Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սոցիալական ցանցերի դիտարկումը ցույց է տալիս՝ վտանգավոր աստիճանի են ատելություն ու վիրավորանք, բռնության կոչեր ու սպառնալիքներ տարածող, նույնիսկ ներքին թշնամանք հրահրող մեկնաբանություններն ու գրառումները. ՄԻՊ

Դեկտեմբեր 16,2020 11:24

Երկրում ստեղծված այս պատասխանատու օրերի իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու համախմբվածություն, հարգանք իրար արժանապատվության ու խոսքի նկատմամբ:

Անհրաժեշտ է բացառել լարվածության բերող որևէ տեսակի զարգացում:

1.Հանրային իշխանության մարմինները, գործող պաշտոնյաները պարտավոր են օրինակելի լինել իրենց խոսքով ու պահվածքով հանուն համերաշխության ու համախմբվածության՝ անկախ քաղաքական կամ որևէ այլ տեսակի հայացքներից: Նույն սկզբունքով մեծ դեր ունեն նաև հանրային ճանաչում ունեցող անձինք:

Ֆորմուլան հստակ է. գործող պաշտոնյաների նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանի պահանջները խիստ են, քանի որ այդ անձինք ունեն իրավական կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված են այդ կարգավիճակի սպառիչ սահմաններով: Բայց դա չի նշանակում, թե որևէ պահանջից դուրս են ոչ պաշտոնյա հանրային գործիչները: Երկրում համերաշխության համընդհանուր մթնոլորտի երաշխավորման հրամայականը, հատկապես հանրային ճանաչում ունեցող անձանցից է պահանջում դրսևորել օրինակելի խոսք ու պահվածք:

2.Յուրաքանչյուր խոսք ասելիս կամ արտահայտություն անելիս պետք է պարտադիր նկատի ունենալ այդ խոսքի կամ արտահայտության բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները: Դա հատկապես կարևոր է այս պատասխանատու ու զգայուն իրավիճակներում:

Հատկապես ողջունելի գործառույթ են կատարում հանրային այն գործիչներն ու իրավապաշտպանները, որոնք իրենց գործողություններով ու խոսքով են կանխում լարվածության ցանկացած դրսևորում, ցույց են տալիս բռնության անթույլատրելիությունը, նպաստում են հանրային համերաշխությանը։

3.Պաշտոնյաներն ու հանրային ճանաչում ունեցող անձինք չպետք է կատարեն այնպիսի գրառումներ կամ մեկնաբանություններ կամ ունենան այնպիսի ելույթներ, որոնք թեկուզ ուղղակի կամ անուղղակի վիրավորանք կամ ատելություն են պարունակում:

4.Ցավոք, սոցիալական ցանցերի դիտարկումը ցույց է տալիս, որ վտանգավոր աստիճանի են ատելություն ու վիրավորանք, բռնության կոչեր ու սպառնալիքներ տարածող, նույնիսկ ներքին թշնամանք հրահրող մեկնաբանություններն ու գրառումները:

Այս ամենին նպաստում է կազմակերպված գործող կեղծ էջերով ու օգտատերերով ատելության ու վիրավորանքի տարածումը:
Ուստի, բոլորին խնդրում ենք սոցիալական ցանցերում որևէ կերպ չներքաշվել նման «քննարկումների»: Պաշտպանը խնդրում է ուշադրություն չդարձնել այդ «քննարկումներին» ձեզ ներքաշելու սադրանքներին, ուղղակի պետք է անտեսել դրանք: Դրանցով տարածվող ատելությամբ երկրում մթնոլորտը միայն ավելի է լարվում:

5.Մարդու արժանապատվությունը վիրավորել ու իրար նկատմամբ ատելություն տարածել չի կարելի: Դա ավելացնում է լարվածությունն ու բարձրացնում բռնության հավանականությունն իրական կյանքում:

Պետք է միշտ հիշել, որ մեզնից յուրաքանչյուրն ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք ու մենք պետք է հարգանքով վերաբերվենք միմյանց խոսքի ու կարծիքի նկատմամբ՝ ինքներս պահպանելով նշված կանոնները:

6.Այս ողջ գործընթացում իրենց պարտականությունները պետք է բարեխիղճ կատարեն պետական մարմինները՝ գործելով իր կարգավիճակի առավելագույն սահմաններով:

Պետք է ապահովել անմիջական հաղորդակցություն քաղաքացիների հետ կանխելու համար որևէ տեսակի ապատեղեկատվություն ու պետք է անհապաղ արձագանքել լարվածության տանող ցանկացած ապատեղեկատվության:

Պետք է զգոն լինեն իրավապահ մարմինները և կանխեն կամ բացառեն իրենց իրավասությանը վերաբերող ցանկացած տեսակի ապօրինի արարք, բայց բացառապես մեկ պայմանով՝ սեփական գործողություններում ապահովելով իրավունքի գերակայություն ու հավասար մոտեցում բոլոր իրավիճակների նկատմամբ:

7.Մարդու իրավունքների պաշտպանը լրատվական գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպություններին ու լրագրողներին կրկին հորդորում է հատուկ ուշադրությամբ հետևել հրապարակումների ներքո ծավալվող քննարկումներին և հեռացնել վիրավորանք ու ատելություն, արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները:

Խնդիրն այնքան արդիական է դարձել, որ անհրաժեշտ է լրացուցիչ ռեսուրսներ հատկացնել դա լուծելու համար:

Դրանից բացի, ցանկացած հրապարակում անելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տեղեկությունների ստուգվածությանը, ավելի մեծ ուշադրություն դարձնել վերնագրերի ընտրության հարցում և գործել պատասխանատու լրագրության սկզբունքների պահպանմամբ:

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031