ». խոսելով Թուրքիայի ներգրավումից Պուտինը դա ժպտալով ներկայացրեց որպես «ԽՍՀՄ փլուզման աշխարհաքաղաքական հետևանք»: Եվ այս մեսիջից թերևս կարելի է բխեցնել մյուս եզրահանգումը` Թուրքիայի ներգրավումը կանխելու գործուն մեխանիզմը միգուցե «նոր ԽՍՀՄ» ձևավորո՞ւմն է:
Թուրքիայի գործողությունների կամ չքողարկված ցանկությունների մասին կրկին մեսիջներով խոսելիս՝ Պուտինը նախ որոշ դրական կամ չեզոք բնութագրումներ տվեց այդ երկրին, սակայն այնուհետ անդրադառնալով Արցախում թուրք «խաղաղապահներ» տեղակայելու ցանկության մասին՝ բառացի նշեց. «պետք չէ ստեղծել պայմաններ կամ նախադրյալներ մեր պայմանավորվածությունների քանդելու համար, որը կողմերից մեկին կմղեր ծայրահեղ քայլերի: Ինչ նկատի ունեմ, նկատի ունեմ շատ ծանր անցյալի, անցած տարիների ժառանգությունը, այն ինչ կապված է Առաջին համաշխարհային պատերազմի արյունալի դեպքերի հետ, կապված ցեղասպանության հետ»: Այստեղ ակնարկը կամ մեսիջը նույնպես բավական թափանցիկներից էր և վերաբերում էր նրան, որ թուրք զինվորը հատկապես հայության շրջանում ունի ցեղասպանի, կոտորողի ընկալում և երբևէ չի կարող հավակնել «խաղաղապահի» դերին, այն էլ Արցախում և «թուրքական զինվորների ներկայությամբ շփման գծում պետք չէ հակառակ կողմին (հայերին) սադրել և կարծում եմ, որ նախագահ Էրդողանը նույնպես դա լավ է հասկացել»:
Կարծում եմ, որ հատուկ ուշադրության արժանի են նաև ՌԴ նախագահի տվյալ հարցազրույցում բուն «թեմայից շեղվելով» բավական ծավալուն մտքերը Հայոց ցեղասպանության, դրա միջազգային ճանաչման և քաղաքականության ու բարոյականության սահմանների մասին: Այսպես, խոսելով Հայոց ցեղասպանության մասին Պուտինը նշեց. «Դրանք փաստեր են, որոնք ոմանք կարող են ճանաչել, ոմանք ոչ, ոմանք ճանաչել են, ոմանք աշխարհում չեն ճանաչել. Ռուսաստանը խնդիր չունի, վաղուց է ճանաչել»: Այս փաստը կարծում եմ պետք է կարևորել հատկապես, երբ ամեն տարի ապրիլի 24-ին անհույս սպասում ենք ԱՄՆ նախագահի կողմից ցեղասպանություն եզրույթի կիրառմանը և ամեն տարի հուսախաբ լինում: Ի դեպ, ավելորդ չէ նաև ուշադրություն դարձնել Պուտինի այն մտքերին, թե Ռուսաստանի և Թուրքիայի շահերը «միշտ չէ, որ համընկնում են, դրանք հաճախ դիամետրալ տարբեր են, հակադիր են»:
Եվ վերջում, Պուտինը անդրադառնալով Հայաստանի ղեկավարների հետ իր հարաբերություններին՝ հարցը տեղափոխեց այլ հարթություն խոսելով ոչ միայն Հայաստան-Ռուսաստան, այլ Ռուսաստան և հայություն հարաբերությունների մասին. «հայերի հետ կան դարավոր լավ հարաբերություններ, մեր հարաբերությունների հիմքում մշակութային, կրոնական ընդհանրություններ են, պատմական շատ հարցեր են մեզ կապում, սրանք ավելի կարևոր են, քան հարաբերությունները կոնկրետ անձանց միջև: Մենք սա հիշում ենք և երբեք չենք մոռանում և սա է ընկած մեր հարաբերությունների հիմքում»: Ես ենթադրում եմ, որ չպետք է մոռանալ նաև ռուսական պետականության քաղաքական իմիջի կարևոր տարրը` քրիստոնեության և քրիստոնյաների պաշտպանի դերը (Ռուսական կայսրության պետական օրհներգի մեջ անգամ շեշտվում էր` ուղղափառ ցար). նաև այդ գաղափարախոսության կամ քարոզչական-իմիջային հենքի շրջանակներում են տեղի ունեցել ռուս-թուրքական բազմաթիվ պատերազմները: Այդ իմիջային բաղադրիչի վրա է կառուցված նաև այն թեզը, համաձայն որի Ռուսաստանը հանձնառություն ունի Արցախի հայության անվտանգության, հայության քրիստոնեական ժառանգության` եկեղեցիների պահպանման հետ կապված:
Այսպիսով, ներկայումս խոսքի, տեղեկության, քաղաքական մեսիջների լայնածավալ հոսքի պայմաններում, մեր հասարակական-քաղաքական շրջանակները, վերլուծաբանները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերոնշյալ հարցազրույցում հնչած մտքերին, քաղաքական մեսիջներին և ակնարկներին, որոնք պարունակում են պատմական դեպքերի և ապագա հնարավոր զարգացումների վերաբերյալ կարևոր ենթատեքստեր: Այդ մեսիջների ադեկվատ ընկալումն ու փոխադարձումը կարող են ունենալ կարևոր նշանակություն թե՛ մեր արտաքին քաղաքականության մեջ, և թե՛ Հայաստանի գործողություններում ընդհանրապես: Սակայն դրա համար առաջնային պայման է հայկական պետականության և դրա ընկալման, պետական ինստիտուտների և մտածողության վերականգնումը: Իսկ այդ ամենը իրականանալի չեն այս ապիկար իշխանությունների պարագայում, բայց կենսական են Հայոց պետականության գոյության և շարունակականության համար…
Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր