Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Guardian-ը նշում է՝ Ադրբեջանական զինված ուժերի համազգեստով տղամարդկանց կողմից գլխատված հայերը զինվորականներ չէին, չեն մասնակցել ռազմական գործողություններին

Դեկտեմբեր 16,2020 09:40

«Ազատություն». Բրիտանական Guardian-ը պարբերականը նույնականացրել է ադրբեջանցիների կողմից գլխատված հայազգի երկու տարեց տղամարդկանց ինքնությունը։

Համացանցում լայնորեն տարածված տեսանյութերը հաստատում են Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի ամենաարյունալի վայրագությունները, գրում է անգլիալեզու թերթը։

Լրատվամիջոցը պատմում է, որ ադրբեջանական զինված ուժերի համազգեստով տղամարդկանց կողմից գլխատված հայերը զինվորականներ չէին, չեն մասնակցել ռազմական գործողություններին։

Այդ սպանությունների, խոշտանգումների մասին վկայող տեսանյութերը շարունակում են հայտնվել Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարից մեկ ամիս անց։

Թերթը պատմում է Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի գլխատված բնակիչի մասին․ 69-ամյա Գենադի Պետրոսյանը տասնամյակներ առաջ Սումգայիթի ջարդերի ժամանակ էր տեղափոխվել Արցախ, պատերազմի օրերին հրաժարվել է լքել իր տունը։ Մադաթաշենը, որը գտնվում է մայրաքաղաք Ստեփանակերտից ընդամենը 24 կիլոմետր հեռավորության վրա, նույնպես հանձնվել է Ադրբեջանի ենթակայությանը։

Համացանցում հայտնված տեսանյութում ադրբեջանցի զինվորականները դանակով կտրում են տարեց տղամարդու գլուխը և հայտարարում․ – «Այսպես մենք վրեժ ենք լուծում՝ գլուխները կտրելով»։

Guardian-ի կողմից նույնականացված երկրորդ գլխատված անձն Ազոխ գյուղի բնակիչ 82-ամյա Յուրի Ասրյանն է։ Նրա ինքնությունը թերթի հետ զրույցում հաստատել են ծանոթները, հարազատները, փաստաբանները։ Հադրութի շրջանի Ազոխ գյուղի բնակիչը նույնպես հրաժարվել էր լքել իր տունը, նույնիսկ, երբ իմացել էր, որ ադրբեջանական ուժերը մոտեցել են գյուղին։

Հեղինակավոր թերթը հիշեցնում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վայրագությունների մասին միջազգային իրավապաշտպան կառույցների զեկույցները և շեշտում, որ համացանցում տարածվող տեսանյութերի մեծ մասը հայ զինվորների ու խաղաղ բնակիչների նկատմամբ ադրբեջանական զորքի իրականացրած բռնությունների մասին են։

Մեկ այլ տեսանյութում, ինչպես պատմում է հեղինակավոր պարբերականը, Կամո Մանասյան անունով գյուղաբնակին ծեծում են ոտքերով, նրա աջ աչքից արյուն է հոսում:

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մարդու իրավունքների ոտնահարումների մեղադրանքների վերաբերյալ Guardian-ը մեկնաբանություն է խնդրել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարից։

Մարդու իրավունքների հարցերով զբաղվող Եվրոպայի ամենահին ու ամենամեծ կազմակերպություններից մեկը համարվող Եվրախորհրդից թերթից միայն տեղեկացրել են, որ հանձնակատարը ստացել է տեսանյութերն ու այլ նյութեր և դրանց վերաբերյալ մեկնաբանություններ անելուց առաջ նախ ցանկանում է առաջիկայում մեկնել տարածաշրջան։

Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031