Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետությունը պետք է իրեն վերագտնի

Դեկտեմբեր 16,2020 10:00

Վերջերս Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը Ռուսաստանի հետ Ղարաբաղի հարցով երեք արձանագրություն է ստորագրել, որոնք համաձայնեցվել են նաեւ Ադրբեջանի հետ: Մինչ այս պահը, համենայնդեպս, լայն հասարակությանը դա հայտնի չէր, եւ ես որոշակի կասկածներ ունեմ, թե մեր դաշնակից Ռուսաստանը համաձայնեցրել է մեզ համար այդչափ զգայուն խնդրի վերաբերյալ իր այս քայլերը Հայաստանի հետ: Ավելին՝ որոշակի կասկածներ ունեմ, որ Հայաստանի իշխանություններին անգամ տեղյակ էլ չեն պահել այդ արձանագրությունների մասին: Եթե Ռուսաստանին ձեռնտու լինի՝ Կրեմլը կգնա ցանկացած գործարքի Թուրքիայի հետ՝ ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի եւ նրա տարածքի վերաբերյալ, իսկ երբ համապատասխան ռուս-թուրքական որոշումներն ընդունվեն, մեզ կպարտադրեն դրանք կատարել: Բայց ես ամենեւին հակված չեմ այդ հարցում մեղադրել Ռուսաստանին. պարզապես այդ երկիրն առաջնորդվում է իր շահերով եւ հաշվարկներով, որտեղ մենք որպես գործոն գոյություն չունենք: Ամպագոռգոռ հայտարարություններն այն մասին, որ Արցախը պետք է վերադարձնել բանակցությունների սեղանին, մաքուր բլեֆ էին: Մեկը լիներ՝ Հայաստանին այդ սեղանի մոտ հրավիրեր:

Մինչեւ 2018 թվականը մենք ունեինք անորակ պետություն՝ կոռումպացված իշխանությամբ: Այդքանով հանդերձ պետական ինստիտուտները, լավ թե վատ, գործում էին: Հեղափոխությունից հետո մենք գնացինք այդ ինստիտուտները քայքայելու ճանապարհով, որովհետեւ նոր (ոչ կոռումպացված) իշխանությանը թվում է, որ երկիրը կարելի է ղեկավարել միայն PR ակցիաներով եւ «լեզվին զոռ տալով»: Բայց ասացեք խնդրեմ, ճարտար լեզվական հնարքները կօգնե՞ն Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որոնց տները, արոտավայրերը, վարելահողերը հայտնվել են ադրբեջանական բանակի նշանառության տակ: Թերեւս, պետական առայժմ գործող օղակներից են մնացել համայնքապետարանները: Գյուղապետերն են փորձում կազմակերպել մարդկանց, ուղղորդել GPS-ներում մոլորված համագյուղացիներին եւ անգամ բանակցել ադրբեջանցիների հետ: Բայց գյուղապետերի ուսերին չի կարելի  դնել անվտանգության խնդիրները. մենք, որքան գիտեմ, ունենք կառավարություն, որի ներկայացուցիչները պետք է շփման մեջ մտնեն մարդկանց հետ եւ ապահովեն մարդկանց անվտանգությունն ու խաղաղ աշխատանքը: Այդպես եմ ես պատկերացնում պետության գործառույթը:

Հա, մոռացա, կան ավելի կարեւոր գործեր՝ ուղերձների միջոցով բացահայտել «ներքին թշնամիներին» եւ ֆեյսբուքում ջախջախիչ հարվածներ հասցնել բոլոր ընդդիմախոսներին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Armen says:

    Հիմա էլ, նախկինում էլ ռուսական իշխանությունները հայկական կողմի կարծիքը հաշվի չեն առել, պարզապես նախկինում մենք դա տեսնում էինք և ինչ-ինչ պատճառներով (հիմնականում հասկանալի) չէինք բարձրաձայնում…

  2. henri says:

    իսկ եթէ ցոյցերու հեղինակները փոխանակ /առ այժմ/ Նիկոլի
    հրաժարականը պահանջելու/ որ ներկայիս ժամանակավրէպ և բարդ հարց կը թուի/ պարտադրեն որ ՛՛իշխանութիւնը՛՛ անյապաղ պատասխանատուներ նշանակէ հրապարակի բոլոր փշոտ հարցերով զբաղելու և թոյլ չտալ որ ՌԴ և Չավուշօղլուն մեր ապագայի քարտէսը գծեն իրենց քմահաճոյքին համաձայն

  3. Լավատես says:

    Աշխարհաքաղաքական սիրողական վարկած:
    Մինչ վերջին իրադարձությունները շատերի նման ես էլ համոզված էի, որ աշխարհաքաղաքական տարածքները շուտվանից համաձայնեցված են աշխարհաքաղաքական խաղացողների միջեւ եւ մենք էլ գտնվում էինք ռուսական պետության շահերի աշխարհաքաղաքական տարածքում որպես հետխորհրդային տարածք, բայց պարզվում է, միջինասիական երկրները չինական պետության ազդեցության տակ են, մեր շրջանի հետխորհրդային պետությունները՝ բրիտանական պետության ազդեցության տակ են, իսկ մեր քոչվոր ՝՝հարեւանը՝՝ ռուսական պետության հետ միասին հեչ էլ մեծ խաղացողներ չեն, այլ ընդամենը բրիտանական պետության ձեռքի գործիքներն են: Իսկ չինացիներին ու բրիտանացիներին միայն օգտակար հանածոներն են հուզում՝ որտեղ ոսկի ու ուրան, այնտեղ էլ մեծ խաղացողներն իրենց խաղերն են անցկացնում՝ օգտակար հանածոներով հող՝ պարտքի դիմաց, նույն այդ սկզբունքով չինական պետությունը տաջիկական պետության ոսկով ու ուրանով հարուստ հողերը մաս մաս գրավում է: Մեծ խաղացողներին օլիգարխական հակապետական համակարգը միանգամայն ձեռընտու է, նրանց համար մարդու կամ ազգերի իրավունքներ հասկացությունները դիտարկվում են միայն այնքանով, որքանով դրանք նպաստում են իրենց շահերի իրագործմանը: Հնարավոր է, մեր տարածքում նույնպիսկ բախվում են չինական ու բրիտանական շահերը, դրա համար էլ բրիտանացիները շտապում են ու այդքան կոպիտ ու պարզունակ են գործում՝ սկզբից յուրացնում քոչվորների օգտակար հանածոները, հետո քոչվորներին օգնում ու նրանց միջոցով յուրացնում բնիկ ազգի, այսինքն՝ մեր հարստությունները, որոնց իհարկե օգնության են գալիս մեր բարձրաստիճան բայց նրանց շահերը սպասարկողները մի կողմից եւ նախկին օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները, որոնք նույնպես մեծ փորձ ունեն հարստություն պարտքի դիմաց չտեսի հոգեբանությամբ, մյուս կողմից: Կարճ ասած՝ եթե վարկածիս մեջ ճշմարտության հատիկ կա, մենք էլ մեր սփյուռքի աջակցությամբ ուզած չուզած պետք է մեծ խաղացող դառնանք ու մի բան էլ մեր՝ բարոյական կանոններով, մենք պարզապես նրանց կանոնները չենք ընդունում: Մենք պետք է տեր կանգնենք մեր հարստությանը, հետո բնիկ ազգերին սովորեցնենք տեր կանգնեն իրենց հարսությանը եւ միասին մտնենք մեծ խաղացողների կռվի մեջ ու նրանց հարստությունները հանձնել տեղի բնիկ ժողովուրդներին:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031