Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է պետական հոգածություն և վերահսկողություն ունենանք երեխաներին ուղղված ծառայությունների նկատմամբ՝ բացառելով դրանց կասկածելի որակը և բովանդակությունը. Ժաննա Անդրեասյան

Դեկտեմբեր 16,2020 14:07

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավոր հատվածում նախադպրոցական կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացի կարգավորման հարցերը, հաստատությունների կողմից ներկայացված առաջարկներն ու դիտարկումները:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով երկխոսության և դաշտի խնդիրներն ու կարիքները համակարգված ներկայացնելու համար:

«Ունենք գործող լիցենզավորման կարգ, և առաջիկայում՝ օրենքի փոփոխությունից հետո, մեր առջև լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն ընդլայնելու խնդիր կա: Դա ոչ միայն նախադպրոցական կրթական ծրագիրն է, այլև ծառայությունները: Միասին պետք է որոշենք, թե ինչպիսին պետք է լինեն լիցենզավորման չափորոշիչները: Մեր հանդիպման նպատակն է, որ դուք մեզ ներկայացնենք այն առանձնահատկությունները, որոնք այս խնդրին են վերաբերում: Արդյունքները պետք են լինեն լիցենզավորման կարգի հիմնավոր փոփոխությունը, դաշտի կարգավորումը՝ առանց սահմանափակելու որակյալ ծառայությունների տրամադրումը: Միաժամանակ պետք է պետական հոգածություն և վերահսկողություն ունենանք երեխաներին ուղղված ծառայությունների նկատմամբ՝ բացառելով կասկածելի որակի և բովանդակության ծառայությունների տրամադրումը»,- ասել է նախարարի տեղակալը:

Ասոցիացիայի ներկայացուցիչները խոսել են իրենց մտահոգող խնդիրների մասին, այդ թվում՝ ընթացակարգերի պարզեցման, չափանիշների վերանայման, մանկավարժական կադրերի ընտրության ու վերապատրաստման, առողջապահական նորմերի և այլնի մասին:

Ժ. Անդրեասյանի խոսքով՝ նախադպրոցական կրթության չափորոշիչները ներկայումս ամբողջությամբ լրամշակվում են՝ մանկավարժական բուհերի, մասնագիտացված կառույցների ներկայացուցիչների, հոգեբանների և այլ մասնագետների ներգրավմամբ։ Չափորոշիչը բխելու է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից՝ ապահովելով հարթ անցում տարրական դպրոց։

«Խնդիրն այն է, որ ինչ ծրագիր էլ իրականացնեք, դուք պետք է ապահովեք այդ կարողունակությունները. դրանց հասնելու ճանապարհին ձեզ տրվում է մանկավարժական ազատության հնարավորությունը»,- ընդգծել է նախարարի տեղակալը:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը պայմանավորվել են ուսումնասիրել, քննարկել ներկայացվող նախագիծը և հավելյալ դիտարկումների դեպքում դրանք փոխանցել ԿԳՄՍ նախարարություն, ինչի արդյունքում առաջարկները հնարավորինս հաշվի կառնվեն:

ՀՀ ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031