«Շուշի» հիմնադրամի հայտարարությունը
«Շուշի» հիմնադրամը արցախյան կազմակերպություն է, իրավական տեսանկյունից ճիշտ չի լինի պահանջել ՀՀ վարչապետի հրաժարականը: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ն հանդիսանում է արցախահայության անվտանգության երաշխավորը, ապա ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը (ԳԳՀ), որը ՀՀ վարչապետն է, պատասխանատվություն է կրում Արցախի Հանրապետության անվտանգության, նրա պաշտպանության հարցերում, ուստի եւ մենք՝ արցախցիներս, իրավունք ունենք նրա նկատմամբ արտահայտելու մեր պահանջները:
Հանրահայտ է, որ Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության զինված ուժերը ձեռք բերած ժամանակակից զինատեսակների տեսանկյունից պատրաստ չէին Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակմանը դիմակայելուն: Ռազմավարական եւ դիվանագիտական ասպարեզներում ՀՀ նախորդ գլխավոր հրամանատարներից բացի, լուրջ բացթողումներ է թույլ տվել նաեւ ներկա գլխավոր հրամանատարը՝ Նիկոլ Փաշինյանը, որը վճռորոշ էր պատերազմի արդյունքում:
Արցախ-Ադրբեջան-Թուրքիա 45-օրյա պատերազմում ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը, չունենալով համապատասխան պատրաստվածություն, իր անհարկի եւ սխալ որոշումներով միջամտել էր երկրամասի պաշտպանությանը մարտավարական, ռազմավարական եւ կադրային հարցերում, որոնք եւս նպաստել էին դաժան պարտությանն ու կենդանի ուժի զգալի կորուստներին:
Կարդացեք նաև
Երկրում օր օրի ահագնացող տնտեսական, քաղաքական, մշակութային եւ բարոյա-հոգեւոր ճգնաժամը լուրջ սպառնալիք է հայոց պետականության գոյությանը: Երկրում սկիզբ առած շարժումը, որի պահանջը պարտության հասցրած ռեժիմի ինքնահրաժարականն է, իր հերթին անիշխանության վտանգ է ներկայացնում: Անհրաժեշտ է գիտակցել, որ պատերազմն ամենեւին ավարտված չէ, եւ այն կարող է բռնկվել: Թշնամին հարձակումներ է գործում բնակավայրերի վրա, նոր հողատարածքներ գրավում, փորձում վերջնականորեն փակել Արցախի հետ ՀՀ-ն կապող միակ երակ-միջանցքը:
Իր հրամանատարության երկուսուկես տարիներին Նիկոլ Փաշինյանն արհամարհել է Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ մղվող տեղեկատվական պատերազմը, որը շատ կարեւոր էր նաեւ միջազգային հանրության կարծիքի վրա ներազդման գործում: Միայն մեկ օրինակ բերեմ: «Շուշի» հիմնադրամը անգլերեն լեզվով հազար օրինակ տպաքանակով հրատարակել էր «The 10 roots of Karabakh problem» գիրքը: Այն ներկայացրել էի նաեւ ՀՀ ԳԳՀ-ին, առաջարկելով ՀՀ ԱԳՆ համակարգով տարածել: Գիրքը ընդգրկում է պատմագիտական աղբյուրների հիման վրա Արցախի երեքհազարամյա պատմությունը, որի ընթացքում, երբ Մայր Հայաստանը զրկվում էր պետականությունից, ապա արցախցիները իրենց ինքնությունը, լեզուն, մշակույթը, տարածքային ամբողջականությունը պահպանելու նպատակով ստեղծում էին իրենց պետականությունը՝ համապատասխան ինստիտուտներով հանդերձ: ՀՀ ԱԳՆ-ն մերժեց գիրքը տարածելու առաջարկությունը: Իսկ միայն այդ գիրքը բավական էր, որ չեզոքացներ Բաքվի քարոզչամեքենայի կողմից տարածվող հարյուրավոր հրապարակումները: Նման օրինակները շատ շատ են:
Ի նկատի ունենալով այս հանգամանքները, Հիմնադրամի խորհուրդը հանգել է այն եզրակացության, որ Նիկոլ Փաշինյանի մնալը ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում խիստ վտանգավոր է երկրի հետագա ճակատագրի հարցերում, ուստի եւ պահանջում է Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը:
«ՇՈՒՇԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԽՈՐՀՈՒՐԴ
14.12.2020թ.
«Առավոտ» օրաթերթ
15.12.2020