Լրահոս
Օրվա լրահոսը

Անհայտ կորածների ծնողները ՀՀ ՊՆ ապակյա դուռն են կոտրել, կոտրում են անցակետի դարպասները. լարված իրավիճակ ՊՆ-ի մոտ

Դեկտեմբեր 16,2020 13:17

Անհայտ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը, որն անհայտ կորածների այլ հարազատների հետ Արցախում է, երեկ ուշ երեկոյան, ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ էր արել շրջափակել ՀՀ պաշտպանության նախարարության շենքը եւ նախարար Վաղարշակ Հարությունյանից, նախկին նախարար Դավիթ Տոնոյանից, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանից, վարչապետ Նիկոլ Փաշինյանից պատասխաններ պահանջել, թե ինչո՞ւ քայլեր չեն արվում՝ անհայտ կորածների մասին հստակ տեղեկություններ ստանալու եւ հարազատներին հաղորդելու համար:

Արսեն Ղուկասյանը եղբորն ու եղբորորդուն է փնտրում:

«Ստեղի ՊԲ-ից սկսել եմ, մինչեւ Երեւան հասնելու եմ»,- նույն ուղիղ եթերում հայտարարեց անհայտ կորածի հարազատ Արմեն Գալստյանը՝ հայտարարելով, որ բոլորից վրեժ է լուծելու, քանի որ պետական բոլոր այրերը անգործության են մատնված:

Անհայտ կորածների հարազատներն ակնհայտ բարկացած վիճակում էին: Նրանց զայրույթի պատճառն այն է, որ ՊԲ-ից հերթական անգամ խուսափողական պատասխաններ են տվել իրենց՝ արդեն երկու ամիս շարունակ տեղից-տեղ ուղարկելով եւ սին խոստումներ տալով: Անհայտ կորածների հարազատները հայտարարեցին, որ վրեժն իրենց կյանքի նպատակն է լինելու:

Այսօր առավոտյան արդեն Mediaport տելեգրամ ալիքը տեղեկացրեց, որ անհետ կորած զինվորների ծնողները երեկ ուշ երեկոյան ծեծի են ենթարկել Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանին:

Aravot.am-ին դեռ չի հաջողվում այս մասին պաշտոնական տեղեկատվություն ստանալ: Սակայն մեզ հետ զրույցում մի քանի արցախցիներ հաստատեցին, որ երեկ երեկոյան անհայտ կորածների ծնողները ՊԲ շենք են մտել, դռներ եւ պատուհաններ են կոտրել: Մեր զրուցակիցների մի մասը հաստատեցին նաեւ Միքայել Արզումանյանին ծեծի ենթարկելու մասին լուրերը, մի մասն այդ մասին տեղեկություն չուներ: ԱՀ խորհրդարանի պատգամավորներից մեկն էլ մեզ հետ զրույցում, ասաց, որ ոչ պաշտոնական ճանապարհով իրեն էլ են նման տեղեկություններ հասել, այդ թվում նաեւ ՊԲ հրամանատարին ծեծելու մասին:

Քիչ առաջ հայտնի դարձավ նաեւ, որ առավոտյան անհայտ կորածների հարազատները հավաքվել են ՀՀ պաշտպանության նախարարության մոտ: Նրանք կոտրել են նախարարության ապակյա դուռը՝ փորձելով մտնել նախարարության վարչական շենք, սակայն չի հաջողվել: Պահանջում էին տեսակցություն նախարարի հետ: Անհայտ կորածների հարազատների մի մասին հաջողվել էր ներս մտնել, մի մասին թույլ չտվեցին: Նախարարության մոտ բավական լարված իրավիճակ էր: Բակում հայտնված ծնողների մոտ շենքի ներսից մարդիկ էին դուրս գալիս, ինչ-որ զրույցներ էին լինում անհայտ կորածների հարազատների հետ: Ինչ-որ մի պահի իրավիճակը նույնիսկ վերահսկողությունից դուրս եկավ, քաշքշուք սկսվեց:

Նախարարության շենքի ճաղերի ետեւում՝ անցակետից դուրս հայտնված անհայտ կորածների հարազատները վրդովվեցին: Հերթապահը տեղեկացրեց, որ գնացել են բանալու ետեւից: Ծնողները զգուշացրին, որ հինգ րոպե սպասելու են, ինչից հետո իրենց գործողությունների համար պատասխանատվություն չեն կրելու: Բանալին, բնականաբար, չբերվեց, ինչից հետո, հավաքվածները փորձեցին կոտրել ճառերը եւ ներս մտնել: Տղամարդկանցից ոմանց հաջողվեց ճաղերի վրայով անցնել եւ միանալ նախարարության վարչական չենքի բակում հավաքված ցուցարարներին: Հավաքվածները սպառնում են, որ կկոտրեն անցակետի դարպասը:

Հիշեցնենք, որ ցուցարարները Ջաբրաիլի եւ Ֆիզուլու հատվածում անհայտ կորածների ծնողներն են:

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ Ջաբրայիլի եւ Ֆիզուլու հատվածում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել էին անհայտ կորածների մարմիններ: Ծնողներին բարկացրել է այն փաստը, որ ավելի վաղ որոնողական աշխատանքներ չիրականացնելու պատճառով այդ հատվածում գտնվող մեր զինծառայողների մի մասը զոհվել է, որոշներն էլ գերեվարվել են ադրբեջանցիների կողմից: Ծնողներին բարկացրել է նաեւ երեկ հայտնված տեղեկությունը՝ 150 նոր գերեվարվածների մասին: Նրանք կոչ են անում բոլորին՝ անկախ մասնագիտությունից եւ քաղաքական հայացքներից դուրս գալ ու պայքարել:

Հիշեցնենք, ՊՆ-ն նոր գերեվարվածների մասին ասել է, որ սպասում են ՊԲ պարզաբանմանը:

Պաշտպանության նախարարության մոտ ոստիկանական ուժեր են կուտակվում: Ոստիկանները կանգնել են այն ճաղերի առաջ, որոնք ծնողները խոստացան կոտրել, որպեսզի կարողանան մուտք գործել նախարարության վարչական շենք:

Այս պահին նախարարության շենքի մոտ կրկին իրավիճակը բավական լարված է: Ծնողները կոտրում են անցակետի դարպասները:

Նախարարության բակում գտնվող անհայտ կորածների հարազատները տեղեկացրին, որ տասը հոգանոց խումբ է մտել ներս՝ նախարարի հետ հանդիպման: Ըստ խոսակցությունների, ոստիկանապետը նույնպես նախարարության շենքում է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանն ավելի ուշ Hraparak.am-ին ասել է, որ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանին ծեծելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Ես Ձեզ վստահեցնում եմ, դա բացարձակ սուտ է, նման բան չի եղել»,-ասաց Սարումյանը։ Հարցը՝ իսկ միջադեպ, առհասարակ, եղե՞լ, է, Սարումյանը չի մեկնաբանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031