Լրահոս
Օրվա լրահոսը

«Ողբերգություն չեմ ապրի, եթե Բաքուն փակվի իմ առջեւ»

Դեկտեմբեր 16,2020 13:00

Հարցազրույց աշխարհահռչակ շեփորահար Կիրիլ Սոլդատովի հետ

– Պատերազմից հետո դուք առաջին հյուրախաղորդ երաժիշտն եք, որն այցելեց մեր երկիր եւ հանդես եկավ հայաստանյան երաժշտական կոլեկտիվներից առաջինը հանդիսատեսի առջեւ իր դռները բացած ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ…

– Ես Հայաստան եմ այցելում արդեն չորրորդ, թե հինգերորդ անգամ եւ ինձ հյուրախաղորդ չեմ համարում։ Այս կապակցությամբ «մեղավորները» շատ են՝ ձեր անկրկնելի մշակույթը, խստապահանջ հանդիսատեսը, հյուրընկալությունը… Ոչ միայն Ռուսաստանում, այլեւ աշխարհում ունեմ հիանալի հայ ընկերներ։ Ի վերջո, մեր երկրներն ունեն միմյանց հետ բարեկամաբար շփվելու, հարաբերվելու պատմություն։ Հիացած եմ ձեր ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի պրոֆեսիոնալիզմով, որում անկասկած անփոխարինելի է մաեստրո Էդուարդ Թոփչյանի դերը։ Իհարկե ես չէ, որ պետք է ձեզ ներկայացնեմ մաեստրոյին, բայց մի հանգամանք նշեմ. երբ ստացա հրավերը, մի պահ իսկապես սարսռեցի։ Կարծում եմ՝ ե՛ւ ձեր, ե՛ւ ձեր ընթերցողի համար հասկանալի պատճառով։ Կրկնում եմ՝ դա տեւեց ընդամենը մեկ պահ։ Իսկ երբ ծանոթացա ծրագրին՝ Խաչատրյան. 2-րդ սիմֆոնիա, Հարությունյան. Շեփորի կոնցերտ, արդեն որերորդ անգամ համոզվեցի, որ Թոփչյանը պարզապես տաղանդավոր է։ Տեսեք, Շոստակովիչի, Հոնեգերի եւ այլ կոմպոզիտորների «պատերազմական» սիմֆոնիաների կողքին Խաչատրյանի այս ստեղծագործությունը վաղուց դարձել է Հայրենական մեծ պատերազմի գեղարվեստական ամենանշանակալի հուշարձանը։ Այս երկում ես կառանձնացնեի երրորդ մասը, որի հիմքում ընկած «Որսկան ախպեր» ժողովրդական երգն ընկալվում է որպես իրենց զավակների մահը սգացող մայրերի ընդհանրացված կերպար։ Իսկ սիմֆոնիայի սկզբում զանգերի ղողանջը, ի դեպ, այս ստեղծագործությունը հայտնի է «ղողանջներով սիմֆոնիա», հնչում է որպես տագնապի ահազանգ… Շոստակովիչը ժամանակին գրել է, որ խաչատրյանական այս սիմֆոնիայում բարձունքի է հասնում ողբերգականությունը։ Ինչ վերաբերում է Հարությունյանի Շեփորի կոնցերտին, ես այն կատարել եմ Եվրոպայի, Ամերիկայի, Արեւելքի շատ երկրներում, ձայնագրել Գերմանիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում եւ ԱՄՆ-ում։ Ինձ համար պատիվ է, որ այն ներկայացրի կոմպոզիտորի հայրենիքում եւս։ Այս կոնցերտն ունի հիանալի մեկնաբաններ՝ ի դեմս հռչակավոր երաժիշտներ Մորիս Անդրեի, Բեռնար Սուստրոնի, Արթուրո Սանդովալիի, Սերգեյ Նակարյակովի, ի վերջո՝ Ուինսթոն Մարսալիսի։

– Ժամանակին ամերիկացի հայտնի շեփորահար Մարսալիսը ձեր արվեստին հետեւյալ գնահատականն է տվել` այս տղայի նմանները հարյուր տարին մեկ են ծնվում։

– Հիշում եմ՝ ընդամենը 11 տարեկան էի, երբ մաեստրո Մարսալիսը ժամանել էր Մոսկվա, ես էլ մասնակցեցի նրա վարպետության դասերին։

– Իհարկե շրջել եք ողջ աշխարհը, հանդես եկել հեղինակավոր նվագախմբերի եւ ճանաչված դիրիժորների հետ, բայց չմոռանանք, որ իբրեւ ապագա աշխարհահռչակ երաժշտի, առաջին դասերն առել եք Մոսկվայում՝ Արամ Ազարյանի դասարանում…

– Այ, հենց առաջին դասից, իսկ դա 1990-ականների սկիզբն էր, առանց չափազանցության պրոֆեսորիս հետ հանդիպման առաջին պահից սկսեցի շփվել ոչ միայն հիանալի մասնագետի, ուսուցչի, այլեւ մեծ հայի հետ։ Երաժշտական դպրոցում ուսանելու տարիներին դասերս ունեին սկիզբ, բայց ոչ ավարտ։ Ես նաեւ ծանոթանում էի հայկական խոհանոցին՝ պրոֆեսորիս միջոցով։ Դե պատկերացրեք՝ 4, 5, 6, 8 ժամ տևողության դասաժամերը տրամաբանական է, որ պետք է ունենային նաեւ ընդմիջումներ։ Առաջին անգամ 7 տարեկան էի, երբ համտեսեցի հայկական լավաշը։ Իհարկե, դա էլ է մշակույթ, բայց վերադառնամ երաժշտական մշակույթին։ Արամ Ազարյանը նաեւ հիանալի կոմպոզիտոր էր եւ ինձ վստահում էր իր որոշ ստեղծագործությունների առաջին կատարումները։ Առաջին կատարողն եմ հանդիսացել նաեւ կոմպոզիտորներ Սամոնովի, Օբնովի, Բրոների եւ այլ կոմպոզիտորների երկերի։

– Դուք այս պահին ազա՞տ արվեստագետ եք…

– 17 տարեկանից Սպիվակովի ղեկավարած Ռուսաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար եմ։ Դրան զուգահեռ ելույթներ եմ ունենում Ռուսաստանի եւ արտերկրի առաջատար շատ նվագախմբերի հետ։ Եթե հետաքրքիր է՝ նշեմ, որ նաեւ բեմ եմ բարձրանում Սպիվակովի նվագախմբի երաժիշտներից կազմված կվինտետի ընկերակցությամբ եւ այլն։ Ես 5-6 տարի է՝ ինչ դասավանդում եմ Գնեսինների անվան մասնագիտական երաժշտական դպրոցում։

– Փաստորեն ազատ արվեստագետ չեք, գիտենք նաեւ, որ համագործակցում եք պրոդյուսերի հետ։

– Իրավացի եք։ Վերջին շրջանում մենահամերգներիս մասով զբաղվում է տիկինս՝ մասնագիտությամբ դաշնակահար Օլգա Կալիստրատովան։

– 21-րդ դարում շատ է խոսվում երաժշտության եւ բիզնեսի այսպես կոչված փոխհամագործակցության մասին եւ թույլ տվեք նկատել, որ այդ երկու ոլորտները ձեր ընտանիքում կողք կողքի են, ենթադրում ենք՝ համերաշխ։

– Բարդ է այդ հարցին պատասխանելը, բայց պետք է նշեմ, որ աշխարհում երաժիշտը կախված է իր պրոդյուսերից։ Թույլ տվեք առանց մանրամասնելու ցավով փաստել, որ հաճախ գլխավորը ոչ թե երաժիշտն է, այլ պրոդյուսերը։

– Ընդունված է ասել, որ երաժիշտը չի զբաղվում քաղաքականությամբ…

– Մեծ հաշվով այդպես է։ Բայց ղարաբաղյան պատերազմի օրերին ես եւ տիկինս անընդհատ ամենօրյա շփման մեջ էինք հայազգի մեր ընկերների հետ։ Այսպիսի մի արտահայտություն էլ կա՝ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում քեզնով։ Իհարկե, կարծիք հայտնելը դեռ քաղաքականություն չէ… Հաշվի առնելով ձեր՝ հայերիդ գենետիկան, տաղանդը, երկար ժամանակ չի պահանջվի դուրս գալու ստեղծված իրավիճակից։ Առաջին քրիստոնյա ազգն եք եւ ունեք հզոր մշակույթ, ինչն էլ եթե ոչ առաջին, ապա գոնե խթաններից մեկը կհանդիսանա, որ արագ ոտքի կանգնեք։

– Թվիթերի իր էջում հայազգի հանրահայտ երգչուհի Շերը օրերս գրառում է կատարել: Թույլ տվեք մի հատված մեջբերել. մութ օր է քրիստոնեության համար, ոչ ոք չի կանգնում առաջին քրիստոնյա ժողովրդի կողքին, քանի որ մեր ունեցածը միայն պատմություն է եւ մշակույթ ու արտահանելու ոչինչ չունենք…

– Ես համամիտ եմ։

– Հավանաբար գիտեք, որ այս 30 տարիների ընթացքում Հայաստան այցելած երաժիշտները անցանկալի անձ են Ադրբեջանի համար …

– Ես մշակույթի մարդ եմ, տարածում եմ բարություն ու ներդաշնակություն։ Ես ողբերգություն չեմ ապրի, եթե Բաքուն փակվի իմ առջեւ։ Այդ քաղաքում ընդամենը մեկ անգամ եմ բեմ բարձրացել, 2010թ.։

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
15.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031