Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շուշի մայր տաճարի վրա հարձակումը պատերազմական հանցագործություն է. Human Rights Watch

Դեկտեմբեր 16,2020 13:25

2020թ. հոկտեմբերին ադրբեջանական ուժերի կողմից Շուշիի եկեղեցու վրա հարձակումը կամայական թիրախավորում է` պատերազմական օրենքների խախտմամբ: Այս մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ:

Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ մայր տաճարի վրա հոկտեմբերի 8-ին ժամերի տարբերությամբ երկու հարվածները ցույց են տալիս, որ մշակութային արժեք ունեցող քաղաքացիական օբյեկտը թիրախավորվել է դիտավորյալ կերպով՝ չնայած որևէ ապացույց չկա առ այն, որ այն օգտագործվել է ռազմական նպատակներով: Կազմակերպության կողմից դեպքի վայրում հավաքված սպառազինության մնացորդները ցույց են տալիս, որ հարվածն իրականացվել է բարձր ճշգրտությամբ զենքով՝ չնայած այն բանին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդմամբ՝ եկեղեցու վրա հարվածը եղել է սխալմամբ:

«Եկեղեցու վրա երկու հարվածները, ընդ որում, երկրորդը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տեղում հավաքվել էին լրագրողներ և քաղաքացիներ, թվում է, կամայական են եղել,- ասել է Human Rights Watch-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Ուիլյամսոնը:- Այդ հարձակումները պետք է անաչառ քննության ենթարկվեն, և մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն»:

Human Rights Watch-ի մասնագետներն ուսումնասիրել են եկեղեցուն հասցված վնասը և հավաքել զենքի մնացորդները: Կազմակերպությունը չի կարողացել նույնականացնել հարված հասցրած զենքի տեսակը, բայց գտել է սպառազինության մնացորդներ, որից ենթադրել է, որ դրանք կարող էինք ճշգրտորեն ուղղվել կոնկրետ թիրախի: Բացի այդ, Human Rights Watch-ը չունի այլ տեղեկություն, որ եկեղեցու շրջակայքում նույն ժամանակ այլ հարվածներ են եղել, ինչը նույնպես հիմք է տալիս մտածելու, որ եկեղեցու վրա եղել են առանձին, թիրախավորված հարածներ:

Կազմակերպությունը հիշեցնում է, որ միջազգային մարդասիրական իրավունքը պահանջում է պատերազմող կողմերից տարանջատել քաղաքացիական օբյեկտները ռազմականից: Հարվածները քաղաքացիական օբյեկտների վրա, որոնք չեն օգտագործվում ռազմական գործողությունների նպատակով, արգելված է և կարող է դիտվել որպես պատերազմական հանցագործություն: Բացի այդ, պատերազմող կողմերը պետք է հարգեն մշակութային օբյեկտները և հատուկ հոգատարություն ցուցաբերեն՝ խուսափելու կրոնական և մշակութային հուշարձանների վնասումից: Դրանք չեն կարող հարձակման ենթարկել, եթե չկա ռազմական անհրաժեշտություն:

Պատերազմական օրենքների լուրջ խախտումները, որոնք կատարվել են կամայականորեն կամ անզգուշությամբ, համարվում են ռազմական հանցագործություն: Կառավարությունները պարտավոր են քննել պատերազմական հանցագործությունների մեղադրանքները և արդարացիորեն պատասխանատվության ենթարկեն մեղավորներին, հիշեցնում է HRW-ը:

Հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը պետք է քննի այդ հարձակման դրվագը: Նոյեմբերի 9-ին հրապարակված BBC-ի հետ հարցազրույցում էլ Ալիևն ասաց, որ «քննելու համար իրենք պետք է տեղում լինեն»:

«Մոտ մեկ ամիս է անցել, ինչ Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել Շուշիի նկատմամբ. կառավարությունը չպետք է ժամանակ կորցնի և պետք է քննի այդ հարձակումները՝ պատասխանատվության ենթարկելով մեղավորներին,- ասել է Ուիլյամսոնը:- Այդպիսի հարձակումները որևէ ռազմական նպատակ չեն հետապնդում, և բոլոր կողմերը պետք է ապահովեն, որ նմանատիպ հարձակումները պատժվեն կամ կանխվեն»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031