Լրահոս
Օրվա լրահոսը

Գարիկը 3 ամսվա ծառայող էր, բայց որպես լավ կրակող, ստանձնել է ջոկի հրամանատարությունը

Դեկտեմբեր 16,2020 14:00

Դեկտեմբերի 9-ին Գարիկը կդառնար 19 տարեկան, բայց չհասցրեց, արցախյան վերջին պատերազմը նրանից խլեց անգամ ապրած տարիները: Այսօր արդեն նրա ծննդյան տարեդարձը հարազատներն առանց Գարիկի են նշում: Գարիկի զոհվելու մասին լուրը հարազատներն իմացել են նոյեմբերի 28-ին, բայց իրենց զինվորի հետ կապը կտրվել էր հոկտեմբերի 6-ից:

«Գարիկը վերջին անգամ զանգահարել է հոկտեմբերի 6-ին, դրանից հետո զանգ եւ լուր չենք ունեցել։ Մոտ տասն օր մտածել ենք՝ պատերազմ է` կզանգի, որովհետեւ այդ ժամանակ թեժ մարտեր էին ընթանում։ Կարծում էինք կապ չկա, բայց հետո սկսեցինք փնտրել՝ թեժ գիծ զանգահարեցինք, հիվանդանոցներ գնացինք, ամենուր փնտրում էինք»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է արցախա-ադրբեջանական պատերազմում զոհված Գարիկ Հովհաննիսյանի եղբայրը` Արամ Հովհաննիսյանը։

Եղբայրը չի հավատում, որ այս ամենն իրականություն է. «Գրպանում հեռախոսն է եղել, վզին՝ խաչը, հեռախոսը վերցրել են՝ Գարիկի հորեղբոր համարը գտել, զանգ տվել եւ ասել եղելությունը։ Սակայն հստակ՝ որ օրն է զոհվել, ցավոք, ոչ մեկս չգիտենք»։ Եղբոր խոսքով, Գարիկն ընդամենը 3 ամսվա ծառայող է եղել եւ ստիպված է եղել անգամ այդքան քիչ փորձով ընդգրկվել մարտական գործողություններում:

«Ծառայում էր Ջաբրայիլում։ Վերջին անգամ, երբ հոկտեմբերի 6-ին զանգել էր՝ Հադրութ էին տեղափոխել։ Թեժ մարտերի ժամանակ, որպես լավ կրակող ստանձնել է 7 հոգանոց ջոկի հրամանատարությունը։ Այդ ժամանակ հայկական համազգեստով ադրբեջանցիներ են հայտնվել, երբ հարցրել են` հա՞յ եք, ասել են այո, որից հետո առաջացել են եւ սկսել կրակել։ Սկզբում ոտքից է վիրավորում ստացել եւ չի կարողացել փախչի, այդ ժամանակ էլ մեջքից են կրակել եւ զոհվել է»,-պատմում է Արամը եւ ասում`երբ փնտրում էին Գարիկին, թեժ գիծ են զանգահարել, ասել են, որ նրա տվյալներով մի զինվորի Ստեփանակերտի հոսպիտալից վիրավոր տեղափոխել են Երեւան, այդ ժամանակվանից սկսել են փնտրտուքները։

Ոչ մի հիվանդանոց բաց չեն թողել, նույնիսկ դիահերձարաններ են գնացել. «Ինձ վատ էի զգում, որ իր համար կարող եմ հասնել անգամ դիահերձարան, բայց ավաղ, այդտեղից էլ գտանք։ Չէի ուզում հավատալ, որ Գարիկը կարող է զոհված լինել, մտածում էի ողջ է, ուղղակի չի կարողանում զանգել։ Իր հեռախոսահամարին էլ, որ զանգում էինք՝ զանգը գնում էր եւ տարբեր ժամանակ՝ տարբեր մարդիկ էին վերցնում, բայց, թե դա ինչպես էր լինում՝ չգիտեմ»:

Եղբորը նկարագրելիս ասում է` միամիտ էր, բայց համարձակ. «Բարի, խելացի, համեստ, նրան բոլորը ճանաչում եւ սիրում էին։ Կատակասեր էր, միշտ հումորներ էր անում։ Դպրոցում սիրված էր` թե դասընկերների, թե ուսուցիչների կողմից, բոլորն ափսոսանքով եւ ջերմությամբ են հիշում նրան: Ամեն Ամանորի՝ հունվարի 2-ին, սովորույթ դարձրած, հավաքվում էինք պապիկի տանն ու նշում տոնը, հիմա չեմ հավատում, որ այսուհետ մեզ հետ չի լինելու»,-ասում է Արամն ու կարոտով հիշում եղբորը։

Քույրը՝ Աննան պատմում է. «Գարիկն ուներ շատ բարդ բնավորություն, բայց երբեք ոչ մեկից չէր նեղանում։ Ես եւ Գարիկը ունեցել ենք շատ լավ մանկություն, միասին հաճախել ենք մանկապարտեզ, սովորել նույն դպրոցում։ Հիշում եմ` մի քանի օր էր մնացել, որ բանակ գնար, միասին երկար չարչարեցինք մեր մայրիկին։ Շատ էր ուզում ծառայել, ամեն օր ու ամեն ժամ սպասում էր զանգի, որ զանգեին ու ասեին` գնում ես բանակ։ Գարիկին բանակ ճանապարհելու օրը ես շատ էի տխրել, բայց մի կողմից էլ հպարտ էի, որ դառնալու եմ զինվորի քույր ու արդեն կարող էի ասել` ես զինվորի քույր եմ։ Գարիկին ճանապարհեցինք լավ տրամադրությամբ, բոլորս շատ ուրախ էինք, բայց Գարիկս շատ տխուր էր, ինձ գրկեց ու ասաց` խելոք կմնաս։ Հաջորդ օրը իմացանք, որ պիտի Արցախում ծառայի, շատ անհանգիստ էինք, բայց նա ուրախ էր, երբեք չէր դժգոհում»:

Քույրը պատմում է, որ պատերազմի անգամ ամենաթեժ օրերին Գարիկի հետ խոսելիս հարազատներին հանգստացրել է՝ սրտները փարատել. «Երբ հարցնում էին` ո՞նց ես, դիրքեր տարե՞լ են, ասում էր` լավ եմ, մի վախեցեք, էստեղ հանգիստ է»։ Զոհվելու մասին լուրն Աննան իմացել է նոյեմբերի 28-ին, երբ եղել է դպրոցում. «Գարիկս այս ընթացքում հասցրեց դառնալ հրամանատար։ Ընկերները պատմում են, թե ինչպես է փրկել շատերի կյանքը։ Խոստացել էր խաղաղություն բերել`բերեց ու դարձավ հավերժ զինվոր»:

Ասում է` ցավն անամոքելի է, բայց հպարտ է, որ հերոսի քույր է. «Ես միայն կարող եմ հպարտ ասել, որ հերոս Գարիկ Հովհաննիսյանի քույրն եմ»:

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031