ՀՀ ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն, TIMSS միջազգային հետազոտությունների Հայաստանի համակարգող Արսեն Բաղդասարյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում ներկայացրեց հանրակրթական դպրոցներում մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների հետ կապված հետազոտությունները` որպես TIMSS միջազգային ծրագրի մաս:
Արսեն Բաղդասարյանը նախ նշեց, որ TIMSS-ը 4-րդ եւ 8-րդ դասարանցիների համար մաթեմատիկայից եւ բնագիտական առարկաներից աշխարհով մեկ տեղի ունեցող հետազոտություն է, ինչը հնարավորություն է տալիս մասնակից երկրին հասկանալ իր կրթական համակարգի ներկա վիճակը, համեմատել հաջողությունները մյուս երկրների հետ, տեսնել թերությունները եւ ընդհանուր ուղղվածության բարենպաստ լինելը:
ԳԹԿ փոխտնօրենի խոսքով, ընդհանուր առմամբ հետազոտությունը հնարավորություն է տալիս չափելի դարձնել կրթական արդյունքը. «Եվ եթե որեւէ բանից մենք գոհ կամ դժգոհ ենք, այդ տպավորությունը ոչ թե ընդհանուր կարծիքի, ճաշակի վրա է հիմնվում, այլ կոնկրետ չափելի տվյալներ ենք ստանում, որոնք հնարավորություն են տալիս պատկերացնել ինչպիսին է ռեալ իրավիճակը: Հայաստանն առաջին անգամ մասնակցել է TIMSS -2003 հետազոտությանը: Այսինքն` շուրջ 20 տարի է մասնակցում է : TIMSS-ի հետազոտություններին մասնակցությունը քառամյա ցիկլով է ընթանում, տեւում է 4 տարի: Ներկա հետազոտությունը կոչվում է TIMSS-2019, այն սկսվել է 2017թ-ից եւ 2020-ին ամփոփիչ տարին է»:
Արսեն Բաղդասարյանը նշեց, որ արդյունքները մինչեւ վերջերս գաղտնի են եղել. «ԴԵկտեմբերի 8-ին դրանք հանդիսավոր պայմաններում` շամպայնով, ջութակով գաղտնազերծվել են, որից հետո օրերս իրավունք ենք ստացել խոսել դրա մասին եւ ներկայացնել հանրությանը»:
Կարդացեք նաև
ԳԹԿ փոխտնօրենը հավելեց, որ TIMSS-2019-ին մասնակցել է 558 երկիր, իրավունք ունեն մասնակցելու նաեւ առանձին երկրների տարբեր նահանգներ. «Դրանք քառամյա ցիկլերով փոփոխվող թվեր են, որոնք կախված են երկրների հնարավորությունից: Երկիրը որոշակի ծախսի տակ է ընկնում նման հետազոտության մասնակցելիս: Եթե պարզեցված ասենք, ոնց որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը լինի 4 տարին մեկ, կամ օլիմպիական խաղերը…Սա խիստ կարեւոր եւ հեղինակավոր հետազոտություն է աշխարհով մեկ, որը ցավոք սրտի հասկանալի պատճառներով չենք կարողանում արդիական դարձնել, սակայն այնուամենայնիվ կարծում եմ, որ հետազոտությունը պետք է հետաքրքիրի մեր հանրությանը»:
Ներկայացնելով հայաստանյան պատկերը` Արսեն Բաղդասարյանը նշեց. «TIMSS-ի ընթացակարգն այսպես է, որ եղած դպրոցների միջինում 10 տոկոսն է մասնակցում, մեր դեպքում լինում է 150 դպրոց, որն ի դեպ, իրենք են որոշում: Կանադայում է կատարվում ընտրանքը, մենք ընդամենը ուղարկում ենք Հայաստանում գործող բոլոր հանրակրթական դպրոցների ցանկը, իրենք հատուկ ծրագրով ընտրվում են դպրոցները ներկայացուցչական սկզբունքով` մայրաքաղաք, գյուղ, հեռավոր մարզ եւ այլն: Իմաստն այն է, որ ընտրված դպրոցները ներկայացնեն ամբողջ պատկերը»:
Նա նշեց, որ ստուգատեսը բաղկացած է երկու բաժնից` գիտելիքի գնահատում խնդրագրքի միջոցով եւ հարցաշար` կրթական միջավայրի, դպրոցում մթնոլորտի, տան իրավիճակի, դասագրքերի, ընկերների ու այլնի մասին: Նման հարցաշար տրամադրվում է նաեւ դպրոցների տնօրեններին ե երեխաներին դասավանդած ուսուցիչներին:
«Այս հետազոտության արդյունքը լինում են մի քանի վերլուծությունները` 500-600 էջանոց, որը երկրին ահռելի նյութ է տրամադրում իր համակարգը հասկանալու համար: Մեկ շաբաթում խորը եզրակացություններ անել հնարավոր չէ, բայց որոշ բաներ միանգամից աչքի են ընկնում: Օրինակ, այս տարվա արդյունքները գոհացնում են նրանով, որ Հայաստանը եւ մաթեմատիկայից, եւ բնագիտական առարկաներից, որոնք սովորաբար մեր թույլ տեղն են, նորմալ աճ է ցույց տվել: Հայաստանի մասնակցած հետազոտությունների ընթացքում արդյունքների բարելավում է կատարվել TIMSS -2003-ի համեմատությամբ»,-փաստեց ԳԹԿ փոխտնօրենը:
Նրա ձեւակերպմամբ. «Մեր 4-րդ դասարանցիների մաթեմատիկայի միավորը գրեթե ճշգրիտ համընկնում է միջազգային միջինի հետ: Բոլոր մասնակիցների միջինը 500 միավորն է, մեր երեխաներինը` 498 է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ