ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը նշեց, որ հայրենիք վերադարձված 45 գերիներից բացի ակնկալվում է առնվազն 50-ից ավելի գերեվարված անձանց վերադարձ։ «Մեզ հայտնի չեն ժամկետները, բայց չեմ կարծում, որ հաստատված դեպքերով դա շատ ժամանակ պահանջի, առավել խնդրահարույց են լինելու այն աշխատանքները, որոնք միտված են դեռեւս չբացահայտված անձանց փաստաթղթավորելուն, որովհետեւ կա ռիսկ, որ ընթացող գործողություններով Ադրբեջանը դիրքորոշում կարտահայտի, կոնկրետ խմբաքանակ կընդունի, եւ միգուցե պրոցեսը փակված հայտարարի, մինչդեռ մենք փաստերի ստուգման մակարդակում շարունակենք հայտնաբերել գերեվարման դեպքեր»։
Ըստ Սահակյանի՝ աշխատանքներ են տարվում Հադրութի շրջանի Հին թաղեր եւ Խծաբերդ գյուղերում օրերս տեղի ունեցած մարտերի ժամանակ անձանց գերեվարության հանգամանքները լիարժեք ճշտելու համար։ «Այս պահին մենք ունենք 11 հոգանոց խումբ, որոնց խնդիրներով զբաղվում ենք, արդեն կան ապացույցներ, որի հիման վրա կարող ենք խոսել գերեվարության մասին»,- ասաց փաստաբանը։
Հրապարակումներ եղան այն մասին, որ ադրբեջանցիների կողմից եւս 2 հայ գերեվարվել է Զանգելանի շրջանում։ Նշվածի վերաբերյալ, սակայն, փաստաբանը հստակ տեղեկություններ չուներ․ «Այդ մասին լսել ենք, բայց առնվազն այն խմբի տեղակայման վայրը, որի հարցերով մենք զբաղվում ենք, հստակ գիտենք, իսկ դա եւ Զանգելանը իրարից բավականին հեռու են, ուստի առնվազն մեր խումբը չի կարող գերեվարված լինել Զանգելանում, իսկ թե կան խմբեր, որոնց իրենք գերեվարել եւ տարել են Զանգելան կամ անտառներում մնացած մարդիկ կան, որ տեղաշարժման արդյունքում հայտնվել են այդտեղ, եւս հավանական է, բայց Հադրութի գյուղերում տեղի ունեցող միջադեպի մեզ հայտնի անձինք չեն հայտնվել եւ չէին կարող հայտնված լինել Զանգելանում»։
Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում