Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ նոր որոշումը՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ

Դեկտեմբեր 16,2020 13:30

Դեկտեմբերի 11-ին Սահմանադրական դատարանի կայքում հրապարակվեց թիվ ՍԴՈ-1571 որոշումը, որով ՍԴ-ն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասին տվել է այնպիսի մեկնաբանություն, համաձայն որի այդ հոդվածը չի սահմանափակում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած կազմակերպության՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ վիճարկելու իրավունքը:

Մասնավորապես, ՍԴ-ն որոշել է`«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

Ցավոք, խնդիրը կար, եւ ՀՀ վճռաբեկ դատարանում բազմաթիվ բողոքներ կային: Մեր փաստաբաններից շատերը փաստում էին, որ Վճռաբեկ դատարանի ակնհայտ սխալ դիրքորոշումը մի շարք ստորադաս դատարանների համար ճանապարհ է բացել խախտելու բազմաթիվ սուբյեկտների իրավունքները:

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն դիմել էր Սահմանադրական դատարան՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի, դրա հետ համակարգային առումով փոխկապակցված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին 2 մասի՝ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ»: Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին: Այն հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 2018 թվականի փետրվարի 27-ին եւ ըստ էության, ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ից։ Օրենսգրքի` «Դիմումի քննությունը» վերտառությամբ 339-րդ հոդվածի վիճարկվող 5-րդ մասը սահմանում է. «5. Դատարանը դիմումի քննության ժամանակ պարզում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը»: Օրենսգրքի վերոհիշյալ հոդվածը լրացումների եւ փոփոխությունների չի ենթարկվել։

Օրենքի` «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման վիճարկումը» վերտառությամբ 16-րդ հոդվածի վիճարկվող 1-ին մասը սահմանում է. «1. Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկել իրավասու դատարան ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով»:

Դիմումատու բանկը նշում է, որ մինչեւ Սահմանադրական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 9-ի ՍԴՈ-1051 որոշման կայացումը՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները ֆինանսական կազմակերպությունները բողոքարկում էին սահմանափակ հիմքերով, որոնք նախատեսված էին «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով: Հիշյալ որոշումից հետո ՀՀ դատարանները քննում էին Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումներն ըստ էության, ամբողջ ծավալով, մինչեւ վիճարկվող դրույթներն ուժի մեջ մտնելը: Վիճարկվող դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ դատարանները տալիս են հետեւյալ մեկնաբանությունը. «ՀՀ Սահմանադրական դատարանի 09.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1051 որոշումը կայացնելուց հետո օրենսդիրը կանոնակարգել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթը եւ նախանշել հստակ սահմաններ, ուստի քննարկվող դիմումներով վարույթը ենթակա է իրականացման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կանոնների համաձայն, որպիսի պայմաններում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը ըստ էության վիճարկման ենթակա չէ»:

Դիմողը գտնում է, որ օրենսդիրը, օրենսգրքի վիճարկվող դրույթն ընդունելով, ինչպես նաեւ փոփոխելով օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ էության շրջանցել է Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1051 որոշման մեջ հստակ նշված այն մեկնաբանությունը, ըստ որի՝ եթե իրավաբանական անձն իր կամահայտնությամբ չի հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները դատական կարգով բողոքարկելու իրավունքից, ապա ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների սահմանափակ բողոքարկման իրավունքը խախտում է անձի արդյունավետ դատական պաշտպանության եւ արդար դատաքննության իրավունքները:

Ըստ երկրորդ կողմի` պատասխանող ԱԺ ներկայացուցչի, գործող օրենսդրության համաձայն՝ Հաշտարարը հանդիսանում է անձանց իրավունքների պաշտպանության ապահովման այլընտրանքային ինքնուրույն ձեւ՝ օժտված վեճերի լուծման համար ինքնուրույնության բավարար աստիճանով: Հաշտարարի կողմից կայացված եւ կողմերի համար դեռեւս պարտադիր չդարձած որոշումը կարող է դատական կարգով վիճարկվել ըստ էության, եթե կողմերի միջեւ առկա չէ Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից կամովի հրաժարվելու վերաբերյալ գրավոր համաձայնագիր: Սակայն, վիճարկվող դրույթը վերաբերում է կողմերի համար արդեն պարտադիր դարձած որոշմանը, որի չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության ժամանակ դատարանը պարզաբանում է պահանջի՝ Հաշտարարին ենթակա չլինելու, Հաշտարարի կայացրած որոշման ընթացակարգային կանոնների պահանջների խախտման, Հաշտարարի անաչառությունը բացառող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Սահմանադրական դատարանն իր հերթին վկայակոչել էր Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի նորմերը, համաձայն որոնց արդարադատության մատչելիության իրավունքը հանդիսանում է արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարր. «…Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին եւ պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային եւ արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում»:

Սահմանադրական դատարանն իր՝ 28.11.2007թ. ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետեւյալ իրավական դիրքորոշումը. «…հայցը կամ դիմումը դատարան՝ իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես եւ բոլոր այլ իրավական պետություններում, ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ…»: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերոհիշյալ հարցով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումներն ուղղակի նախատեսում են Հաճախորդի ազատ կամահայտնությունը։ Օրենքում առկա չէ որեւէ դրույթ, որն ուղղակիորեն կվերաբերի Հաշտարարի որոշումը Կազմակերպության կողմից «հատուկ ընդունելուն», սակայն օրենքը նախատեսում է դրույթ, համաձայն որի՝ Կազմակերպությունը կարող է Հաշտարարի գրասենյակի հետ կնքել գրավոր համաձայնագիր Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ (հոդվածներ 7 եւ 16)։ Վերջինս, հանդիսանալով Կազմակերպության ազատ կամահայտնության արդյունք, ըստ էության հավասարազոր է Հաճախորդի կողմից անվերապահորեն եւ գրավոր ձեւով Հաշտարարի որոշումներին համաձայնելուն, այսինքն՝ այդ դեպքում կողմերը կամավոր սահմանափակում են ՀՀ Սահմանադրության 18 եւ 19-րդ հոդվածներով սահմանված իրենց իրավունքների լիարժեք իրացման հնարավորությունը։ Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ Կազմակերպությունը Հաշտարարի գրասենյակի հետ կնքված գրավոր համաձայնագրով, այսինքն՝ իր ազատ կամահայտնությամբ, հրաժարվում է Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից, օրենքով սահմանված հիմքերով Հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը վիճարկելու սահմանափակ հնարավորություն նախատեսելն իրավաչափ է եւ սահմանադրականության խնդիր չի հարուցում։ Իսկ այն դեպքում, երբ առկա չէ հիշյալ գրավոր համաձայնագիրը, Հաշտարարի որոշումներն իրավասու դատարան վիճարկելու հիմքերի սահմանափակումը՝ այնքանով, որքանով չի նախատեսում այդ որոշումները դատական կարգով ըստ էէության վիճարկելու հնարավորություն, իրավաչափ չէ եւ հանգեցնում է ՀՀ Սահմանադրության 18 եւ 19-րդ հոդվածներով սահմանված իրավունքների իրացման արգելափակմանը։ Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը կարեւոր է համարում շեշտել, որ այդ իրավունքների ու ազատությունների՝ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառելի լինելու իրավակարգավորիչ դերը երաշխավորում է ոչ միայն իրավաբանական անձանց, այլեւ դրանցում միավորված 11 ֆիզիկական անձանց իրավունքների եւ ազատությունների արդյունավետ պաշտպանության իրավական հնարավորություն»:

ՍԴ-ն որոշեց`Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ նշված դրույթը չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած կազմակերպության՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը: «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031