«Այսօրվա տվյալներով 64 մարմին՝ 41-ը Ջեբրայիլից, 23-ը Ֆիզուլիից»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում Արցախից տեղեկացրեց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը: Նա եղբորն ու եղբոր որդուն է փնտրում Արցախում:
Արսեն Ղուկասյանը նշեց, որ հենց այդ պահին ինքը գտնվում է Արցախի կառավարության շենքի դիմաց, որտեղ անհետ կորածներին և զոհվածներին որոնողական աշխատանքներ իրականացնող խմբի անդամներն ամփոփում են այսօրվա տվյալները:
Նա ասաց, որ բոլոր գտնված մարմիններն արդեն դիահերձարանի տարածքում են. քննիչներն աշխատանքներ են կատարում: Արսեն Ղուկասյանը հավաստիացրեց՝ բոլորն անխտիր ԴՆԹ-ի ենթակա են:
Որոշ մանրամասներ ներկայացնելով Ջեբրայիլից և Ֆիզուլիից գտնված մարմինների վիճակի մասին՝ ասաց. «Մարմիններից մի մասը մի տոպրակ ոսկոր է. մի հոգին վերցրած տանում էր՝ մեկ կտոր բան»: Նա վստահեցրեց, եթե քննիչներն ավարտվեն գործողությունները, ում մոտ ինչ փաստաթուղթ առկա լինի, կոնկրետ եթե իմանան՝ ում մարմինն է, ինքն անպայման հրապարակային կերպով տեղյակ կպահի: Այնուհետև հայտնեց. «Վաղն էլ են որոշում տեսնեն նույն Ջեբրայիլի տարածքում ինչ կարող են գտնել: Փորձում են Մարտունի ու Հադրութ մտնել, բայց դեռ թույլ չեն տալիս, բայց Ֆիզուլի ու Ջեբրայիլ թույլ են տալիս մտնել: Առավոտյան շուտ կիմանամ տվյալները, եթե գոնե մեկի մոտ մի փաստաթուղթ լինի, մի անուն պարզ լինի, անպայման կիմանամ ու բոլորիդ տեղյակ կպահեմ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ